Համահայկական Բնապահպանական Ճակատը (ՀԲՃ) դիմել է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իլիյա Գարկովին և վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանին, ընկերության երկրաբանական ուսումնասիրությունների, ընդերքօգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման, բնապահպանական և այլ փորձաքննությունների փաստաթղթերի կրկնօրինակները ստանալու խնդրանքով:
Միևնույն ժամանակ, խնդրել է իրեն տրամադրել հետևյալ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն.
- Արդյո՞ք ընկերության բոլոր աշխատակիցներն ունեն բժշկական և կյանքի ապահովագրություն, եթե այո, ապա ո՞ր թվականից, և ո՞ր ընկերության միջոցով:
- Արդյո՞ք ընկերության աշխատակիցները պարբերաբար անցնում են բժշկական զննություն, եթե այո, ապա ի՞նչ պարբերությամբ և ո՞ր բժշկական հաստատություններում:
- Արդյո՞ք ընկերության կողմից պատվիրվել են ուսումնասիրություններ՝ իր գործունեության ընթացքում Կապան քաղաքի ու հանքավայրի շրջակայքում գտնվող այլ բնակավայրերի բնակիչների առողջապահական խնդիրների և շրջակա միջավայրի էկոլոգիական պայմանների վատթարացման միջև կապը բացահայտելու կամ բացառելու ուղղությամ:
- ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գործունեության արդյունքում Կապան համայնքը և շրջակա համայնքներն աղտոտված են ծանր մետաղներով և թունավոր տարրերով: Այս կապակցությամբ խնդրել են հայտնել, թե ի՞նչ կարծիք ունի ընկերության տնօրինությունն այդ հետազոտությունների վերաբերյալ և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իրենց կողմից այդ վնասներն ու վտանգները կանխարգելելու և վերացնելու ուղղությամբ:
Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)