Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. Չկա մարդ, ում չի հետաքրքրում, թե ինչու են փախչում ու վերադառնում

Ապրիլ 05,2013 15:33

Հայաստանում եւ արտերկրում ճանաչված կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ավարտել է իր նոր ֆիլմը, որն «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքից է, եւ ենթավերնագիրն է ՝ «Հայկ. փախուստ»: Կինոռեժիսորը հույս ունի, որ հուլիսին ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրերից մեկում:

Հարություն Խաչատրյանը, անդրադառնալով դեռեւս 25 տարի առաջ նկարած իր «Քամին ունայնության» ֆիլմին, ասաց, որ այն եւս մարդկային ճակատագրերի, մարդկանց մասին է, որոնք զանազան դրդապատճառներով կամ ակնկալիքներով՝ քաղաքական, սոցիալական, հաց փնտրելու, արմատներից հոգնած լինելու եւ այլն, հեռանում էին: Կինոռեժիսորը տարիներ շարունակ հետեւել է իր «Քամին ունայնության» ֆիլմի հերոսների ճակատագրին, եւ հենց այդ դիտարկումների արդյունքն է «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձը» շարքը:

«Իմ բոլոր ֆիլմերն էլ ուսումնասիրություններ են տարբեր իրավիճակների, մարդկանց տեսակների, մի գյուղի, մի քաղաքի պատմություն: Ինձ միշտ էլ հետաքրքրել է, թե ինչու են մարդիկ հեռանում, որովհետեւ իմ մեջ էլ եղել է փախուստի ցանկությունը: «Քամին ունայնության» ֆիլմի հերոսները հասարակ մարդիկ էին, ոչ շատ ճանաչված՝ մեկը նկարիչ էր, մյուսը՝ թատրոնի ինքուս ռեժիսոր, երրորդը՝ ավտոմեխանիկ: Ուղիղ 25 տարի է՝ նկարում եմ այդ մարդկանց, ամեն 6-7 տարին մեկ գնում-գտնում եմ նրանց: Սկզբում մտածում էի, թե մեկ ֆիլմ կդառնա, բայց այնքան նյութ հավաքվեց, որ հասկացա՝ ֆիլմերի շարք է լինելու: Ամեն մարդը, ամեն ճակատագիրը մեկ ֆիլմ է: Լուրջ ուսումնասիրություն է արված՝ առանց պրետենզիաների, առանց մեղադրանքի եւ առանց գովելու: Կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ, ում չհետաքրքրի, թե ինչո՞ւ են հեռանում Հայաստանից եւ ինչո՞ւ վերադառնում: Արդյոք դա ազգային հատկանի՞շ է, թե՞ իրավիճակից է բխում: Իմ ցանկությունը ոչ թե ընդգծելն էր փախչելու կամ վերադառնալու ձեւը, այլ ուզում էի մարդկանց այդ հարցի շուրջ լրջորեն անհանգստանալու եւ մտածելու առիթ տալ»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա ասում է, որ ի տարբերություն մյուս ֆիլմերի, որտեղ կարեւորը կինոլեզուն է, կինոպատկերը, մոնտաժը, այստեղ, պատկերավոր ասած, շատախոս է գտնվել, սակայն ֆիլմը ստացվել է հայեցի ու ամենակարեւորը՝ արվեստով: Նկարահանումներն արվել են ԱՄՆ-ում, Խարկովում, Տալլինում, Մոսկվայում, Կամչատկայում եւ ընդհանրապես Ռուսաստանի անգամ ամենախուլ անկյունում: Արդյունքում 5 ֆիլմի նյութ է կուտակվել: Ռեժիսորը հույս ունի, որ բոլոր ֆիլմերը մեկ օր միասին կցուցադրվեն. «Բնականաբար հարմար չի լինի 7-8 ժամ միանգամից նայելը, կարելի է 2 ժամ առավոտյան, 2 ժամ կեսօրին, 2 ժամ երեկոյան դիտել»:

Ասում է՝ անչափ հետաքրքիր են խոսակցությունները, որոնք թարգմանելիս գուցե կկորցնեն իրենց համնուհոտը:

Ինչ վերաբերում է առաջին՝ «Փախուստ. Հայկ» ֆիլմին, այն պատմում է 88-ին Հայաստանից հեռացած ինքնուս թատերական ռեժիսորի մասին, որը հասել է անգամ Կամչատկա ու Սախալին: «Նա սկզբում չէր ուզում Հայաստանի մասին հիշել, ասում էր՝ ինչքան հեռու հայերից, այնքան լավ, բայց հինգ տարի առաջ, երբ սկսեց խոսել, ասաց, որ պատրաստվում է վերադառնալ Հայաստան: Մյուս կողմից էլ, ուժ չի մնացել վերադառնալու, բայց լավ է, որ գոնե վերջում մարդը հայկական եկեղեցի է մտնում….ֆիլմը վերջանում է այսպես՝ նա դուրս գալով եկեղեցուց, քայլում է հայկական գերեզմանների միջով, որտեղ ամփոփված են են հայկական ազգանուններով մարդիկ»:

Մյուս ֆիլմը պատահաբար «Գրին քարդ» շահած ու Ամերիկայում հայտնված մարդու մասին է, որը սարսափում է Ամերիկայից: Նա երազում է թոշակի անցնել ու հասնել Հայաստան, սակայն ընտանիքն այլ որակներ է ձեռք բերել Ամերիկայում եւ այլ ցանկություններ ունի: Ընտանիքը կործանվում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930