Tom Collins PUB-ում այսօր ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղի առաջին մասը:
Ծրագրին իրենց մասնակցությունն ունեցան տարբեր բուհերի` մարքեթինգ, գովազդ, բիզնես, PR կամ այլ նման մասնագիտություններ ունեցող ուսանողներ: Տարիքային սահմանափակումներ չկան և յուրաքանչյուր ուսանող կարող է իր մասնակցությունն ունենալ այս ծրագրին` օգտագործելով իրենց ինտելեկտուալ մտածողությունը, բայց լավագույն տասը հնարավորություն կունենան շարունակելու պայքարը` տնտեսագիտական-տրամաբանական տեստ լրացնելուց հետո:
Aravot.am-ի հետ զրույցում «Մարքեթինգի հայկական ակումբ»-ի նախագահ Տարոն Պարսամյանն ասաց. «Գաղափարը վաղուց կար, սակայն ժամանակ էր հարկավոր մշակելու համար: Քանզի ստանալ ՀՀ տնտեսության ճյուղերից մեկի սիմուլյատորը բավականին դժվար էր: Խաղը իրենից ներկայացնում է բիզնես գործունեության սիմուլյատոր, որում յուրաքանչյուր ուսանող հանդես է գալիս որպես պայմանական բիզնեսմեն: Խաղի ընթացքում յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես 5000 մ² ավազան և նախնական 10մլն դրամ ունեցող գործարար: Որն էլ պայմանական տարիների ընթացքում կարող է զարգանալ կամ ընդհակառակը ֆիասկոյի ենթարկվել: Խաղի ընթացքում հնարավորություն է ստեղծվում գնել տարբեր տեսակի կերեր, որոնցից յուրաքանչյուրը տարբեր արժողության է, կարող է արտահանում կազմակերպել, տարբեր սարքերից օգտվել, որոնք թթվածին կարող են ավելացնել ավազանին: Ինչպես նաև պետական բանկից վարկ վերցնել, ավանդ դնել: Յուրաքանչյուր տարում ամենաքիչ եկամուտ ունեցող գործարարի ունեցվածքը դրվում է աճուրդի»:
Ահա այս բոլոր պահանջները հաղթահարելուց հետո, վերջին երեք մասնակիցներն, ովքեր կունենան մեծ կապիտալ, կճանաչվեն հաղթողներ: Իսկ այստեղ հարկավոր է բիզնես հոտառություն և արագ կողմնորոշվելու հմտություն:
Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին, և ինչպես ծրագրի ղեկավարներից Աննա Ալոյանն ասաց. «Հայաստանում ձկնաբուծությունն արդիական, նոր զարգացող, շարժի մեջ գտնվող ոլորտ է: Մենք էլ որոշեցին սկսել այս ոլորտից, բնականաբար ուսումնասիրեցինք այդ շուկան` մասնագետների հետ երկարատև քննարկումներ, որից հետո էլ եկանք եզրակացության, որ ընտրենք այս ոլորտը»:
Ծրագրի ղեկավարներից Անուշ Խաչատրյանն էլ հավելեց. «Ինչ-որ չափով խաղի մեջ շոշափվելու է նաև արտահանման խնդիրը ձկնաբուծության ոլորտում, այսինքն ավելի բարձր միավոր հավաքած մասնակիցը նաև արտահանման իրավունք է ստանում: Խաղի մեջ մենք ներառել ենք այնպիսի տարրեր, որոնք թույլ են տալիս ուսանողներին` մեր երիտասարդ մասնակիցներին, էլ ավելի պատկերավոր պատկերացնել բիզնես գործընթացները»:
Գրականություն շատ կա, բոլորս էլ կարդում ենք, սովորում, բայց իրական կյանքում չգիտենք ինչպես օգտագործել ստացած գիտելիքները: Աննա Ալոյանը նշեց. «Մեր առաջին հիմնական նպատակն այս ոլորտում` առաջինը լինելով հանդերձ, ապահովել ուսանողների մոտ պրակտիկ կիրառություն իրենց գիտելիքների, հնարավորություն տալ այս հարթակում փորձել գոնե առայժմ խաղի տարբերակով»:
Ապրիլի 13-ին տեղի կունենա Businessgame-ի առանցքային փուլը: Լավագույնները կստանան հավաստագրեր և պատվոգրեր: Ամենահաջողակ 3 գործարարները կստանան գումարային պարգևներ և արժեքավոր մրցանակներ (1-ին տեղ` 100.000 դրամ, 2-րդ տեղ` 50.000 դրամ, 3-րդ տեղ` 25.000 դրամ): Businessgame-ի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մարքեթինգի հայկական ակումբը»:
Արմինե Համբարձումյան