Այսօր վաղ առավոտյան մի քանի գյումրեցիներ`«Ժառանգություն» կուսակցության համակիրներ, արվեստագետներ, նույնիսկ դպրոցականներ Գյումրու Թատերական հրապարակից ոտքով ճամփա ընկան դեպի մայրաքաղաք` ապրիլի 9-ին մասնակցելու իրենց ընտրած նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալման արարողությանը: Վերջիններիս ուղեկցում էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Մեզ հետ զրույցում երթի տարիքով ամենափոքր մասնակիցը` Գրիգոր Թումանյանը, ով սովորում է 11-րդ դասարանում ասաց. «Ես գնալու եմ անպայման մասնակցեմ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմանը: Սերժ Սարգսյանը չի անցել նախագահական ընտրություններում, իսկ պաշտոնական թվերը դրանք ուղղակի նկարչություն էին: Ես կարծում եմ, որ երթի ընթացքում մեզ կհետևեն, որպեսզի անշնորհքություններ չլինեն, բայց չեն խանգարի, թույլ կտան, որ նորմալ տեղ հասնենք: Երթի նպատակը ավելի շատ ընտրակեղծիքի դեմ պայքարն է, գյումրեցիներից շատերը ուզում են գնալ Ազատության հրապարակ և գումար չունեն, այդպիսի մարդիկ ոտքով են գնում, մարդիկ էլ կան, որ ոգեշնչված, այսպես ասած լեննագանցու թասիբի ընկած գնում են: Գյուղերից ու մյուս քաղաքներից մեզ միացողներ հաստատ կան` Արթիկից, Մարալիկից, Թալինից»:
Երթին մասնակցում էին նաև արվեստագետներ, նկարիչներ, որոնք մեզ փոխանցեցին, որ պետք է ճանապարհին ստեղծագործեն: «Սա միայն բողոք չէ, սա ուղղություն է, որը ավելի շուտ էինք մտածել, բայց չէինք բարձրաձայնել: Միտքը, գաղափարը մեր խմբի միջից է դուրս եկել, տարածվել, բայց մենք ուզում էինք, որ էդ ճանապարհը բռնենք-գնանք` ի նկատի ունենալով նաև, որ խոչընդոտներ կլինեն ճանապարհին: Թող անվանենք նաև բողոքի ակցիա, բայց մեր խմբում կան արվեստագետներ, որոնք պետք է ստեղծագործեն, չնայենք սա միայն բողոք, որ գնացինք բողոքելու, ինչ-որ բան ապացուցելու: Բողոքել կարելի է ոչ միայն ճչալով, գոռալ-գոչալով, որ մենք եկել ենք էս ինչ նպատակով, այլ ստեղծագործելով: Թե երկու օրվա ընթացքում ինչ ստեղծագործություններ կլինեն, կտեսնենք, մեր արվեստագետները նկարելու են», -ասաց մեր զրուցակիցները:
Երիտասարդ նկարիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ առանց «ստեղծագործականության տարրի» երկրում ոչինչ չի փոխվի: Նշենք, որ երթի մասնակիցներին ոչ միայն եկել էին ճանապարհելու նրանց հարազատները կամ ծանոթները, այլ քաղաքի ոստիկանները: Երբ երթի մասնակիցները, դրոշակները ձեռքերին, սկսեցին շարժվել քաղաքի բանուկ հատվածներով, գյումրեցիները տարբեր գնահատականների արժանացրեցին: Ռիժկովի ճեմափողոցի մոտով անցնելիս հանդիպեցին տաքսու վարոդների, որոնք կատակեցին` ասելով. «էս ո՞ ւր էսպես, Երևա՞ն, գոնե մի քանի պասաժիրներ հետներդ տարեք»:
Կարդացեք նաև
Դատախազության շենքի մոտ ծաղկավաճառները գոռացին`« էդ հույսն էլ որ չլինի, ուրեմն գնանք ու գերեզմանոցում տեղ վերցնենք, այլևս անելիք չունինք»: Իսկ շուկայի առևտրականներից մի կին հետևներից գոռում էր, «էսքանովդ ի՞նչ պիտի անեք, կարո՞ղ եք հա էս երկրի զոռբաների վրա»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սա «Ժառանգությունը» չի կազմակերպել, այն բացարձակ ինքնակազմակերպված է , ինքանբուխ է, և ինքը այսօր երթի մասնակիցների հետ է քաղաքացիներից մեկի զանգով-խնդրանքով, ով իրեն էր դիմել մեկ շաբաթ առաջ: «Ես մեծ սիրով համաձայնեցի նրանց հետ լինել, թեև այսօր Երևան քաղաքում այլևս սկսվում է ավագանու քարոզարշավը, բայց ցանկացած դեպքում ես կարծում եմ հայրաքաղաքը մայրաքաղաքի հետ Հայաստանում փոփոխությունների սկիզբ է դրել: Այն հաղթանակը 70/30, որ պաշտոնական կար Գյումրիում, մենք այդ հաղթանակը այսօրվանից տանում ենք դեպի Երևան, որ ապրիլի 9-ին մենք մեկ անգամ ևս հաստատագրենք փետրվարի 18-ի հաղթանակը և մայիսի 5-ին այլևս պաշտոնական այս հարաբերակցությունը նաև Երևանում լինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բարի երթ հաղթական առաքելության:
Աստված ձեզ պահապան:
Ժողովուրդ ջան,ախր ինչի՞ էսքան քիչ….
77 տոկոս գրված պաստառով ու այդքան քիչ մարդկանցով Գյումրեցուն պատիվ չի բերում,հաղթանակի գրավականը ձեր միասնության մեջ է : ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԻԱՎՈՐՎԵՔ և հոծ բազմությամբ հանդես եկեք Երևանում: Դա շատ անհրաժեշտ է ,հավատացեք եւ մի վախեցեք