Այն, որ odnoklassniki.ru կայքը փակման շեմին է, շատերի խոսակցության թեման էր դարձել վերջին շրջանում. ոմանք թերահավատորեն էին մոտենում այդ նորությանը, ոմանք էլ հավատում էին ու նույնիսկ ափսոսում: Կասկածները հաստատվեցին երեկ, երբ սոցիալական ցանցը ժամանակավորապես դադարեց գործել՝ խուճապի մատնելով շատ օգտատերերի, ովքեր փորձելով մուտք գործել կայք հանդիպում էին հետևյալ գրությանը. «Ընթանում են տեխնիկական աշխատանքներ, փորձեք ավելի ուշ»:
«Ես անչափ ուրախ եմ, որ օդնոկլասսնիկին փակվում է… ժամանակի անիմաստ կորուստ էր դա», – գրել է Անի Սարգսյանը: Վարդուհի Հարությունյանը ևս ուրախ է նորությամբ. «Ինչ լավ է, որ օդնոկլասսնիկին փակվում է, անիմաստ էջեր չեն բացի իմ նկարներով, գոնե էդ մի դարդից կպրծնեմ»: Կարնեն Ստեփանյանն էլ փորձել է հանգստացնել խուճապի մատնվածներին, գրելով. «Ժող, ո՞նց եք պատկերացնում փակվի մի կայք, որի օրական լսարանը կազմում է 40 մլն մարդ, անհնար է»:
Այսօր արդեն սոցցանցը մասամբ հասանելի է: Մուտք գործելով այնտեղ օգտատերը հանդիպում է հետևյալ գրությանը. «Ժապավենը հասանելի կլինի շատ շուտով, մնացեք մեզ հետ»:
«Ինչ լավ է, որ շուտով հասանելի կլինի սոցցանցը, էնքան էի ափսոսում», – գրել է Տաթև Մաթևոսյանը, Գևորգ Աբրահամյանն էլ ավելացրել է. «Թող ուրախանան բոլոր նրանք (հատկապես աղջիկները), ովքեր ամենաշատը իրենց անթիվ անհամար նկարների համար էին անհանգստանում»:
«Ստեղ են ասել առուն թռի նոր ասա՝ հոպ, ժամանակից շուտ ուրախացա կայքի փակման կապակցությամբ», – գրել է Մանե Մինասյանը:
Լուսիկ Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումն էլ ուղղված է բոլոր նրանց, ովքեր odnoklassniki.ru-ն «իրենց մակարդակի» չեն համարում. «Հիշեք, բոլորդ այստեղ եկել եք օդնոկլասսնիկից, հիմա արդեն ձեր մակարդակի՞ն չի»:
«Ամեն մարդ ունի իր համար սոցցանց, – գրել է Քրիստինա Տեր-Բալյանը, – չպետք է դրանով դատել մարդու մասին, իմ ընկերների մեծամասնությունը odnoklassniki ցանցի սիրահար են ու հոյակապ մարդ, եկեք հանգիստ թողնենք էդ ցանցը, և հուսանք, որ շուտով կբացվի»:
Տիգրանուհի Թասլակյան