Ռազմիկ Զոհրաբյանը Մովսես Շահվերդյանին «քաղաքական թափառաշրջիկ» անվանեց
«Դրանք կողքից լսած եւ հնարած պատմություններ են: 23 տարի անց նման բաներ են ասում եւ որեւէ փաստարկ չեն բերում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ հիմնադիրներից Ռազմիկ Զոհրաբյանը: Հիշեցնենք, ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը նախօրեին «Առավոտի» հետ զրույցում պնդել էր, թե Աշոտ Նավասարդյանն ընդամենը գրանցել է ՀՀԿ-ն: Մտահղացումը իրենը չի եղել, եւ սպառնացել էր. «Այո, ՀՔԴՄ-ն եւ ՀՀԿ-ն Հայաստանում ստեղծվել են բոլորովին այլ մարդու հանձնարարությամբ, առաջադրանքով: Աշոտ Նավասարդյանն ու Ազատ Արշակյանն ընդամենը եղել են նրանց գրանցողները»: Թե հատկապես ո՞ւմ «հանձնարարությամբ» եւ ի՞նչ նպատակով են ստեղծվել ՀՀԿ-ն եւ ՀՔԴՄ-ն՝ «նախագծի հեղինակի» անունը եւ այլ մանրամասներ Շահվերդյանը կասի, «եթե իշխանությունները հետեւություններ չանեն»:
Ռազմիկ Զոհրաբյանը հիշեցնում է, որ ՀՀԿ-ն ստեղծվեց 1990 թվականին՝ Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, իսկ նախաձեռնող խմբում «Անկախության բանակի» հրամանատարներն էին. «ԱԻՄ-ից բաժանվել էին, եւ ստեղծվեց նոր քաղաքական ուժ: Որեւէ մեկն Աշոտ Նավասարդյանին չէր կարող թելադրել, որովհետեւ ինքը 1960-ականներից սկսած անցել էր քաղաքական մեծ պայքարի ճանապարհ: Խորհուրդ տվողներ կային շատ, բայց Նավասարդյանն ինքնուրույն անձնավորություն էր ու որեւէ մեկին չէր կարող լսել: 1990 թվականից ես ՀՀԿ անդամ եմ, մինչ այդ էլ Նավասարդյանի հետ մանկության ընկեր եմ եղել, դպրոցական ընկեր, պայքարի ընկեր: Այսինքն՝ ես այդ պատմությունները լավ գիտեմ»: Մեր զրուցակիցը փաստում է, որ ԱՄԿ-ն Հայաստանին տվել է երեք քաղաքական ուժ՝ ԱԻՄ-ը, որի տրոհումից հետո հիմնադրվեցին ՀՀԿ-ն եւ ՀՔԴՄ-ն: «Մովսես Շահվերդյանին ես ոչ ճանաչել եմ, ոչ էլ տեսել եմ Աշոտի շրջապատում, գոնե 1990 թվականից կամ դրանից առաջ: Գուցե էնտեղ է եղել. դեմքով չեմ էլ ճանաչում, ոչ էլ իր քաղաքական գործունեությամբ է նա հայտնի Հայաստանի քաղաքական դաշտում: Քանի որ այսօր իշխանություններին ամեն մեղքերի մեջ մեղադրում են, սա էլ հերթական շոու է՝ խորհրդավոր, կիսագաղտնի, իբր կա ինչ-որ մեկը, որ ուղղորդել է… ոչ մեկն էլ չի ուղղորդել: Կարծում եմ՝ այդ անձնավորությունը քաղաքական թափառաշրջիկների շարքում է գտնվում, եւ քանի որ միացել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, ուզում է իր անձը կարեւորել, վարկաբեկել ՀՀԿ-ին, ուզում են այլընտրանքային ինագուրացիա-շոու սարքել: Սա չի ստացվի, եւ այդ ուղերձը տեղ չի հասնի, որովհետեւ հասարակությունը լավ ճանաչում է անցած ճանապարհով, անցած գործերով եւ ՀՀԿ-ին, եւ ՔԴՄ-ին, եւ ԱԻՄ-ին»:
Ինչ մնում է ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողություններին՝ Սերժ Սարգսյանինը՝ Մարզահամերգային համալիրում, որտեղ կլինի «ազգի էլիտան», Րաֆֆի Հովհաննիսյանինը՝ Ազատության հրապարակում, որտեղ նրա շուրջը կհավաքվեն մարդիկ, Ռազմիկ Զոհրաբյանն ասում է. «Րաֆֆին որոշել է եւ ամեն օր հայտարարում է, որ երկրորդ նախագահ է օծվելու. դա իրավական չէ՝ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ ժողովրդի ցանկությամբ: Ժողովուրդը, ի վերջո, հո այն մի քանի հազար մարդը չէ, որ հավաքվել է այնտեղ: Ժողովուրդը այն երեք միլիոնն է, որ մասնակցել է ընտրություններին, որի մի մասը Րաֆֆիին է ձայն տվել, մեծ մասը՝ Սերժ Սարգսյանին: Աշխարհում դեռ նման դեպք չկա, որ նախագահական ընտրություններից հետո ալտերնատիվ մեկն օծվի՝ չհամաձայնելով ընտրությունների հետ: Շարժումներ կան, որ համաձայն չեն, օպոզիցիա է գոյանում: Բայց սա ինչ-որ հայկական տարբերակ է գոյանում՝ նոր հնարածին»: Այնուհանդերձ՝ պարոն Զոհրաբյանը գտնում է, որ երդմնակալությունից հետո էլ կյանքը նորմալ շարունակվելու է, իշխանությունն իր խնդիրներով է զբաղվելու, ընդդիմությունն էլ հանգիստ կարող է շարունակել իր հանրահավաքները, ոչ ոք իրենց չի խանգարելու, ինչպես մինչ այդ չի խանգարել: «Իրենք ունեն խոսքի իրավունք, բոլոր ազատությունների իրավունքն ունեն եւ իրացնում են: Ոստիկանությունն էլ հսկում է, որպեսզի անկարգություններ չլինեն: Քանի՞ անգամ են Րաֆֆիին փրկել. մեկը հարձակվում էր վրան, մյուսը… այսինքն՝ ոստիկանությունն իր տեղում է: Ժողովրդավարական երկրում սա տեղի է ունենում: Ես պարզապես ասում եմ՝ ամոթ է մեզ համար, որ կողքից նայում են եւ ասում՝ էս մարդիկ չե՞ն կարողանում երկրում իշխանությունը կիսել: Պարտվել ես, չե՞ս ուզում շնորհավորել՝ գնա քո գործունեությամբ զբաղվիր»: Ռազմիկ Զոհրաբյանը մնում է նախկինում իր արտահայտած այն կարծիքին, որ Հովհաննիսյանի շարժման թիկունքում «սատանայական աղանդներ կան եւ ուղղորդում են՝ հակաքրիստոնեական գործողություններ են անում»:
Կարդացեք նաև
Այս ամենով հանդերձ՝ պարոն Զոհրաբյանը չի համարում, որ Հովհաննիսյան-Սարգսյան բանակցությունների կամ երկխոսության ռեսուրսը սպառված է: «Նախագահն ասել է՝ եկեք նախագահականում նստենք, խոսենք: Ընտրված նախագահ է, բա էլ որտե՞ղ պիտի խոսի: Հո սրճարաններում չի՞ խոսելու: Րաֆֆին էլ այնպիսի պահանջներ է դրել, որ իրատեսական չեն, որովհետեւ ասում է՝ Սահմանադրությամբ նախատեսված նախագահի իրավասությունների կեսը տվեք ինձ՝ ԱԱԾ-ն, ԱԳՆ-ն: Ինքն այնպիսի պահանջներ է դրել, որ դրանք չկատարվեն, ինքը մնա պահանջատեր»,- ասում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանին «ողջ աշխարհն» է շնորհավորել, իսկ Րաֆֆին «միայնակ մնացել է օդի մեջ»: «Նույնիսկ այն երկիրը, որտեղ ինքը մեծացել է, դաստիարակվել է, ձեռք է բերել իր գաղափարախոսությունը, հետո եկել է Հայաստան, էդ երկրի՝ ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ էլ ի՞նչ ես ուզում, այ Րաֆֆի Հովհաննիսյան»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ