ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, որոնք վերաբերվում են ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագրով բնապահպանության նախարարության կողմից կատարման ենթակա միջոցառումներին և գերակա խնդիրներին: ՙՄենք պետք է նախարարության գերակա խնդիրները վերցնենք խիստ վերահսկողության տակ, ճշտենք այն կարևոր և անհրաժեշտ ուղղությունները, որոնք մեզ պետք են: Մենք ընտրելու ենք անհրաժեշտ գործիքակազմ և աշխատանքային գրաֆիկ, որպեսզի կարողանանք ժամանակին իրականացնել ժամանակացույցով նախատեված միջոցառումները և գերկա խնդիրները՚,-հայտնել է Արամ Հարությունյանը:
Կոլեգիայի նիստում քննարկվել է մթնոլորտային օդի քաղաքականության վերաբերյալ մի շարք խնդիրների որոշման նախագծերի` ՀՀ կառավարություն ներկայացնելու հարցը. մասնավորապես կոլեգիայի անդամները ընդգծել են` քլորֆտորածխածիններ պարունակող սառնարանների և օդորակման սարքերի ներմուծումն արգելելու անհրաժեշտությունը, քանի որ այն վնասում է օզոնային շերտին: Հարցի մասին զեկուցող բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի խոսքով 2010թ արգելվել է բուն նյութերի ներկրումը Հայաստան, իսկ որոշման ընդունումից հետո արգելվելու է նաև քլորֆտորածխածիններ պարունակող սարքերի ներկրումը: Սա բխում է Մոնրեալի արձանագրության դրույթներից: Նախարարը կարևորել է այս ձեռնարկը և հայտնել, որ կոլեգիան տալիս է իր համաձայնությունը մշակել կառավարության որոշման նախագիծ և հանձնարարել է արագ և սահմանված ընթացակարգով հասցնել ավարտին: ՙԱյս որոշումը անհրաժեշտ է մեր երկրի համար, քանի որ օզոնաքայքայիչ նյութերը կարող են վնասել օզոնային շերտին՚,-նշել է նախարար Հարությունյանը:
Օրակարգում առկա հիմնախնդիրների շարքում եղել է նաև արտանետումների թույլատրելի սահմանի մասին հիմնահարցերի քննարկում: Նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին տնտեսվարողների համար հավասար պայմաններ սահմանել արտանետումների սահմանաչափերի վերաբերյալ:
Արծարծվել են ՙԲնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի և ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործման մասին ՀՀ օրենսդրության փոփոխության ժամանակացույցը հաստատելու մասին՚ ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու հարցը՚, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2013թ. կատարման ենթակա ծրագրային ցուցանիշների վերաբերյալ այլ հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ բնապահպանության նախարարություն