Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն մնաց առանց «գաղափարական ջահակրի»

Ապրիլ 06,2013 13:15

Մարքսիստի հորդորը Ծառուկյանին՝ «վարել հստակ, ինքնուրույն կադրային քաղաքականություն»

Դեռ մարտի 21-ին Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ինքն ու իր կուսակիցները կլինեն ԲՀԿ-ի կողքին՝ որպես նրա «հրեղեն ոգեշնչողը եւ գաղափարական ջահակիրը»: Մարքսիստն իր քայլը մեկնաբանել էր այսպես. «Այսօր մեզ անհրաժեշտ է խաչ քաշել հիպոթեքային եւ էլիտար շինարարության վրա եւ լայն, աշխատավոր մասսայի համար բնակարանաշինություն սկսել: Ժողովուրդը պետք է Ծառուկյանին պարտադրի իր ուսերի վրա վերցնել այդ քաղաքաշինական խնդիրները: Ես հարգում եմ Տարոն Մարգարյանի բոլոր դրական կողմերը, բայց դա միայն Ծառուկյանին է պօ պլիչու»: Այսօր՝ ընտրությունների քարոզչության մեկնարկից ընդամենը մեկ-երկու օր առաջ, Դավիթ Հակոբյանն այդքան էլ հաստատակամ չէ ԲՀԿ-ի կողքին կանգնելու իր ցանկության մեջ: «Ազգը սպասում էր Ծառուկյանի մուտքին՝ որպես քաղաքապետ: Ինչպես նախագահականին էր սրտատրոփ սպասում ազգը, այստեղ էլ էր սպասում, բայց, դժբախտաբար, նա այստեղ էլ իրեն մեկուսացրեց: Դուք գիտեք, որ ես միշտ գործում եմ բոնապարտյան կարգախոսով՝ «Ոչխարների հոտը, որին առաջնորդում է առյուծը, անպայման հաղթում է առյուծների հոտին, որին առաջնորդում է ոչխարը»: Փաստորեն, ես կանգնեցի երկմտանքի առաջ: ԲՀԿ-ն «Ժառանգության» եւ ՀՀԿ-ի նման հստակ չի ասում՝ ո՞ւմ է տեսնում առաջին ջութակի դերում՝ քաղաքապետարանի ինստիտուտում»,- երեկ «Առավոտի» հետ իր մտահոգությունները կիսեց Դավիթ Հակոբյանը: Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն կուսակցության ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Աբրահամ Մանուկյանն է, իսկ Վարդան Օսկանյանը եւ Գուրգեն Արսենյանը «շիրմայի» դեր են կատարելու: Աբրահամ Մանուկյանը, ի դեպ, նախկինում անդամակցել է ՀՀԿ-ին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է: Մեր այս դիտարկմանը մարքսիստն արձագանքեց. «ԲՀԿ-ի հետ օրգանական եւ օրգանապես կապ չունեմ, կադրային քաղաքականության մեջ իմ քիթը չեմ խոթում, բայց Ծառուկյանին կհորդորեի վարել հստակ, ինքնուրույն կադրային քաղաքականություն: Կարեւոր չէ, թե կուսակցությունը հանդիսանո՞ւմ է ոսկեղենիկ գաղափարների շտեմարան, ճեմարան, կարեւորն այն է, թե ովքեր են այդ կուսակցության գաղափարակիրները: Ահա այդ սկզբունքից ելնելով՝ մինչեւ ԲՀԿ-ն պաշտոնապես չհայտարարի, թե ում համար է կուսակցությունն ուզում հաղթանակ տանել…»: Հիշելով խորհրդային տարիների կարգախոսներից մեկը՝ «Զա Ստալինա, զա ռոդինու», մարքսիստը ԲՀԿ-ին հարցնում է. «Զա կավո՞ վ բոյ»:

Ընդհանրապես, մարքսիստը գտնում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող վեց կուսակցություններից եւ ոչ մեկը չի կարողանում հստակ, ռացիոնալ ձեւավորել իր կարգախոսը, քանի որ չեն պատկերացնում, թե ինչ է քաղաքապետարանի ինստիտուտը: «Քաղաքապետարանի ինստիտուտը ոչ թե ծաղիկ ցանողների, ծաղիկ ջրողների, ասֆալտ փռողների ու լվացողների, շենքի տանիք կամ հիմք կարկատողների համքարություն է, այլ առաջին հերթին քաղաքաշինական քաղաքականության ինստիտուտ է: Բոլոր կարգախոսները պետք է բխեին այս կետից»,- ասում է մեր զրուցակիցը: Վերլուծելով, թե ինչ խնդիրներ է դրել այդ ինստիտուտի առաջ պատմությունն ու ժամանակը, մարքսիստն ասում է, որ նախեւառաջ Երեւանին ու երեւանցիներին անհրաժեշտ է նոր քաղաքաշինական քաղաքականություն, նոր բնակարանային քաղաքաշինական քաղաքականություն, քանի որ ԽՍՀՄ-ից ստացած ողջ բնակֆոնդն արդեն քայքայվել է, սպառել իր բոլոր երաշխիքները եւ անկախ Հայաստանի գոյության 25 տարիների ընթացքում ռանչպար եւ ռամիկ ժողովրդի համար ոչ մի սանտիմետր բնակարանաշինություն չի իրականացվել: Այս իմաստով, զուգահեռներ անցկացնելով բոլշեւիկյան Հայաստանի գոյության առաջին 25 տարիների հետ, Դավիթ Հակոբյանը փաստում է, որ 1945 թվականին Երեւանն արդեն ուներ բազմաթիվ կուլտուր-մշակութային օբյեկտներ, համալսարաններ, այդ թվում՝ Օպերան, Ակադեմիան, աշխարհի տարբեր ծայրերից հրավիրված էին համաշխարհային հռչակ ունեցող հայ մասնագետներ՝ տարբեր ոլորտներից, հսկայական բնակմակերես էր տրամադրված ժողովրդին՝ անվճար: Այս համատեքստում մարքսիստը Երեւանի քաղաքապետարանի առջեւ կանգնած, ինչպես նաեւ պետության թիվ մեկ խնդիրը համարում է հիպոթեքային, էլիտար բնակարանաշինությունից կտրուկ շրջադարձը մասսայական, համաժողովրդական բնակարանաշինության: Նրա համոզմամբ՝ այդպիսով բացի նրանից, որ հասարակությունը կփրկվի «բանկային երախը նետվելուց եւ հոշոտվելուց», նաեւ հնարավոր կլինի կանխել արտագաղթը՝ երիտասարդներին պահելով Հայաստանում, խթանել ծնելիությունը ու թարմացնել մաշված բնակֆոնդը:

Թե ինչ միջոցներով կարելի է դա անել՝ Դավիթ Հակոբյանն առաջարկում է. «Ստեղծել քաղաքապետարանին կից հատուկ բնակարանաշինության ֆոնդ, որը կունենա սնուցման երեք բաղադրիչ՝ ժողովրդի խնայողությունները, ասենք, 30 տոկոս: 30 տոկոս էլ կառավարությունն է սոցիալական ծրագրերի կապիտալն ուղղորդում այդ ֆոնդին, ոչ թե փոշիացնում է այլ վայրերում: Երրորդը բարեգործական կապիտալն է, որն այսօր գնում է պոռնո-շոուների եւ հազար ու մի զվարճանքների, փողերի լվացման տարբեր աղբյուրների վրա»:

Քաղաքապետարանի ինստիտուտի առջեւ կանգնած երկրորդ խնդիրը մեր զրուցակիցը համարում է աղբավերամշակման գործարանի կառուցումը, երրորդը՝ քաղաքապետարանի կողմից ուղղորդված նոր աշխատատեղերի ստեղծումը. «Թեթեւ արդյունաբերության ոլորտում մեր ազգը կարող է դրսեւորել տրադիցիոն բարձր արտադրական կուլտուրա: Թեթեւ արդյունաբերության 3-4 օբյեկտների հիմնումը քաղաքում ոչ միայն հազարավոր աշխատատեղեր են հատկապես կանանց եւ դեռատի աղջիկների համար, այլեւ ամբողջ Եվրոպան, Սիրիայի ու Չինաստանի նման, կարող ենք հեղեղել թեթեւ արդյունաբերական ապրանքատեսակներով»:

Մարքսիստը գտնում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող էր վերոնշյալ երեք խնդիրները լուծել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    ,,Մարքսիստ,,-ը չի կարդացել,կամ էլ՝ կարդացել ու չի հասկացել Մարքսի ,,Կապիտալ,,-ը:Մասսաներին շահագործելու արդյունքում հավելյալ արժեք ստանալու մոլուծքով գործունեություն իրականացնողի մոտ իսպառ բացակայում են հանրային ու համապետական շահերի վերադասումը անձնական շահերից:Սա վայրի կապիտալիստական հասարակարգի օրենքն է:Հայաստանի նման երկրներում դասական կապիտալիստական հասարակարգ չի կայանա,քանի դեռ որոշ՝ նախկինում ,,չտեսած պատից կախ՝ տեսան ճակատից կախ,, դուրսպրծուկները ղեկավարվում են գայլային բնազդներով ու ոհմակային սկզբունքներով…Ցավոք սրտի,նման իրավիճակից դուրս գալու ամենահավանական տարբերակը մասսաների ընդվզումն է ու հեղափոխության անխուսապելիությունը…Հայաստանյան կիսագրագետ իշխանավորներն ու տգետ,անդաստիարակ օլիգարխները դժվար թե հասկանան ու ճիշտ գնահատելով դասական,պատմական օրինաչափությունները՝ ճիշտ եզրահանգումներ անեն կրիտիկական իրավիճակի վերաբերյալ…

  2. Maxim says:

    Համլետ: Միանգամայն Ձեզ հետ համամիտ եմ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ անել և ում հետ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930