ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը համոզված է, եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստների վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը, ուրեմն դատական գործընթացում խախտումներ է գտել:
«Դա նշանակում է` պետք է վերանայեն: Այսինքն, խախտումներ են գտել, որ վարույթ են ընդունել: Վճռաբեկ դատարանի որոշումը կապված է քաղաքական գործընթացով: Եթե քաղաքական գործընթացները հիմա խաղաղ են, իշխանությունները պետք է փորձեն ձգձգել այնքան ժամանակ, որ ինչ-որ կոնկրետ բան լինի` լավ կամ վատ, որ լավն էլ, վատն էլ իրենց քաղաքական շահերի համար օգտագործեն: Հիմա ոչ մի ակնկալիք չունեմ»,- Aravot.am-ին ասաց ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը:
Այսօր, ի պաշտպանություն ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների, գլխավոր դատախազության դիմաց ամենուրբաթյա բողոքի ակցիան էր:
Կարդացեք նաև
Ակցիայի ընթացքում ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանն ասաց, որ համոզված է՝ ակտիվիստների ազատ արձակման համար իրենք կպայքարեն ու կդիմակայեն բոլոր խոչընդոտներին. «Բայց այս գալիք օրերին մեզ սպասում է մի կարեւոր իրադարձություն, որը կարող է իսկապես փոփոխություններ բերել թե երիտասարդների գործով, թե ընդհանրապես Հայաստանում օրինականության եւ սահմանադրական կարգի վերականգնման գործում: Այդ իրադարձությունը գալիք ավագանու ընտրություններն են, որոնցով կարող ենք իսկապես Հայաստանում իրավիճակ փոխել: Համոզված եմ` որ Հայաստանի մտահոգ քաղաքացիների ու քաղաքական ուժերի կողմից առավելագույն ջանքերի օգտագործման դեպքում, Երեւանն իսկապես կարող է վերադարձվել ժողովրդին: Այս առումով, կարող ենք ստեղծել Հայաստանում այնպիսի վիճակ, որ ոչ միայն պարտադրենք երիտասարդներին ազատություն, այլեւ բացառենք Հայաստանում քաղբանտարկյալների եւ ապօրինությունների առկայությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ