Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին հետագա ծրագրերը

Ապրիլ 05,2013 18:24

«1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո AmeriCares-ը  մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպություններից առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին և այն ժամանակից ի վեր շարունակում է մնալ  մեր երկրի ու մասնավորապես առողջապահության նախարարության կողքին և աջակցել բազմաթիվ արդյունավետ ծրագրերի իրականացմանը։ Ուրախ ենք ձեր կազմակերպության  հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի կարիքավոր մարդկանց կյանքի բարելավմանն ուղղված աշխատանքներին ցուցաբերած արդյունավետ համագործակցության համար ՀՀ առողջապահության նախարարությանը, որպես վստահելի գործընկեր, ճանաչման վկայական շնորհելու համար»,-ողջունելով AmeriCares-ի առողջապահական գծով տնօրեն Ֆրենկ Բիային և կազմակերպության աշխատակից Դմիտրի Պապովին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Այնուհետև նախարարն իր հյուրերի հետ քննարկեց մի քանի ծրագրեր, որոնք կարող են AmeriCares-ի հետ հետագա համագործակցության հիմնաքարը դառնալ։ Մասնավորապես` անդրադարձան մարզային մանկական վերակենդանացման բաժանմունքների արդիականացմանը, ինչպես նաև ինֆեկցիոն և այրվածքաբանական ծառայությունների բարելավմանը։

Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ Կապանում, Վանաձորում և Գյումրիում արդեն կազմակերպվել կամ արդիականացվել են մանկական վերակենդանացման բաժանմունքները, սակայն մյուս մարզերում ևս այդ ծառայության խիստ անհրաժեշտությունը կա։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ հանրապետությունում այրվածքաբանական միակ կենտրոնն ապահովված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով, սակայն սարքավորումների, գործիքների և ուղեցույցների մեծ պահանջարկ ունի։

Մինչ նախարարի հետ հանդիպելը, AmeriCares-ի ներկայացուցիչները եղել էին տարբեր բուժհաստատություններում, ծանոթացել իրականացվող ծառայություններին երկրի առաջնահերթ կարիքները գնահատելու համար։ Հյուրերն ընդգծեցին, որ նախարարի նշած ծրագրերը լիովին համընկնում են իրենց կողմից արձանագրված խնդիրներին։ Նրանք գոհունակությամբ նշեցին, որ տպավորված են Հայաստանի մասնագետների բարձր պատրաստվածությամբ և բուժման ժամանակակից մեթոդներով։

Ֆրենկ Բիան նշեց, որ Դերենիկ Դումանյանի ներկայացրած ծրագրերը նաև համահունչ են AmeriCares-ի գործունեության հիմնական ուղղությունների հետ, և կազմակերպությունը այդ ծառայությունների արդիականացման այլ երկրներում ձեռք բերած փորձը, դոնոր կազմակերպությունների աջակցությամբ կարող է բերել Հայաստան։

Նախարար Դումանյանն իր հյուրերի հետ քննարկեց մի շարք հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ այնպիսի դեղերի տրամադրման հարցը, որոնք այսօր հնարավոր չէ ամբողջությամբ ձեռք բերել պետական գնումներով։ Այս ոլորտում  AmeriCares-ն արդեն 20 տարի է, ինչ հաջողությամբ համագործակցում է Միացյալ հայկական հիմնադրամի հետ։

Ֆրենկ Բիան խոստացավ, որ առաջարկներ ունենալու դեպքում հաշվի կառնեն նաև Հայաստանի այդ կարիքները։

Երկուստեք կարևորվեց երկարամյա համագործակցության ընթացքում ձեռք բերված փոխադարձ վստահությունը և հետագա ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930