Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Ազատության հրապարակ

Ապրիլ 05,2013 20:10

Սիրելի ժողովուրդ,

Մի քանի շաբաթ Դաշնակցությունն այս հարթակից ելույթ չի ունեցել: Բայց մենք հրապարակում ենք եղել: Մենք այստեղ ենք միշտ:

Ժողովրդի իշխանությանը հասնելու` ընդդիմադիր շարժումն այսօր ունի երկու հանգրվանային արդյունք արձանագրելու լուրջ հնարավորություն՝

– ստիպել իշխանություններին հստակ ժամանակացույցով սկսել պետական համակարգի խորքային և արմատական վերափոխումը,

-գալ իշխանության Երևան քաղաքում:

Այս երկու գործընթացները միմյանց փոխլրացնող են, կարող են շարժում հունավորել ու կազմակերպել և ժողովրդի համար կոնկրետ շոշափելի արդյունք ապահովել: Առանց այդպիսի արդյունքի մյուս տիպի գործընթացները կարող են կա’մ, մարդկանց մեջ հուսահատություն առաջացնելով, մաշել շարժումը, կա’մ, տանելով արյունալի բախումների, հասցնել զոհերի: Ինչ վերաբերում է առաջին նպատակին:

Այսօր իշխանությունների կողմից դրսևորվող` բանակցելու պատրաստակամությունը, իհարկե, լավ է, բայց չի կարող գոհացուցիչ լինել և չի հանգեցնի պարբերաբար կրկնվող հետընտրական լարվածությունների թուլացմանը, քանի դեռ իշխանությունները խուսափում են ընդունել երկրում կուտակված խնդիրների ողջ ծավալն ու լրջությունը և դրանց ծնող պատճառները վերացնելու անհրաժեշտությունը: Իսկ բոլոր ցավերի և անարդարությունների պատճառների պատճառը, բազմիցս ասել ենք, մեկն է՝ իշխող կուսակցության և պետության նույնացումը: Սրա պատճառով է, որ պետությունը ժողովրդին ծառայելու փոխարեն ծառայում է վարչախմբին և նրան սպասարկող շրջանակին:

Ահա բոլոր անարդարությունների աղբյուրը: Եվ հենց սա է, որ իշխանությունները խուսափում են ընդունել: Մեզ առաջարկում են երկխոսություն, բայց անհասցե և մակերեսային փոփոխությունների շուրջ: Մենք կտրականապես դեմ ենք դրան և մերժել ենք այդ առաջարկը: Մենք չենք պատրաստվում ներքաշվել այնպիսի մի անպտուղ և ինքնանպատակ երկխոսության մեջ, որից օգուտ չունի հայ ժողովուրդը:

Այո, մեզ պետք են սահմանադրական բարեփոխումներ, բայց հստակ ուղղվածությամբ, որ վերջ դնեն նախագահական այս միահեծան իշխանությանը և հաստատեն կառավարման խորհրդարանական համակարգ: Այո, մեզ պետք են ընտրական բարեփոխումներ, բայց հստակ նպատակով, որ վերջ դնեն իշխանության վերարտադրումն անընդհատ ապահովող այս խայտառակ մեծամասնական ընտրակարգին և քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը տան լուրջ գործիքներ՝ փաստելու ընտրախախտումների անհրաժեշտ ծավալն ու անվավեր ճանաչելու կեղծված ընտրությունները:

Վերջապես, Հայաստանում պետք է ավանդույթ դառնա՝ տրամադրել ընդդիմությանը օրենքի ուժով իշխանություններին վերահսկելու և հակակշելու հնարավորություն: Այսօր, հակառակ ավանդույթի, զոհ ենք բոլորս, երբ իշխանությունները, չկաշկանդվելով և չվերահսկվելով, դառնում են անսանձ ու ամբարտավան՝ այլասերելով իրենք իրենց ու իրենց շրջապատին:

Հետևաբար, եթե շատ հակիրճ ձևակերպենք, նոր երկիր ու պետություն ունենալու` Դաշնակցության պատկերացումը, սա է՝ նոր կառավարման համակարգում, նոր ընտրակարգով նոր խորհրդարանի ընտրություն՝ օրենքով տրամադրելով ընդդիմությանը իշխանություններին զսպելու կոնկրետ լիազորություններ: Սա հենց այն՝ մեր առաջարկած հանգրվանային ձեռքբերումներով ընթանալու ճանապարհն է, որն անխուսափելիորեն կբերի ժողովրդի իշխանության հաստատմանը երկրում` բոլոր մակարդակներով: Հենց այսպիսի մի հանգրվան է հատկապես մայիսի 5-ը՝ հաստատելու ընդդիմության իշխանությունը Երևան քաղաքում: Դժվար է գերագնահատել դրա նշանակությունը թե’ մեր այս ընդդիմադիր շարժման և թե’ հատկապես երևանցիների ու մեր երկրի ժողովրդավարացման համար: Մի բան է ընդդիմության ներուժը և ժողովրդային շարժումը առանց այսպիսի լծակի, բոլորովին այլ՝ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու պարագայում: Հաճախ ժողովրդավարական գործընթացները հզոր թափ են ստացել հենց այդ ճանապարհով: Եվ պատահական չէ, որ իշխանություններն ամեն ինչ արել և անելու են, որպեսզի նսեմացնեն քաղաքական նշանակությունն այս ընտրությունների՝ դրանք ներկայացնելով որպես զուտ տեղական նշանակության միջոցառում, որը կոչված է լուծելու սոսկ թաղային կենցաղ-սպասարկման հարցեր:

Իհարկե, հատուկ անտեսվում է այն, որ խոսքը մայրաքաղաքի մասին է, որտեղ կենտրոնացված է երկրի գրեթե ողջ ռեսուրսը, որ մայրաքաղաքի կառավարումը իրականացվում է այդ պատճառով հատուկ օրենքով, որ այդ օրենքով նախատեսված` քաղաքապետի և ավագանու բազմաթիվ լիազորություններ լիարժեք չեն իրացվում, որովհետև, ներկայացնելով նույն կուսակցությունը, այդ սուբյեկտները ընտրվածից փաստացի վերածվում են իրենց վերադասի կողմից նշանակվածների: Սրա վկայությունն է, որ 4 տարվա ընթացքում երեք քաղաքապետ են փոխել:

Ընդդիմության հաղթանակի դեպքում նման իրավիճակ չէր կարող լինել: Ճիշտ հակառակը` վերջ կդրվի իշխանության այս միահեծան դրվածքին: Ավելին` ընդդիմությունը հնարավորություն կունենա ցույց տալու, թե ինչպես կարելի է ժողովրդի իշխանությունը, թեկուզև առանձին վերցրած մի տարածքում հաստատելով, հասնել ավելի լավ կառավարման և օրինականության ու կարգուկանոնի հաստատման: Ահա այս պատճառով է, որ ընդդիմությունը, ի հեճուկս իշխանությունների, պետք է կարողանա առավելագույնս քաղաքականացնել այս ընտրապայքարը: Որովհետև սա պայքար չէ ավագանիում մի քանի տեղ ունենալու համար, սա պայքար է ժողովրդին ներկայացնող ընդդիմության իշխանությունը Երևանում հաստատելու համար: Իսկ Երևանում ձեռք բերված իշխանությունը կդառնա Հայաստանում ամբողջական իշխանափոխության համար մղվող պայքարի հզոր միջնաբերդը:

Այս վճռականությունն է ուզում մեր ժողովրդին հաղորդել Դաշնակցությունը իր կարգախոսով՝ «Երևա’ն, փոխի’ր Հայաստանը»:

Սիրելի’ ժողովուրդ, մայիսի 5-ին շատ իրական է գալ իշխանության Երևանում: Դրա համար մեզ պետք է համախմբված պայքար լայն ճակատով: Եվ պայքարը չի սահմանափակվում միայն Երևանով: Մարզերից այսօր պետք է քաջալերեն երևանցիներին` ակտիվորեն մասնակցելու ընտրություններին, որովհետև սա հաղթանակ կբերի նաև մարզերին:

Ոչ իշխանական ուժերի համախմբումը նախընտրական դաշինքի մեջ, ցավոք, չստացվեց: Բայց ամեն ինչ դեռ առջևում է, և ոչինչ դեռ կորած չէ: Այն, ինչ չստացվեց անել նախընտրական դաշինքով, կարելի է անել հետընտրական դաշինքի միջոցով՝ նախապես հայտարարելով դրա մասին: Սա հնարավորություն կտա կողմնորոշել և համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը և էապես փոքրացնել իշխանության դաշտը: Այսպիսով, քվեարկությունը Երևանում կարելի է վերածել իշխանությանը անվստահություն հայտնելու հանրաքվեի: Իսկ դա կերաշխավորի, որ եթե անգամ չհաջողվի ուղղակի ընտրությամբ ընտրել ընդդիմադիր քաղաքապետին, ապա դրան հասնել անուղղակի ընտրությամբ՝ ավագանու միջոցով: Մենք պարտավոր ենք չկորցնել այս բացառիկ հնարավորությունը:

Եկե’ք միասին` Երևանով փոխենք Հայաստանը:

ՀՅԴ Գերագույն Մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Կարծում եմ, չարժե արդրադառնալ, թե ինչու Դաշնակցությունը չցանկացավ մի ցուցակով մասնակցել ընտրություններին… Դա առաջին հերթին ձեռնտու էր հենց դաշնակցությանը, որ լիներ հաղթող ուժի հետ մի ցուցակում… Իսկ ընտրություների արդյունքը Դաշնակցության համար կարծում եմ, մխիթարական չի լինելու, և հենց սա պիտի որ լրջորեն անհանգստացներ նրանց… Բայց դեռ ուշ չէ: Դաշնակցությունը կարող է մասնակցելով ընտրություններին` կոչ անել բոլորին, ովքեր իրենց ձայները որոշել են տալ դաշնակցությանը, տան ժառանգությանը: Այսպես, նախ որոշ չափով կավելանա ժառանգության ձայները, երկրորդ` դաշնակցությունը չի լինի պարտվողների շարքում և հերթական անգամ չի հիասթափեցնի իր համակիրներին ու կուսակցականներին… Իսկ ՀՀ նախագահը ձեռքից բաց թողեց բոլոր հնարավորությունները` մի քանի տարի ևս խաղաղ ու ”փառավոր” երկիրը ղեկավարելու… Իսկ Ռուսաստանը իր վերջին բացահայտումներով, ըստ երևույթին, փորձում է շահել Հայ ժողովրդի և մասնավորապես, օգնելով Րաֆիին, նաև վերջինիս համակրանքը… Ռուսները կորցնելու բան չունեն ըստ էության` մտածել են` ինչն է խանգարում իրենց` որ Հայաստանում իշխանության գա մի մարդ, որն ընտրվել է… և ”առայժմ” վայելում է ժողովրդի համակրանքը… Ռուսներն իրենց քայլն արեցին և կշարունակեն… Բայց մյուս հարցն է առաջանում` եթե Ռուսները կարող են ինքնավստահորեն որոշել ”օգնել” Րաֆիին, որ գա իշխանության (այս շրջանում ՀՀ իշխանություններին վարկաբեկելը միայն դա է նշանակում կամ էլ ՀՀ-ի ղեկավարներին ծնկի բերելու ձգտումը, որն ավելի վատ է), ապա ՀՀ նախագահին ինչն էր խանգարում ընտրությունների արդյունքն անմիջապես լսելուց հետո, Րաֆիի հետ բանակցել` նրան առաջարկել վարչապետի պաշտոնը, կառավարություն ձևավորելու և ազատ գործելու հնարավորթյունների պայմաններում… Դա ոչ միայն ճիշտ կլիներ երկրի համար, այլև հենց Նախագահի համար… Չեմ կարծում, որ Նախագահի մտքով չի անցել նման բան: Ամբողջ խնդիրն այն է, որ նրա շրջապատում քիչ են կամ էլ գրեթե չկան մարդիկ, որոնք միաժամանակ լինեն և խորաթափանց և վեհամիտ` ազնիվ` ազգասեր… Քաղաքականությունը արքան էլ խաղ համարենք, այնուամենայնիվ առանոց որոշակի ազնվության` վերհության, անհնար է երկրի գործն առաջ մղել…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930