«25 տարի ճարտարապետները միասին են եղել, ստեղծելով շատ ու շատ խոշոր ու հրաշալի կառույցներ Երեւան քաղաքում»,-այսօր «Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան» գրքի շնորհանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց գրքի հեղինակ, ճարտարապետ Կարեն Բալյանը:
Նրա խոսքով գրքում տեղ են գտել անվանի ճարտարապետների գրեթե բոլոր գործերի մասին պատմող վերլուծություններ ու պատմություններ, տպագրվել է 1000 օրինակ եւ դուրս եկել վաճառքի.
«Ամեն մի գիրք հիշողություն ունի, որովհետեւ դա է, որ մնայուն է: Մեր դեպքում իրավիճակն այլ է, երբ գրում ես, նշանակում է, որ գնահատում ես, գրում ես լավ ճարտարապետության մասին, իսկ տվյալ դեպքում ես գրել եմ այն ճարտարապետության մասին, որը ոչնչանում է: Գրքի նպատակն է այդ ճարտարապետությունը պահպանել ու սեւեռել ուշադրությունը անխնա ոչնչացնողների վրա»:
Գրքի տպագրության մեջ ֆինանսապես մասնակցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ճարտարապետի համոզմամբ պրն. Մարգարյանի օրոք կպահպանվեն կառույցներն ու կոթողները, դա մեծ հույս է ներշնչում.
«Հայաստանում կան լավ ճարտարապետներ, սակայն ճարտարապետության վիճակը բավականին տխուր է, քանի որ խորհրդային տարիների կառուցվածքից դեռեւս ճարտարապետները չեն կարողանում դուրս գալ: Ճարտարապետությունը չափից ավել կարեւոր է, քանի որ Երեւանը տխրեցնող եւ բարդ վիճակում է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ