Ապրիլի 7-ից Երևանի բոլոր վարչական շրջաններում գործարկվեցին մայրաքաղաքի 1500 ցայտաղբյուրները: Դեռ նախորդ տարի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի ջրային կառույցների նորոգմանն ու գործարկմանը զուգահեռ՝ նորոգվեցին նաև կենտրոնական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում առկա բոլոր ցայտաղբյուրները: Դրանցից մի մասի գործարկման համար, ի դեպ, անհրաժեշտ եղավ հիմովին նորոգել ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը: Մինչև ուշ աշուն, մայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն երևանյան կոլորիտի այլևս անբաժան մաս կազմող ցայտաղբյուրները՝ զովացնելով ու հագեցնելով ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի ծարավը:
Քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ այսօր Հանրապետության հրապարակում երեկոյան ժամը 19:00-ին կազմակերպված տոնական համերգային ծրագրի շրջանակում, կգործարկվեն նաև Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու ջրային կառույցները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն