NEWS.am-ի հարցազրույցը Երեւանի քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի հետ:
Պարոն Մարգարյան, մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որտեղ կան Երեւանի քաղաքապետի յոթ թեկնածուներ: Ինչպե՞ս եք Դուք պատրաստվել ընտրարշավին:
Գիտեք, ես, որպես գործող քաղաքապետ, անգամ ընտրարշավի ընթացքում պատասխանատու եմ մայրաքաղաքի բնականոն գործունեության համար, երեւանցու առօրյա հոգսերը թեթեւացնելու համար, մեր քաղաքը ավելի լավը դարձնելու համար: Այսինքն, բացի ընտրարշավից, ես ունեմ ոչ պակաս կարեւոր այլ պարտավորություններ , որոնք շարունակելում եմ կատարել:
Այնուհանդերձ, ինչպե՞ս եք գնում ընտրությունների:
Կարդացեք նաև
Երկու բառով եթե ասելու լինեմ` պարզ ճակատով: Իհարկե, Երեւանում դեռ կան բազում չլուծված խնդիրներ, որոնց ես տեղյակ եմ առավել քան որեւէ մեկը: Իմ ամենօրյա շփումները երեւանցիների հետ թույլ են տվել անձամբ ծանոթանալ մեր բնակիչների հոգսերին ու առավելագույն կերպով փորձել թեթեւացնել այս հոգսերը: Կարծում եմ, անգամ մեր այսօրվա ընդդիմախոսները, երբ մնում են իրենց նեղ շրջապատում, առանց լրատվամիջոցների, հաճախ խոստովանում են, որ Երեւանը փոխվել է եւ փոխվում է: Եվ դեռ չլուծված խնդիրները չեն ստվերում կատարած աշխատանքը: Անհամեստություն չդիտարկվի, բայց պետք է նշեմ, որ վերջին տարիներին ես եւ մեր թիմը աշխատել ենք բացառապես երեւանցու եւ Երեւանի համար:
Այս ընտրություններում ՀՀԿ-ի կարգախոսն է՝ «Ավելի լավ Երեւան»: Ինչպե՞ս եք պատկերացնում ապագայի ավելի լավ Երեւանը:
Մեր նախընտրական ծրագիրը ունի մի քանի առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է այլ ուժերի ծրագրերից: Նախ, այն յուրահատուկ հաշվետվույթյուն է կատարած աշխատանքների մասին: Ես հաշվետու եմ երեւանցիների առջեւ եւ ներկայացրել եմ հստակ եւ ազնիվ հաշվետվություն մեր բնակիչներին: Երկրորդ, մեր նախընտրական խոստումները միայն խոստումներ չեն, այլ առկա խնդիրների գիտակցված, արժանահավատ եւ խոր ուսումնասիրված լուծումների առաջարկություններ: Եվ երրորդը, չնայած ընտրություններին մասնակցում են քաղաքական կուսակցությունները, բայց փաստացի եւ իրականում Երեւանի քաղաքապետարանը պետք է ղեկավարեն մարդիկ, որոնք գիտեն քաղաքային տնտեսությունը, գիտեն երեւանցու առօրյան, իր հոգսերը, գիտեն Երեւանի բակերը, փողոցները, շենքերը, պուրակները, ոռոգման ցանցը, խաղահրապարակները եւ այլն: Եվ մեր ծրագիրը քաղաքական չէ, իսչպես քաղաքական չեն ընտրությունները: Իսկ մեր միակ նպատակը երեւանցու հարմարավետ եւ արժանապատիվ կյանքն է մեր բոլորիս կողմից սիրված քաղաքում: Եթե ոմանց համար նպատակը Երեւանի վրա իշխելն է, ապա մեր նպատակը երեւանցիները կյանքը թեթեւացնելն է: Սա լուրջ եւ սկզբունքային տարբերություն է:
Շատերը համարում են, որ Դուք սիրված եք քաղաքում: Մարդկանց մի մասը նշում է Ձեր կատարած աշխատանքը, մյուսները՝ Ավանում կատարած Ձեր գործերը: Որն է Ձեր հաջողության գաղտնիքը:
Չեմ ցանկանում ինքս իմ մասին խոսել: Հարգել մարդկանց, քրտնաջան աշխատել եւ խղճիդ առաջ ազնիվ ու մաքուր լինել: Ես հաշվետու եմ նաեւ իմ հոր եւ իր հիշատակի առջեւ:
Երեւանի քաղաքապետի թեկնածուների շարքը շատ տպավորիչ է՝ նախկին քաղաքապետ, նախկին արտգործնախարար, նախկին պատգամավոր, գործող նախարար, գործող պատգամավոր: Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր մրցակիցներին:
Հարգում եմ բոլոր հավակնորդներին: Հույս ունեմ, որ ընտրարշվաի ընթացքում նրանք չեն անցնի բարոյականության եւ պարկեշտության շրջանակը: Ես եւ մեր թիմը կողմնակից ենք բացառապես ազնիվ եւ արդար մրցության, առանց վիրավորանքների, առանց կեղծիքի, առանց ստի, առանց չարության: Տա Աստված, այդպես վարվեն նաեւ մնացածը: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր իրենց անձը բարձրացնելու համար կարիքն ունեն դիմացինին մրոտելու եւ վիրավորելու: Ուժեղներն այդպես չեն վարվում:
Պարոն Մարգարյան, Դուք նաեւ երջանիկ հայր եք, հինգ երեխա ունեք:
Գիտեք, Հայաստանի միակ հարստությունը մարդն է, իսկ մարդու իրական հարստությունը` երեխաները: Ես ուզում եմ, որ մեր երկիրը այս առումով նույնպես ավելի հարուստ լինի:
Էլի՞ եք ուզում երեխաներ ունենալ:
Թույլ տվեք հիմա չխոսել այդ մասին:
Դուք ասում եք` ընտրեք ՀՀԿ-ին, ես կշարունակեմ աշխատել որպես քաղաքապետ եւ մենք կունենանք ավելի լավ Երեւան: Կարո՞ղ եք թվարկել երեք առաջնահերթ ուղղություններ Ձեր ապագա աշխատանքի համար:
Մայրաքաղաքը մի մեծ ընտանիք է ու բոլոր քաղաքացիերի բոլոր խնդիրներն էլ կարեւոր են: Եթե թվարկելու լինեմ միայն երեքը ապա կասեմ հետեւյալը.
Աղբահանություն. Նախատեսում ենք Միջազգային չափանիշներին համապատասխան աղբահան, փողոցները մաքրող եւ լվացող, ձնահավաք մեքենաների ձեռք բերում եւ շահագործում, աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկության հիմնում
Երեւանի համաչափ զարգացում. Մեր ծրագրերն ընդգրկում են մեր քաղաքի բոլոր վարչական շրջանները: Երեւանցիները քաղաքի բոլոր մասերում պետք է արժանապատիվ կյանքի պայմաններ ունենան:
Կանաչապատում. Նոր այգիների հիմնադրում եւ զբոսայգիների վերականգում, կանաչ տարածքների վերականգնման շարունակականություն, ընհանուր օգտագործման կանաչ տարածքի ավելացում, ոռոգման ցանցի ընդլայնման, անտառվերականգնման ծրագիր:
Իհարկե, մենք ունենք հստակ մշակված, իրատեսական ծրագրեր քաղաքային կյանքի նաեւ մնացած ոլորտների համար:
Ես վստահ եմ, որ երեւանցին մայիսի 5-ին ընտրելու է մանկական խաղահրապարակ, անվճար մանկապարտեզ, ջեռուցվող դպրոց, ասֆալտապատ փողոց, բարեկարգ շենք ու բակ, աշխատող վերելակ, հասանելի տրանսպորտ, մի խոսքով` ավելի լավ Երեւան:
Տարոնը անկեղծ չի, երբ խոսում է ազնվությունից: Բոլորս գիտենք,՝ թե՛ աներձագը ինչպես ընտրվեց:
Դա արդեն բավական է ազնվության մասին չխոսել: