Հատված «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի հարցազրույցից:
– Ինչպե՞ս եք գնահատում այս պահի ներքաղաքական իրադրությունը, եւ ինչպե՞ս է, Ձեր կանխատեսմամբ, լուծվելու Րաֆֆի-նախագահ բանավեճը:
– Կարծում եմ՝ որոշ քայլեր Սերժ Սարգսյանը կանի, եւ աստիճանաբար եղանակ ստեղծողը դառնում է Սերժ Սարգսյանը, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ի վիճակի լինի գործողությունների ծրագիր իրականացնել՝ ինչ է ուզում անի եւ ոնց: Չէ՞ որ, երբ որ հայտարարում ես՝ միայն իմ դիակի վրայով, իսկ հետո թողնում-գնում ես, ոչ ոք քո մասին բարձր կարծիք ունենալ չի կարող: Ուրեմն, կամ մի հայտարարի նման բան, կամ դուրս արի եւ այդ նույն ժողովրդին ասա, թե ինչ պլան ես տեսնում, ազնվորեն: Եթե չես տեսնում, մարդկանց հարցրու, թե ինչ անենք: Եվ վերջապես, որտե՞ղ է քո առաջնորդ լինելու պարագան: Ինչքա՞ն կարելի է ասել, թե մենք այստեղ՝ հրապարակում, «դեմոկրատավարի» որոշում ենք: Իսկ երբ պետք է հարցը մենակ որոշել, միեւնույն է, մենակ ես որոշում: Այս կեղծությունը պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը թոթափի եւ փորձի, այնուամենայնիվ, այդ ստացած քվեները հասցնել մի քանի լուրջ որոշման՝ երկրի իրավիճակը բարելավելու ուղղությամբ:
– Ձեր կարծիքով, ընդդիմություն կա՞ Հայաստանում:
Կարդացեք նաև
– Ես (ծիծաղում է)……
– Միակ ընդդիմությո՞ւնն եք:
– Չէ, ասեցի՝ մեկը: Չասեցի՝ միակը: Րաֆֆին….. Արամը…. ուրիշները:
– Այն մտքին եմ, որ մեր միակ «պլյուսը», առավելությունը մյուս երկրների համեմատ մնացել է Սփյուռքի գործոնը: Բայց այս շարժումը խզում է Հայաստան-Սփյուռք կապը, վերջին ամենալավատես սփյուռքահային էլ տրամադրում է Հայաստանի իշխանությունների դեմ:
– Ես այս խոսակցությունը լավը չեմ համարում: Նախ, եթե սկսենք սփյուռքահայ խաղացնել, ապա թույլ տվեք ինձ հարցնել. վերջապես, ե՞րբ է մի հատ երեւանցի նախագահ լինելու: Կամ ձեր խոնարհ ծառայից, մեկ-երկու դեպքից, Անդրանիկ Մարգարյանից հետո կլինե՞ն արդյոք երկրի բարձրագույն իշխանության մեջ երեւանցիներ: Ստացվում է, որ որոշ սփյուռքահայեր հետաքրքիր վերաբերմունք ունեն. նրանք պաշտպանում են Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ նա սփյուռքահա՞յ է (չհաշված այն, որ Րաֆֆին ահռելի ձայներ է հավաքել): 2008-ին էլ ավելի սուր վիճակ էր, 10 մարդ սպանեցին, ինչո՞ւ այդ նույն արվեստագետները ծպտուն չհանեցին։ Ինչո՞ւ նրանք տեղաբնակ կամ երեւանցի թեկնածուների համար չեն երգում։ Այնուհետեւ, Արտաշատի թեւն իր թասիբն ունի, ղարաբաղյան թեւը՝ իրենը:
Բա երեւանցիների թասիբը ո՞րն է: Էնպես որ, եկեք խոսակցությունն այս ուղղությամբ չտանենք՝ սփյուռքահայ, արտաշատցի, ղարաբաղցի, գյումրեցի, վանաձորցի: Բայց տանենք միավորման ուղղությամբ: Հայաստանի նախագահ ընտրելը Հայաստանի քաղաքացիների գործն է: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կապ ունի սփյուռքահայը, ոչ ՀՀ քաղաքացին, կամ ո՞վ է ոչ ՀՀ քաղաքացի սփյուռքահայը: Ո՞նց ենք ճանաչում, որ ինքը սփյուռքահայ է:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
«Հրապարակ»