Վաղը` ապրիլի 7-ին, մեկնարկում է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը:
«Բարեւ Երեւան» դաշինքը իր քարոզարշավը կսկսի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում (Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց) գտնվող փոքրիկ պուրակից, որտեղ, ժամը 15:00-ին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակի անդամները մաքրելու ու ծաղկապատելու են տարածքը: Հիշեցման կարգով նշենք, որ այս պուրակում 2007թ.-ին քաղաքապետի թողտվությամբ պետք է ապօրինի կառուցապատում իրականացվեր, ինչը կանխվեց շրջակա շենքերի բնակիչների եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների համատեղ պայքարի արդյունքում. պատգամավորներ, ովքեր այժմ «Բարեւ Երեւան» դաշինքի առաջատարներն են:
«Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական շտաբի
լրատվական ծառայություն