Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի նախընտրական քարոզը «Ժառանգության» հարթակից

Ապրիլ 06,2013 11:59

«Ժառանգության» երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը, որը նվիրված էր մայիսի 5-ի ավագանու ընտրություններին, հանրահավաքի որոշ մասնակիցների կողմից հակադարձվում էր «ապրիլի 9-ը» վանկարկումներով: Իսկ ընդհանրապես, երեկ Արմեն Ռուստամյանին լսելով` կարելի էր կարծել, որ ավագանու ընտրությունների Դաշնակցության նախընտրական քարոզը մեկնարկել է հենց այդ հարթակից: «Եթե շատ հակիրճ ձեւակերպենք, նոր երկիր ու պետություն ունենալու` Դաշնակցության պատկերացումը, սա է՝  նոր կառավարման համակարգում, նոր ընտրակարգով նոր խորհրդարանի ընտրություն՝ օրենքով տրամադրելով ընդդիմությանը իշխանություններին զսպելու կոնկրետ լիազորություններ: Սա հենց այն՝ մեր առաջարկած հանգրվանային ձեռքբերումներով ընթանալու ճանապարհն է, որն անխուսափելիորեն կբերի ժողովրդի իշխանության հաստատմանը երկրում` բոլոր մակարդակներով: Հենց այսպիսի մի հանգրվան է հատկապես մայիսի 5-ը՝ հաստատելու ընդդիմության իշխանությունը Երեւան քաղաքում»,- իր ելույթում հայտարարեց նա՝ շարունակելով. «Իսկ Երեւանում ձեռք բերված իշխանությունը կդառնա Հայաստանում ամբողջական իշխանափոխության համար մղվող պայքարի հզոր միջնաբերդը: Այս վճռականությունն է ուզում մեր ժողովրդին հաղորդել Դաշնակցությունը իր կարգախոսով՝ «Երեւա՛ն, փոխի՛ր Հայաստանը»: ՀՅԴ ներկայացուցչի ելույթից հետո «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց նրան:

– Պարոն Ռուստամյան, Դուք խոսում էիք ավագանու ընտրություններին Դաշնակցության մասնակցության մասին, կոչեր արեցիք ավագանու ընտրությունների հետ կապված, տպավորությունն այն էր, որ Դաշնակցության նախընտրական քարոզն էիք տանում հանրահավաքի այս հարթակից:

– Էտ ձեր մոտ է էդպիսի տպավորություն առաջացել: Ես ընդդիմության մասին էի խոսում:

– Սակայն փաստ է, որ Դաշնակցությունը չմիացավ «Ժառանգությանը» ավագանու ընտրություններում:

– Ո՞նց չմիացավ, մենք ասացինք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի, մենք էլ լինենք էդ ցանկում:

– Սակայն փաստ էր նաեւ, որ Դուք բանակցել էիք ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանի համար, որ նա գլխավորի միասնական ցուցակը:

– Մենք բանակցել ենք ոչ իշխանական բոլոր ուժերի համախմբման համար: Եվ հիմա էլ եմ համոզված, որ եթե ոչ իշխանական ուժերը համախմբվեն, կարող են հարյուր տոկոս երաշխիքով հասնել քաղաքապետի ընտրությանը, եւ ընդդիմադիր քաղաքապետ ունենա Երեւանը: Սա շատ լուրջ պլատֆորմ է՝ շարունակելու համար նույն պայքարը երկրում ընդհանրապես ժողովրդավարական կարգեր հաստատելու համար:

– Ասել է թե՝ Արմեն Մարտիրոսյա՞նն էր խոչընդոտը, որ դուք չկարողացաք միանալ «Ժառանգությանը»: 

– Ոչ, մոտեցումների տարբերությունը: Մենք ասում ենք, ավագանու ընտրությունը պիտի քաղաքականացվի, քաղաքացիական նախաձեռնություն չպիտի լինի, սա պիտի լինի քաղաքական նախաձեռնություն: Ընդդիմադիր քաղաքապետի հարցը ընդդիմության՝ իշխանության գալու հարց էր քաղաքում: Եվ Երեւանում ընդդիմադիր քաղաքապետ ունենալով` այս շարժումը շատ ավելի կհզորանա:

– Այսինքն՝ «Ժառանգությունը» դե՞մ էր, որ քաղաքականացվի:
– Այո, իրենք ավելի շատ քաղաքացիական…, ցանկը, որ նայեք, կտեսնեք, որ մոտավորապես դա է, քաղաքացիական ավելի շատ նախաձեռնություն է:

– Պետք է ցուցակում ավելի շատ քաղաքական գործիչներ լինեին եւ դաշնակցականներ:

– Սա պիտի լիներ շարժման համար հանգրվան, ամբողջական իշխանափոխության հասնելու մեկ կարեւոր քայլ: Եվ դա բնականաբար չպիտի դիտվեր առանձին այս շարժումից: Սա չպիտի հակադրվեր դրան, ոչ էլ դա նսեմացնելու էր հաջողությունը, որն ունեցել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ոչ ամենեւին: Եթե էդպես մտածեին, Լեւոն Տեր- Պետրոսյանն էլ ժամանակին իրենց ցանկն էր գլխավորում, բայց դա չէր դիտվում, որ նա հրաժարվում է 2008թ. իր հաջողությունից: Կամ` Սերժ Սարգսյանը ԱԺ ցուցակն էր գլխավորում, ի՞նչ, դառավ պատգամավորի թեկնածո՞ւ:

– Այդ դեպքում, այսօր առանձին ցուցակով մասնակցությամբ ՀՅԴ-ն ի՞նչ հարց է լուծում:

– Ընդդիմադիր շարժման հզորացում: Արդյունքներ կոնկրետ արձանագրելու խնդիր ենք լուծում: Անարդյունք շարժումը հանգեցնում է կամ հուսահատության, կամ էլ փորձելով այդ արդյունքին ամեն գնով հասնել, շատ հնարավոր է, որ դա նորից զոհերի բերի:

– Դաշնակցությունը քանի՞ մարդ կբերի հրապարակ ապրիլի իննին, քանի որ քիչ թվով դաշնակցականներ են մասնակցում:

– Դա ձեզ ա թվում: …Շատ մարդ կարող է բերել, շատ մարդ:

 Մարինե Խառատյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930