Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողով` Ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրները

Ապրիլ 05,2013 16:20

ԵՊՀ-ի Բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի Գրողների միության հետ միասին համատեղ երկօրյա գիտաժողով` ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրները թեմայով:

Գիտաժողովի ընթացքում հնչեցին զեկույցներ տարբեր թեմաներով. Դավիթ Գասպարյան՝ «Ժամանակակից իրականությունը և ժամանակակից հայ արձակը», Ալիս Հովհաննիսյան՝ «Հետանկախացման շրջանի հայ արձակի որոշ ֆենոմեններ», Յակոբ Պալեան՝ «Սփյուռքահայ արձակ, խնդիրներ», Վահրամ Դանիելյան՝ «Վարկածներ վեպի մասին» և այլք:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը նշեց. «Դժվար է ասել, դժվար է գնահատել, ի՞նչ ասել է գրականություն: Տասնյակ բնութագրեր կարելի է ասել և դրանցից ոչ մեկը սպառողական չի կարող լինել, վերջնական չի կարող լինել: Մեր փոքր ազգի համար գրականությունը նախևառաջ ոգի է, ճշմարտություն, գաղափար, գեղեցիկի պրոպագանդում և պատգամի հաղորդման միջոց»:

Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանն ասաց, որ արդեն 6-րդ անգամ է, որ նմանատիպ գիտաժողովներ են անցկացվում: Այս անգամ պետք է փորձեն քննել արդի հայ արձակի հիմնախնդիրները: Գրականությունն այն պաշարն է, որ ճանաչելու դռներն է բացում:

Գիտական նստաշրջանները` նվիրված գրականության ազգային մեծերի, մշակութային գործիչների վաստակին, գործունեությանը` թույլ են տալիս նրանց աշխատանքների մասին խոսել, զեկուցումներ լսել, քննարկումներ անցկացնել, կարծիքներ փոխանակել, որոնք ի վերջո դառնում են գիրք: Եվ ինչպես պրն Ավագյանը նշեց, այսօր շնորհիվ Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի՝ այդ բոլոր գրքերն իրենց սեղանների վրա են:

Արծրուն Ավագյանը նաև հավելեց. «Եթե մենք շատ թե քիչ ծանոթ ենք մեր դասական գրականությանը, ապա ընթացիկ գրականության մասին այնքան էլ լավատեղյակ չենք: Քիչ ենք ընթերցում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Սուբյեկտիվը մեր սոցիալական վիճակն է: Օբյեկտիվը` գուցե այսօրվա տեխնիկական այն հաղորդակցման միջոցները, որ գրեթե ամեն մարդ ունի և ինքը շատ ավելի հեշտությամբ կարողանում է բացել ինչ-որ կայքի էջ ու ընթերցել»:

Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը հավելեց. «Վերջին ժամանակներս ժամանակակից գրականությունը`արձակը, ուշադրության կենտրոն է տեղափոխվել, որն էլ ողջունելի է»:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930