ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամասի Բերգստրասե տարածաշրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին և նույն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերանին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ողջունել է հյուրերին և ներկայացրել հայ-գերմանական առնչությունները գյուղատնտեսության բնագավառում , կարևորել գերմանացի գործարարների Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը: Սերգո Կարապետյանն առանձնակի գոհունակությամբ է անդրադարձել Բրայան Ֆերանի կողմից Հայաստանի գյուղատնտեսության մեջ կատարած ներդրումների փաստին:
«Դուք փաստորեն այսօր մեր խոշոր ֆերմերներից եք, ունեք պտղատու և խաղողի բավականին մեծ այգետարածքներ: Դա հիանալի է: Սակայն Հայաստանի գյուղատնտեսությունը ունի չօգտագործված մեծ ներուժ, և մենք ուրախ կլինենք գերմանացի այլ ներդրողների ևս ընդգրկելու այդ գործընթացներում»,- նշել է նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հյուրերը ընդգրկուն համագործակցության առումով կարևորել են Հայաստանի մասին պատմող տեղեկատվության դերը, առաջարկել Հեսսենի երկրամասում կազմակերպել Հայաստանի գյուղատնտեսությանը նվիրված միջազգային խորհրդաժողով և վերջինիս աշխատանքներին մասնակցելու համար նախարար Սերգո Կարապետյանին հրավիրել իրենց երկրամաս:
Կարդացեք նաև
«Ֆորումի նյութերն ու Հայաստանի գյուղատնտեսության մասին պատմող տեղեկատվությունը մենք կտեղադրենք տեղական կայքէջերում, նպաստելով Հայաստանի բարեկամների ավելացմանը»,- նշել է պարոն Ֆերանը:
Սերգո Կարապետյանը գոհունակությամբ է արձագանքել առաջարկությանն ու հրավերին և պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել համագործակցության ցանկացած դրսևորման:
Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հյուրերին` ուսումնասիրել Հայաստանում սննդի անվտանգության ժամանակակից լաբարատորիայի ստեղծմանն ու խոզաբուծական խոշոր համալիրի հիմնադրմանն օժանդակելու հնարավորությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն