Այսօր կեսօրից հետո Թեղուտի պաշտպանության նախաձեռնության մի քանի անդամներ Հանրապետության հրապարակից բողոքի երթով շարժվեցին դեպի ՀՀ դատախազության շենք՝ հանձնելու հանցագործության մասին հաղորդում:
Նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանի խոսքով՝ Թեղուտի հանքավայրի շահագործման այժմյան նախագիծն իրականացվում է առանց փորձաքննության եւ անօրինական է:
Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Գրիգորյանը պարզաբանեց, որ իրենց խնդիրն է «բռնել պատասխանատու չինովնիկների կոկորդներից», որպեսզի նրանք ստուգումներ անցկացնեն, որից հետո պարզ կլինի՝ որքանով են ճշգրիտ «Թեղուտ» ՓԲԸ-ի պարզաբանումները շահագործման նախագծի վերաբերյալ:
Նա ասաց, որ եթե դատախազությունն որոշում ընդունի իրենց ներկայացրած հանցագործության հաղորդմանն ընթացք չտալ, իրենք կդիմեն դատարան:
Կարդացեք նաև
«Եթե վարույթն սկսվի, եւ մեզանից բացատրություններ խնդրեն, մենք այդ ժամանակ կբացահայտենք մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը»,-հավելեց բնապահպան-ակտիվիստը:
Հիշեցենեք, որ Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները երեք ամիս առաջ նույն հաղորդումը հանձնել էին դատախազություն, որը, սակայն, անպատասխան էր մնացել:
Աշոտ ԱԹԱՅԱՆ