Լրահոս
Օրվա լրահոսը

Մե՞նք պետք է Եվրոպային հուշեինք, որ Խաչատրյանը համաշխարհային մեծության դասական է

Ապրիլ 06,2013 13:30

Մեր մեծերի հոբելյանները միշտ չէ, որ «միջազգայնացվում են»: Այս տարի լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110- ամյակը: ՀՀ կառավարությունը միջոցառումների ողջ ծրագիրը շրջանակել է միայն մեր պետության սահմանները: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ իտալացի ճանաչված ֆլեյտահար, Եվրոպական փառատոնային ասոցիացիայի փոխնախագահ Մասիմո Մերչելին (լուսանկարում) տեղեկանալով, որ այս տարի Խաչատրյանի հոբելյանն է, նախ նշեց, թե իրենց կազմակերպությունը տարվա ընթացքում անցկացնում է 90 փառատոն եւ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի դասական երաժշտության Երեւանյան միջազգային փառատոնն էլ ասոցիացիայի անդամ է: Ապա ափսոսանք հայտնեց, ասելով. «Եթե մենք նախապես տեղեկացված լինեինք Խաչատրյանի հոբելյանի մասին, բնականաբար, փառատոներից մեկը  կնվիրեինք հայ  կոմպոզիտորին, օրինակ՝ հենց մոտ ժամանակներս Բուդապեշտում մեկնարկելիք միջոցառումը»: Մտորելու խնդիր է՝ մե՞նք պետք է Եվրոպային հուշեինք, որ Խաչատրյանը համաշխարհային մեծության դասական է, թե՞, այնուամենայնիվ, ասոցիացիան  պետք է իմանար հոբելյանի մասին:

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում   Մասիմո Մերչելին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ,  106-րդ անգամ հնչեցրեց Ջովանի Սոլիմանիի «Կոնտրաֆակտուսը»: Երաժիշտն ասաց, որ շուրջ 35 տարի անց սա իր երկրորդ այցն է Հայաստան, նկատելով, որ թեեւ այսօր Երեւանի, կոնկրետ՝ կենտրոնի ընդհանուր տեսքը փոխված է՝ նմանվելով եվրոպական երկրների, սակայն ինչպես առաջին այցի ժամանակ, հիմա էլ չի փոխվել հայ մարդու ջերմությունն ու ընդունելությունը:

Մեր զրուցակիցը նշեց, որ կարիերայի սկզբից մշտապես անպակաս է եղել շփումը հայ երաժիշտների հետ: «Հայերիդ միայն յան-ով ավարտվող ազգանունով միանգամից տարբերակում ես այլազգիներից: Մինչ 2001թ. հյուրախաղերի ընթացքում եւ այդ  թվականից հետո, երբ անդամագրվեցի Եվրոպական փառատոնային ասոցիացիային, ավելի հաճախ դարձավ շփումս հայազգի եւ Հայաստանից դուրս ապրող տաղանդավոր հայ արվեստագետների հետ: Սակայն այս պահին ուզում եմ հիշատակել Յուրի Բաշմետի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Ֆեդերիկո Մոնդելչիի, Չեչիլիա Գաստիայի, Ժան-Պիեռ Ռամպալի եւ, իհարկե,  ծագումով  հայուհի, ծնունդով Իտալիայից անվանի  տավղահարուհի Սյուզան Միլիդոնյանի անունները, որոնց հետ համագործակցության արդյունքում ունեցել եմ հիշարժան համերգներ»,- հայտնեց Մերչելին:

«Մոսկվայի մենակատարներ», Վիեննայի սիմֆոնիկ, Եվրամիության կամերային, «Լա Սկալա», Հռոմի օպերային թատրոնների եւ այլ ճանաչված նվագախմբերի հետ բազմիցս ելույթ ունեցած երաժշտից կարծիք խնդրեցինք մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին: «Թոփչյանի հետ ունենք ընդհանուր ընկեր, ով ժամանակին ինձ էր տրամադրել Հայաստանի ֆիլհարմոնիկի տեսագրությունները,- նշեց Մերչելին, ժպիտով հավելելով,- եթե այստեղ եմ՝ ուրեմն լավ կարծիքի եմ ձեր նվագախմբի մասին»: Ռեպլիկին՝ հնարավո՞ր է Եվրոպական փառատոնային ասոցիացիան երբեւէ կազմակերպի նաեւ հայաստանյան նվագախմբերի, օրինակ՝ արդեն ձեզ ծանոթ ֆիլհարմոնիկի հյուրախաղերը, ասոցիացիայի փոխնախագահի պատասխանը հակիրճ էր. «Կմտածեմ այդ ուղղությամբ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930