Իսպանիայում մարտի 24-27-ը կայացած հեղինակավոր միջազգային մրցույթից դասական մեներգիչ, Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի շրջանավարտ Կարեն Զոհրաբյանը վերադարձել է «Գրան Պրիով»: Այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց մեներգիչը: Նա տեղեկացրեց, որ կատարել է Բիքսիոյի Parlami D’amore, mariu-ն, «Էրեբունի-Երևանը», իսկ գալա-համերգի ժամանակ` Կյարայի La spagnola-ն:
Զոհրաբյանն ասաց, որ համագործակցության առաջարկ է ստացել իսպանական «Ֆլամինգո» հայտնի խմբից: Կարեն Զոհրաբյանը հավաստիացրեց, որ մրցույթի հայտնի մասնագետներից բաղկացած ժյուրին անշահախնդիր էր գնահատում մասնակիցներին:
Մեներգչի պրոդյուսեր, Կոնսերվատորիայի դոցենտ, «Հայաստանի ֆոլկլյոր հիմնադրամի» ներկայացուցիչ Սամվել Գալստյանը նշեց, որ Զոհրաբյանի հետ համագործակցում է արդեն մեկ տարի: Նա ասաց, որ հիմնադրամը եվրոպական 57 երկրների հետ անդամակցում է Եվրոպայի փառատոնային ասոցիացիային. «Այդ կերպ ինտեգրվում ենք եվրոպական կառույցներին եւ աջակցում մեր հայրենակիցներին` միջազգային տարբեր փառատոններում մասնակցության համար: Մասնակիցներին ընտրում ենք նեղ մասնագիտական պրոֆեսիոնալ մոտեցմամբ»:
Պարոն Գալստյանը փաստեց, որ Իսպանիայում Կարենին մուտքի արտոնագիրը դժվարությամբ են տրվել. «Դժվարություններ ունեցել ենք նաեւ անցյալ տարի` Իտալիայի դեսպանատան հետ, չնայած ի ուրախություն մեզ, հազիվ ենք հասցրել Հունաստան-Իտալիա նավին: Բայց մենք ինչո՞վ ենք տարբերվում մյուս մասնակիցներից. չէ՞ որ ուզում ենք մասնակից լինել եվրոպական ընտանիքին»: Պրոդյուսերը խնդիրը չի տեսնում Հայաստանի դիվանագիտական քաղաքականության մեջ»:
Կարդացեք նաև
Կարեն Զոհրաբանը մայիսին նաեւ Վառնայում է մասնակցելու մրցույթի, որը կազմակերպվել է Վառնայի քաղաքապետի նախաձեռնությամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ