Ապրիլի 5-ին` «Մեդիա կենտրոնում» կայացավ ասուլիս «Հայաստանում պալիատիվ (ամոքիչ) բուժօգնության, նոր օրենսդրության մշակման հարցերը» թեմայով, որին մասնակցում էին Պալիատիվ խնամքի միջազգային նախաձեռնության փորձագետ Սթիվեն Քոնները և ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Հայաստանում շարունակվում է զարգանալ պալիատիվ խնամքը, որի հիմնական նպատակը քաղցկեղով հիվանդների և անբուժելի հիվանդություններ ունեցող անձանց համար կյանքի լավագույն որակի հասնելու հնարավորության ստեղծումն է: Դա ենթադրում է ցավի եւ մյուս բացասական ախտանիշների վերացում, համապատասխան մասնագետների կողմից հոգեբանական, սոցիալական եւ հոգեւոր աջակցություն:
Պալիատիվ բժշկական օգնության սահմանումը ներառված է առողջապահության մասին նոր օրենքի նախագծում, և պալիատիվ բժշկական օգնության զարգացման համար անհրաժեշտ շատ կարևոր դրույթներ արծարծված են «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններում: Այս գործընթացները համակարգվում են ՀՀ Առողջապահության նախարարության կողմից և նրանց ցուցաբերած աջակցության շնորհիվ` արդյունքներն արդեն տեսանելի են:
Նշված փոփոխությունները ներառում են մորֆինի և ցավազրկող այլ օփիոիդների մատչելիության ապահովում, այդ դեղերը նշանակող բժիշկների համար սահմանափակումների վերացում, ինչպես նաև պալիատիվ բժշկական օգնության ճանաչում որպես առողջապահական համակարգի կարևորագույն մաս: Առաջընթաց կա նաև առողջապահության ոլորտի մասնագետների համար պալիատիվ խնամքի վերաբերյալ կրթական ծրագրերի մշակման գործընթացում:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարության աջակցությամբ և «Գլոբալ հիմնադրամի» ֆինանսավորմամբ անցած մեկ ու կես տարում իրականացվել են պալիատիվ խնամքին նվիրված չորս պիլոտային ծրագրեր: Նշված ծրագրերը տեղակայված են «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի թիվ 1 համալսարանական կլինիկայում, «Վանաձորի թիվ 1 Լ.Արեշյանի անվան հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ում: Պիլոտային տեղամասերի առաջին տարվա գործունեության արդյունքները ցույց են տվել, որ պալիատիվ բժշկական օգնություն ստացած 132 հիվանդի մոտ գրանցվել է ցավի մեղմացում և կյանքի որակի լավացում:
ՀՀ Առողջապահության նախարարության պատրաստակամությամբ և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության, ինչպես նաև «Բաց հասարակության հիմնադրամներ» Պալիատիվ խնամքի միջազգային նախաձեռնության ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ մշակվել է պալիատիվ բժշկական օգնության ազգային ռազմավարություն, որն ընդունվել է ՀՀ Կառավարության կողմից, ինչպես նաև պալիատիվ բժշկական օգնության տրամադրման վերաբերյալ նոր կլինիկական ուղեցույց և չափորոշիչներ: Ակնկալվում է, որ նոր քաղաքականությունները կհաստատվեն օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների հետ միասին:
ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններն ու բժշկական անձնակազմի լուրջ վերապատրասումները կնպաստեն պալիատիվ բուժօգնության որակի բարձրացմանն ու ցավազրկող դեղերի հասանելիության հարցի լուծմանը.
«Այժմ ակտիվորեն աշխատում ենք ներարկային մորֆինի ներկրման խնդրի շուրջ, քանի որ Հայաստանում միայն ներարկվող տեսակն է բերվում, որը դժվար է, ցավ է պատճառում և գրեթե 5 անգամ թանկ է հաբից»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
Հայաստանում տարեկան շուրջ 18,000 հիվանդների կարիք ունեն պալիատիվ բուժօգնության, մասնագիտացված պալիատիվ ծառայությունների մատուցման: Ուժեղ ցավազրկողները հաճախ դժվար հասանելի են, տնային պայմաններում խնամքը պիլոտային ծրագրերի շրջանակներից դուրս մատչելի չէ, առողջապահության ոլորտի մասնագետները չունեն պալիատիվ խնամքի վերաբերյալ կրթություն և գիտելիքներ: Այս խնդիրները ևս, շարունակում են մնալ ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում և գործընկերների հետ համագործակցության արդյունքում ակնկալվում է գտնել լուծումներ, մոտ ապագայում:
«Բաց հասարակության հիմնադրամների» Պալիատիվ խնամքի միջազգային նախաձեռնության պալիատիվ խնամքի փորձագետ դկտ. Սթիվեն Քոններն ասաց, որ «Հայաստանում ակնհայտ է առաջընթացը, չնայած դեռ շատ անելիքներ կան»:
«Մենք գնահատել ենք պիլոտային ծրագրերի առաջին տարվա աշխատանքները ծրագրի ծառայություններից օգտված 132 հիվանդներ, որոնք ունեցել են սուր և միջին ցավեր, ստանալով պալիատիվ բուժում էականորեն բարելավվել է ոչ միայն նրանց կյանքի որակը, այլ իրենց ընտանիքների վիճակը»,-ասաց Դկտ. Սթիվեն Քոնները:
«Մեդիա կենտրոնի» մամլո հաղորդագրություն