Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ ապրիլի 4-ին Նավուր գյուղից վերեւ գտնվող տարածքում հայտնաբերվել է Բերդ քաղաքի բնակիչ, 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանի դիակը:
Վերջինս 2012թ. սեպտեմբերի 2-ի առավոտյան նախիրն ուղեկցել էր Նավուր գյուղից վերեւ, «Դուռնալու» կոչվող հանդամաս եւ չէր վերադարձել: Ասքանազ Մելիքյանը, ով Բերդի բնակիչների շրջանում հայտնի էր «Ասկո» անունով, հակում ուներ ոգելից խմիչքի հանդեպ: Ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցներն ամիսներ շարունակ անտառում ապարդյուն որոնում էին անհետ կորածին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն): Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ Ա. Մելիքյանի դիակը եղել է քայքայված վիճակում: Դեռեւս պարզ չէ՝ Մելիքյանը բնակա՞ն, թե՞ բռնի մահով է մահացել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Ասքանազ Մելիքյանի որդին՝ 27-ամյա Վրեժ Մելիքյանը 2012թ. հուլիսի 23-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում, Վարդավառի տոնակատարության ժամանակ ծագած վեճի ընթացքում դանակով հարվածել է Այգեպար գյուղի բնակիչ, 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին, որը հետո մահացել է:
Վրեժ Մելիքյանը 2013թ. Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է 11 տարի եւ 6 ամիս ազատազրկման: Այս գործով տուժողի ներկայացուցիչը եւ ամբաստանյալի պաշտպանը վերաքննիչ բողոք են ներկայացրել, գործն այժմ քննվում է վերաքննիչ դատարանում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ