Ազատ Արշակյան. «Ես եւ Նավասարդյան Աշոտը, որպես հատուկ վտանգավոր ռեցիդիվիստներ, քաղաքական կալանավորների հիերարխիայում շատ բարձր կարգավիճակ ունեինք: Մեզ թելադրել հնարավոր չէր»:
«Եթե իշխանությունները շարունակեն իրենց ոչ ռացիոնալ մոտեցումները, ես ստիպված կլինեմ գնալ լուրջ բացահայտումների՝ հենց իրենց, ՀՀԿ-ի մասին: Աշոտ Նավասարդյանն ընդամենն այդ կուսակցությունը գրանցել է: Մտահղացումը իրենը չի եղել: Ինչպես նաեւ ՀՔԴՄ-ինը: Այո, ՀՔԴՄ-ն եւ ՀՀԿ-ն Հայաստանում ստեղծվել են բոլորովին այլ մարդու հանձնարարությամբ, առաջադրանքով: Աշոտ Նավասարդյանն ու Ազատ Արշակյանն ընդամենը եղել են նրանց գրանցողները: Ես Աշոտ Նավասարդյանի հետ բավականին մտերիմ եմ եղել, տեղյակ եմ այդ պատմություններին: Որպեսզի այդ կուսակցությունն ավելի ազգային բովանդակություն ունենա, ինքը փորձեց… չնայած Նավասարդյանն այդքան նժդեհականության վրա չէր հենվում այն ժամանակ, բայց…»,- «Առավոտի» հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը: Նրա ղեկավարած կուսակցությունը նախագահական ընտրություններից առաջ հայտարարեց, որ սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Այսօր պարոն Շահվերդյանին մտահոգում է ստեղծված իրավիճակը եւ իշխանությունների անտարբերությունը: «Նախագծի» հեղինակի անունը Շահվերդյանը կասի, եթե «իշխանությունները հետեւություններ չանեն: Այդ դեպքում նրանք ստիպված կլինեն նաեւ ճշտել, թե ի՞նչ նպատակ է հետապնդել Հայաստանում այդ առաջադրանքը, ի՞նչ նպատակ է ունեցել այդ կուսակցությունների ստեղծումը: Կարող եմ ավելի խորացնել բացահայտումները, բայց եթե մինչեւ հիմա լռել ենք, լռել ենք ի շահ երկրի կայունության, ազգային համերաշխության եւ միասնության: Ճիշտ է, վերջերս Րաֆֆի Հովհաննիսյանն էլ շատ է խոսում ազգային միասնությունից, կոչ է անում նախագահին մինչեւ ապրիլի 9-ը՝ երդմնակալության օրը, հանուն ազգային միասնության որոշակի քայլեր կատարել, ադեկվատ քայլեր կատարել: Բայց ես ուզում եմ, ցավոք, տխուր դեպք հիշեցնել. հանուն այդ ազգային միասնության 1998 թվականի նախագահական արտահերթ ընտրություններից հետո, հանուն այդ շահի ընդդիմադիր ՀԺԿ-ն, փաստորեն, միացավ իշխանամետ ՀՀԿ-ի հետ: Դրանով քաղաքական դաշտում բավականին ժամանակ ոչնչացվեցին ընդդիմադիր եւ իշխանամետ հասկացողությունները, եւ արդյունքը մենք տեսանք, թե ինչ տխուր ավարտ ունեցավ: Նկատի ունեմ՝ 1999-ի հոկտեմբերի 27-ը: Ազգային միասնության ճանապարհով գնալիս մենք հասանք հոկտեմբերի 27-ին: Մտածելու բաներ են սրանք էլ: Այնպես որ, կարծում եմ՝ ժամանակը սուղ է, համապատասխան ուժերը պետք է որոշում կայացնեն, եթե չեն ուզում, որ հանրապետությունում ստեղծվի անվերահսկելի իրավիճակ»:
ՀՔԴՄ հիմնադիր Ազատ Արշակյանը վերոնշյալ բացահայտումների մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այդտեղ գաղտնիք ընդհանրապես չի եղել: Բայց եթե կան բաներ, շատ հանգիստ կարելի է բացահայտել, որովհետեւ դա ինձ էլ շատ կհետաքրքրի: Գաղտնիք ընդհանրապես չի եղել»: Մեր զրուցակցի պատմելով՝ Մովսես Գորգիսյանի զոհվելուց հետո ԱԻՄ-ում ճգնաժամ էր առաջացել, քանի որ այդ կառույցը նաեւ Գորգիսյանի հեղինակության վրա էր հիմնված: «Ես ու Աշոտը նոր էինք վերադարձել կալանավայրից եւ ադապտացիայի ռեժիմի մեջ էինք, նոր-նոր մտնում էինք քաղաքացիական կյանք: Այդ ճգնաժամի ժամանակ երբ Մովսեսը զոհվեց, Հայրիկյանն ԱՄՆ-ում էր, կազմակերպությունում կապող օղակներ չկային, բայց կային շատ ֆրակցիաներ, եւ որպեսզի չդառնամ ԱԻՄ-ը պառակտող, ես հայտարարեցի, որ հեռանում եմ ԱԻՄ-ից՝ հետս ոչինչ չտանելով՝ ո՛չ մարդկանց, ո՛չ ռեսուրսներ: Ու հեռացա Վարդան Հարությունյանի հետ»,- պատմում է մեր զրուցակիցը: Այնուհետեւ ստեղծում են ՀՔԴՄ-ն. «Վարդան Հարությունյանը, իր սովորության համաձայն, չցանկացավ քաղաքականանալ: Ինքը աջակից էր, համակիր էր, ընկեր էր: Իսկ արդեն քայքայված ԱԻՄ-ի այն թեւը՝ Աշոտ Նավասարդյանի կողմնակիցների ՀՀԿ-ական ֆրակցիան, առաջինը գրանցվեց որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն: Ես ԱԻՄ-ից արդեն դուրս էի եկել ու այդ խորհրդակցություններին չեմ մասնակցել, բայց, կարծում եմ, այդ մարդկանց, այդ խմբի, հիմնախնդիրների նախաձեռնությունն ու ցանկությունն էր: Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ. մեզ համար չկար այդպիսի հեղինակություն… ուզում եք համարեք դա մեծամտություն, անփորձություն, անտեղյակություն: Մենք հեղինակություններ չէինք ճանաչում: Որեւէ մեկն ինձ չէր կարող թելադրել: Մենք ինքներս մեր ներքին հարաբերություններում, մանավանդ ես եւ Նավասարդյան Աշոտը, որպես հատուկ վտանգավոր ռեցիդիվիստներ, քաղաքական կալանավորներ հիերարխիայում շատ բարձր կարգավիճակ ունեինք, ընդհանրապես: Մեզ թելադրել հնարավոր չէր: Նույնիսկ այդ համայնքում ընդունված էթիկայի կանոններով մենք ամենաբարձր մակարդակն ունեինք, մեզ չէր կարելի թելադրել: Ես չեմ կարծում՝ որեւէ մեկը կարողանար Նավասարդյան Աշոտին թելադրել: Գուցե խորհուրդ տալ, առաջարկություն անել: Բայց Նավասարդյան Աշոտը գործել է ինքնուրույն»:
Դեռ նախագահական ընտրություններից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մի քննարկումից հետո Մովսես Շահվերդյանը այնպիսի տպավորություն է ստացել, որ միայն ինքն ու Րաֆֆի Հովհաննիսյանն են հավատում, որ «այս գործը կարող է հաջողություն ունենալ»: Բայց այդ հաջողության գրավականը նա համարում է ժողովրդի տրամադրվածությունը. «Ժողովուրդը իսկապես փոփոխություններ է ուզում, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հանձնարարական է ստացել ժողովրդից՝ կատարելու որոշակի քայլեր եւ գրանցելու արդյունքներ: Այնպես չէ, որ հարցերը պետք է կարգավորվեն միայն Սարգսյան-Հովհաննիսյան հանդիպումների ժամանակ՝ իշխանություն բաժանելու կամ ինչ-ինչ կոմպրոմիսային լուծումների: Ես հասկանում եմ երկիրը ցնցումների չտանելու մտահոգությունները, կա Արցախյան խնդիրը, ներքին կայունության խնդիր: Բարի ցանկությունն ու կամեցողությունն այստեղ պետք է երկուստեք լինեն. ինքս էլ եմ ցանկանում մի այնպիսի կոմպրոմիսային լուծում, որտեղ ժողովուրդը գոհ մնար: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող անել այնպիսի քայլ, որից ժողովուրդը հիասթափվի: Ինքը լինելով հայրենասեր, նվիրված ժողովրդին ու հայրենիքին՝ չեմ կարծում, որ այս ամենը կվերածի պարզունակ քաղաքական առեւտրի: Բայց, ցավոք, ես չեմ տեսնում մյուս կողմի, մասնավորաբար՝ ՀՀԿ-ի պատրաստակամությունը զիջումների գնալու եւ ոչ էլ այդ ըմբռնումը, թե ինչպիսի բարդ իրավիճակ է այսօր հանրապետությունում իրականում ստեղծված»:
Կարդացեք նաև
Շահվերդյանի կարծիքով՝ մեզ մոտ վերլուծությունները մի քիչ մակերեսային են կատարվում, դրա համար էլ շատերը ոչ իրավիճակի լրջությունն են պատկերացնում, ոչ էլ հետագա զարգացումները: «Բայց հանրապետությունում այսօր իսկապես իր լրջությամբ բացառիկ իրավիճակ է ստեղծվել, որը պահանջում է, այո, ոչ ստանդարտ լուծումներ»,- ասում է նա:
Հարցին՝ ՀՀԿ-ի կեցվածքը պարզ է՝ իշխանական ամբիցիաների եւ կաղապարների մեջ, իսկ ի՞նչ կասեք խորհրդարանական ընդդիմադիրների եւ այլընտրանքի մասին. ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը Րաֆֆիի կողքին չեն, ՀՅԴ-ն էլ անհասկանալի է՝ կողքի՞ն է, թե՞ ոչ:
Շահվերդյանը պատասխանեց. «Մենք ժողովրդի գործոնը կամ երկրորդ պլան ենք մղում, կամ ընդհանրապես անտեսում ենք: Այսօր ժողովուրդը գնում է կոնկրետ քաղաքական գործչի ետեւից, եւ այն խմբի, ովքեր նրա կողքին են ու աջակցում են: Րաֆֆին այսօր ինքն է խուսափում կուսակցականացնել այդ շարժումը: Ձեր նշած ուժերն իրենք են իրենց դրել երկրորդ պլանի խաղացողի դերում: Դա նրանց խնդիրն է, յուրաքանչյուրը թող իր հաշվարկն անի: Իհարկե, ես այդ ուժերի հնարավորությունները, ռեսուրսները եւ անգամ սպասելիքները տարբեր կգնահատեի. այսօր հանրապետությունում ազդեցիկ, իրավիճակ փոխող ուժերն, իմ կարծիքով, երեքն են՝ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ով, բայց լուրջ խնդիրներով, այդ թվում նաեւ՝ կուսակցության մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր շուրջը համախմբված մարդկանցով, եւ ԲՀԿ-ն՝ իր ռեսուրսներով եւ հնարավորություններով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Մնացածն ինչ էլ անեն, մոտ ժամանակներս էլի մնալու են երկրորդ պլանի խաղացողի դերում: Այս երեքն ինչպես իրենց կդրսեւորեն՝ չեմ կարող ասել: Բայց կուզենայի, որ վերանային այդ պարզունակ քաղաքական առեւտրից ու ամեն ինչին նայեին զուտ քաղաքական, պետական մտածողության եւ ժողովրդի շահից բխող հաշվարկներով ու մոտեցումներով, ճիշտ գնահատեին այս շարժման բնույթն ու մեթոդաբանությունը: Այս շարժումը կարող է եւ քաղաքական երանգներ ունենալ, եւ ազգային-ազատագրական»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. ՀՀԿ հիմնադիր անդամների կարծիքը ՀՀԿ-ի հիմնադրման մասին Մովսես Շահվերդյանի բացահայտումների շուրջ՝ կներկայացնենք առաջիկա համարներում:
«Առավոտ» օրաթերթ