Իտալացի բժիշկը հայ մասնագետներին խորհուրդ տվեց, որ վիժումները, վաղաժամ ծննդաբերությունը կանխելու, արհեստական բեղմնավորմամբ հղիությունը պահպանելու համար բուժել պրոգեստորեն դեղամիջոցով:
Կրկնվող վիժումների պատճառներն ի հայտ բերելու, անպտղության ցուցանիշները նվազեցնելու, մանկական ու մայրական մահացությունը կանխելու նպատակով, այսօր «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել էր միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին հայաստանյան մանկաբարձ-գինեկոլոգները: Միջազգային ասպարեզում հայտնի գիտնականները եւ պրակտիկ բժիշկները հայ մասնագետներին ներկայացրին միջազգային փորձը:
Իտալիայի Պերուջո քաղաքի համալսարանի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի ղեկավար Ժան Կարլո Դի Ռենցոյի խոսքերով, Հայաստանը վերջին 10 տարիների ընթացքում պերինատալ բժշկության ոլորտում մեծ առաջընթաց ու հաջողություններ է արձանագրել, չնայած, որ որոշ խնդիրներ դեռեւս կան. «Մայրական մահացության հիմնական պատճառ է մնում հետծննդյան արյունահոսությունները: Երեւանը եւ մեր համալսարանը բավականին մեծ ներդրում են ունեցել, որպեսզի դա կրճատվի: Իհարկե մայրական մահացության վիճակագրական տվյալները բավականին ցածրանում են: Ոչ միայն արյունահոսությունը, այլեւ բարձր զարկերակային ճնշում ունեցող կանանց հետ կատարված այդ բոլոր հաջողությունները դուք ունեցել եք ձեր հանրապետությունում»: Ըստ միջազգային մասնագետի, մեր երկրում անպտղության պատճառները պայմանավորված են սոցիալական պատճառներով` սթրեսը, ճարպակալումը եւ այլն: Ժան Կարլո Դի Ռենցոն իր ելույթում անդրադարձավ կրկնվող վիժումներին` վստահեցնելով, որ վիժումների մեծ մասի հիմքում ընկած է տրոմբոֆիլիան: Իտալացի բժիշկը հայ մասնագետներին խորհուրդ տվեց, որ վիժումները, վաղաժամ ծննդաբերությունը կանխելու, արհեստական բեղմնավորմամբ հղիությունը պահպանելու համար բուժել պրոգեստորեն դեղամիջոցով, որը բուսական հիմքով է եւ անվնաս:
ՀՀ գլխավոր գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի ներկայացմամբ, վերջին 4-5 տարվա համեմատությամբ մեր երկրում զգալի` մոտ եռակի-քառակի նվազել է աբորտների թիվը, իջել է մայրական մահացությունների ցուցանիշը, ծնելիությունը աճել է:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ