Անհատ ձեռներեցը խուսափել է քրեական հետապնդումից եւ հարկերից
Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Վլադիմիր Մաթեւոսյանը 2008 թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ տարածք է ներմուծել 40 տոննա մանդարին՝ 14 միլիոն 728 հազար 894 դրամ մաքսային արժեքով: Ներմուծված մանդարինն իրացնելու նպատակով նա նույն թվականի դեկտեմբերի 8-ին գրանցվել է որպես անհատ ձեռներեց եւ հաշվառվել Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչությունում: Դրանից հետո Մաթեւոսյանը մանդարինն իրացրել է Երեւանի «Մալաթիա» տոնավաճառում, սակայն տարածքային հարկային տեսչություն հաշվետվություններ չի ներկայացրել:
Անցկացված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ՝ նրա հարկային պարտավորությունը կազմել է 4 միլիոն 114 հազար 700 դրամ, որից հարկի գումարը՝ 3 միլիոն 75 հազար 300 դրամ: 2009թ. հուլիսի 7-ին տված բացատրության մեջ Վ. Մաթեւոսյանը նշել է, որ նշված հարկային պարտավորություններն առաջացել են իր կողմից հաշվետվություններ չներկայացնելու հետեւանքով: Վ. Մաթեւոսյանը չի առարկել, որ իր նկատմամբ կիրառվի «Համաներում հայտարարելու մասին» ԱԺ 2009թ. հունիսի 19-ի որոշումը, որով նա փաստորեն ընդունել է իր կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություն կատարելու հանգամանքը: Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության հետաքննիչի 2009թ. հուլիսի 22-ի որոշմամբ Վ. Մաթեւոսյանի կողմից հաշվետվություններ չներկայացնելու միջոցով հարկային պարտավորությունները կատարելուց խուսափելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է :2012թ. նոյեմբերի 30-ին տված բացատրության մեջ Վ. Մաթեւոսյանը հայտնել է , որ ինքը հանցագործությամբ պատճառված վնասը չի վերականգնել՝ համապատասխան դրամական միջոցներ չունենալու պատճառով: 2012թ. դեկտեմբերի 20-ին Տավուշի մարզի դատախազությունը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան պետությանը պատճառված 3 միլիոն 75 հազար դրամ վնասը Վ. Մաթեւոսյանից բռնագանձելու պահանջով:
Գործի քննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը միջնորդել է հայցային վաղեմության կիրառմամբ հայցը մերժել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով, որպես հայցային վաղեմության ընդհանուր ժամկետ, սահմանված է 3 տարին: Դատարանը համարել է, որ հայցվորը պետության խախտված գույքային իրավունքների պաշտպանությամբ դատարան է դիմել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի ավարտից՝ 2012թ. դեկտեմբերի 17-ից հետո, հայցադիմումը դատարանում ստացվել եւ մուտքագրվել է 2012թ. դեկտեմբերի 20-ին: Այդ պատճառով 2013թ. ապրիլի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը մերժել է հայցը: Վճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ