Մեկնարկում է Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի թատերական գործիչների միությունը ապրիլի 6-13-ը անցկացնում են Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա այսօր` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` «Ջոն արքա» բեմադրությունով: Այս մասին այսօր` Press Master մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ հավելեց, որ փառատոնն այս տարի նվիրվելու է վերջերս անժամանակ կյանքից հեռացած, փառատոնի համահիմնադիր, հայտնի շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկու հիշատակին:
«Տարբոր տարիներին փառատոնը հյուրընկալել է աշխարհի հզորագույնների ներկայացումները, բայց ժամանակը ցույց տվեց, որ առաջնահերթությունը պետք է տալ մոնո ժանրին, որովհետեւ այն տեսակով շատ հետաքրքիր է»-ասաց պարոն Ղազանչյանը:
Ինչ վերաբերում է «Ջոն արքային», Ղազանչյանի հավաստմամբ` այն հաջողությամբ ցուցադրվել է «Գլոբուս» թատրոնում` Շեքսպիրին նվիրված համաշխարհային թատերական ֆորումի շրջանակում:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը, կարեւորելով միջազգային փառատոնների, հատկապես` «Շեքպիրյանի դերը, նշեց, որ Շեքսպիրի գործերն այսօր էլ արդիական են. «Վստահ եմ, որ Շեքսպիրի անունը փառատոնն իր բովանդակությամբ կարդարացնի իրեն»:
Փառատոնի մասնակից-դերասան Լուիջի Չերրին ասաց, որ փառատոնին հանդես է գալու «Օթելլո» ներկայացումով. «Ներկայացումն ինքս եմ թարգմանել իտալերեն, որովհետեւ իտալացի եմ, բացի այդ` իտալերենը հարմարեցված է այդ պատմությանը: «Օթելլոն» «եռացող արյան պատմություն» է: Բոլոր հերոսներին մարմնավորում եմ ես: Դա յուրահատուկ է եւ դժվար, որովհետեւ երկար փորձեր ու խիստ կենտրոնացում է պահանջում: Դա մյուս կողմից պաշտպանում է դերասանին, որովհետեւ երբ հետեւում ես Օթելլոյի էմոցիաներին, հնարավոր է` խելագարվես»:
Դերասանն ասաց, մարմնավորելու է նաեւ կանանց կերպարները: Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես է Չերին «խեղդելու Դեզդեմոնային, դերասանը պատասխանեց` «առարկաներ օգտագործելով»:
Փառատոնի շրջանակում Երևան է ժամանել նաեւ Անջեյ Ժուրովսկու այրին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ