21-ամյա վանաձորցիներից մեկը նախկինում դատված է
Վանաձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Լեւոն Մանուկյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա հանդիսանալով սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող, 2012թ, հուլիսի 21-ի գիշերը դռան փականը կոտրելու միջոցով մուտք է գործել Դիլիջան քաղաքի բնակիչ Անտոն Միքայելյանին պատկանող վագոն-տնակ եւ այնտեղից հափշտակել տարբեր տեսակի եւ քանակի մսամթերք, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, այլ մթերքներ եւ կենցաղային իրեր: Բացի այդ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով պայմանագրային զինծառայող, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Նարեկ Պողոսյանի հետ՝ գնացել են Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի սկզբնամասում գտնվող Ջամիլա Մհոյանի խանութ, իրենց հետ վերցրած լինգով կոտրել խանութի դռան կողպեքը եւ գողացել 180 հազար դրամ ընդհանուր արժողության ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, քաղցրավենիք: Ն. Պողոսյանը նախկինում դատված է, Լ. Մանուկյանը՝ ոչ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Լ. Մանուկյանին եւ Ն. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1.3 կետով («Գողությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Նրանց այդ հոդվածով սպառնում է տուգանք 500 հազարից 1 միլիոն դրամի չափով կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով: Այս գործով դատական առաջին նիստը Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է ապրիլի 11-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ