Քարվաճառի միակ ռեստորանի տիրուհին հյուրերի համար սեփական ձեռքերով է խորովածը պատրաստում
«Արդեն 500 քար գնել եմ։ Երդվել եմ, մինչեւ Քարվաճառում եկեղեցի չկառուցեմ, չեմ գնալու»,- ասում է 1993 թվականից ազատագրված հին հայկական տարածքի միակ ռեստորանի տիրուհին՝ Կարինե Գաբրիելյանը։ Նրան հանդիպեցինք ռեստորանի խոհանոցում՝ գառան խաշլամայի պատրաստություն տեսնելիս:
Այստեղ, որտեղ դեռ աչքի են զարնում պատերազմի հետքերը, կարելի էր տեսնել զինվորական տղամարդկանց, բայց ոչ երբեք կին ռեստորանատիրոջ։ Սակայն զարմանալու առիթներ, ինչպես ցույց տվեց իմ ու տիկին Կարինեի զրույցը, դեռ շատ էին լինելու։ Այդ զրույցից հետո հասկացա, որ իմ արածը Երեւանի «քաղաքակիրթ» միջավայրում պարզապես մանրուք է։
Կարինեն Քարվաճառ է եկել Գյումրիից։ Արդեն երկու տարի տարածք է վարձակալել ու ռեստորանային բիզնեսով է զբաղվում։ Իսկ Գյումրիում նրա ընտանիքն է։ Երեք աղջիկ եւ մեկ տղա ունի Կարինեն։ Մեկ աղջիկ էլ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո է որդեգրել։ Թոռնիկներ էլ ունի։ Տղան եւ թոռնիկն իրարից ընդամենը մեկ քառասունք են մեծ։
Կարդացեք նաև
«Ես մատուցողուհի եմ աշխատել, բայց մասնագիտությամբ մանկավարժ եմ։ Շատ եմ սիրում խոհարարությունը, սիրում եմ մարդկանց համեղ բաներով կերակրել։ Մինչ իմ գալն այստեղ՝ միայն խորոված, խաշլամա էին ուզում։ Ես եկա եւ սկսեցի պիցցաներ պատրաստել, այլ կերակրատեսակներ։ Իմ սեղանների ձեւավորումը փոխվեց։ Այստեղ նաեւ հետաքրքիր միջոցառումներ եմ կազմակերպում, «շոուներ»՝ տարբեր տոների հետ կապված»,- պատմում է տիկին Կարինեն։
Քարվաճառում նաեւ հյուրեր են լինում եւ ոչ միայն Հայաստանից ու Ղարաբաղից, այլ նաեւ արտասահմանից։ Կարինեի խոսքերով՝ ազատ շփվում է թե՛ անգլերենով, թե՛ ռուսերենով. «Անցած տարի Շվեդիայից, Չեխիայից էին եկել։ Դե, արդեն էլ չեմ ասում պաշտոնական մարդկանց մասին։ Այստեղ է եղել եւ Բակո Սահակյանը, իսկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայրը անգամ նախապես զանգում է, ասում է՝ Կարինե ջան, մի հատ գյումրվա «քյալլա» (կովի gլխից պատրաստվող կերակուր- Կ. Մ.), սարքի, գալիս եմ։ Հաճույքով պատրաստում եմ»:
Պարզվեց՝ խորոված անելու հեղինակային իրավունքը նույնպես նրանն է։ Տղամարդկանց օգնությանը դիմում է միայն այն դեպքում, երբ գործը հասնում է միսը ջարդելուն։ «Իմ ռեստորանում կիսաֆաբրիկատ ոչինչ չկա, ամեն ինչ բնական մթերքից է, դե, էս կողմերի կամ Վարդենիսի մսի համբավի մասին էլ լսած կլինեք»,- մեզ հետ զրույցում ասում է տիկին Կարինեն։ Նրան նաեւ քարվաճառցիներն են օգնում։ Եթե որեւէ մեկը որոշում է Վարդենիս քաղաք գնալ, չեն գնում, մինչեւ Կարինեից չճշտեն՝ ինչ կա անհրաժեշտ ապրանքներից, որ վերադառնալիս նրա համար բերեն։
Տիկին Կարինեի միակ աշխատողը նույնպես կին է։ Տիկին Լարիսան Չարենցավանից տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել է՝ ապրելու Քարվաճառում։ Այստեղից գնալու մտադրություն չունի, ամուսինն այստեղ է թաղված։ Մտադրություն չունեն նաեւ երեխաները։ Իսկ իր գործատուի՝ Կարինեի հետ լավ հարաբերությունների մեջ է. «Ազնիվ տնօրենուհի է, արդեն 5 ամիս է՝ աշխատում ենք, որեւէ խնդիր չի եղել»: Ռեստորանի տիրուհին լսելով մեր զրույցը՝ արձագանքեց. «Համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Մաքրասեր է, արագաշարժ ու նաեւ գաղտնապահ»։
Ոչ միայն Կարինեն է եկել Քարվաճառ, այլ նաեւ պատրաստվում է աղջկան, որը ծանրամարտով է զբաղվում եւ հաջողություններ ունի, բերել Քարվաճառ, որպեսզի իր մասնագիտական կարողությունները նաեւ փոխանցի տեղի դպրոցի երեխաներին։ Կարինեն հաճախ չի կարողանում գնալ Գյումրի՝ հարազատներին տեսակցության։ Քարվաճառից նրանց գումար է ուղարկում։ Երեխաներն են հաճախ գալիս մայրիկին տեսակցության։ «Այստեղ գործերը շատ են, չեմ կարող թողել ու գնալ»,- պատմում է տիկին Կարինե։ Երբ դուրս էինք գալիս ռեստորանից, ուրախությամբ պատմեց, որ երբ օրերը տաքանան, նաեւ դրսում է փոքրիկ սեղաններ դնելու. «Ե՛վ համեղ հաց կուտեն, ե՛ւ մեր աննկարագրելի բնությամբ կհիանան»:
ԿԱՐԻՆԵ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ