Ապրիլի 14-ին կլրանա հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 99 ամյակը: Հոբելյանի կապակցությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպեցին մեծ վարպետի որդին` Նաիրի Սահյանը եւ «Համո Սահյան» հիմնադրամի նախագահ Շչորս Դավթյանը: Պարոն Դավթյանը ներկայացրեց կենտրոնի գործունեության հիմնական նպատակները` բանաստեղծի ստեղծագործությունների տպագրում, դրանց գիտական արժեւորում: Հիմնադրամը զբաղվում է նաեւ գրողի հիշատակի հավերժացման հարցերով:
Մյուս տարի հոբելյանական հարյուրամյակի կապակցությամբ շատ ծրագրեր կան, որոնք, սակայն, դեռ չեն իրականացվում: Կենտրոնի նախագահ Շչորս Դավթյանը նշում է, որ չնայած Երեւանի քաղաքապետարանի խոստումներին, դեռ ոչինչ չի արվում մյուս տարվա համար:
Իսկ կատարված աշխատանքը հիմնականում այս` երեք անդամից բաղկացած հասարակական կազմակերպության եւ գրողի որդու` Նաիրի Սահյանի նախաձեռնությամբ և օժանդակությամբ է լինում: «4-5 տարի է, որ քաղաքապետարանին ենք դիմել Համո Սահյանի հուշարձանի կանգնեցման համար: Սկզբում խոստացան, որ կաջակցեն, նույնիսկ արդեն տարածքն է նախատեսված, սակայն մինչեւ հիմա հուշարձանի համար մրցույթ չի հայտարարվել»,- նշում է կենտրոնի նախագահը:
Մինչդեռ երկրի սահմաններից դուրս նրանց գործունեությունը մշտապես օժանդակության եւ խրախուսանքի է արժանանում: «Իշխանության գլխին գտնվողները չեն հասկանում, թե ինչ է մշակույթը, պոեզիան: Դժվար է խոսել պոեզիայի մասին այն պայմաններում, երբ նույնիսկ միասեռականների ամուսնության մասին ծրագիր կա»,- ասում է բանաստեղծի որդին:
Կարդացեք նաև
Եվ չնայած պետական աջակցության բացակայությանը` «Համո Սահյան» հիմնադրամի ջանքերով շուտով կվերաբացվի բանաստեղծի տուն-թանգարանը իր հայրենի գյուղում: Վարպետի հարյուրամյակի կապակցությամբ նախատեսվում են նաեւ հոբելյանական միջոցառումների, գիտական կոնֆերանսների անցկացում:
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ