Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արքան ու թափառական բանաստեղծը

Ապրիլ 05,2013 15:02

Գարնանային զրնգուն առավոտի ոսկեծուփ լույսի մեջ նստել էր Արքան՝ իր փոքր երկրի եւ մեծ ազգի առաջնորդը: Սեղանը ծածկող սփռոցը կուրացուցիչ սպիտակ էր, եւ կլորաձեւ փայտածածկ տաղավարը օրվա այդ ժամին չէր կարող նրան եւ սեղանակիցներին պաշտպանել համատարած լույսից: Փոքրիկ տաղավարը խորը ձորի պռնկին էր՝ դիմացը աշնանային գույների մեջ թաղված ամփոփ, վաղանցուկ տեսիլքի պես մի քաղաք, որի սրտից էլ ձորն ի վար խշշում, ծավալվում էր նորահարսի պես ճերմակ փրփուր հագած ջրվեժը: Ջրվեժի ձայնը հասնում՝ ճերմակ փրփրուրով պարուրում էր բոլորին, ու սեղանը ճերմակ: Պահն այնքան նախաստեղծ էր, որ ցանկացած խոսք ավելորդ էր թվում, եւ կարծես ամեն ինչ արդեն ասված էր:

Լուռ էր Արքան, լուռ էին նաեւ սակավաթիվ սեղանակիցները: Երբեմն-երբեմն խոսում էր միայն, անցած անքուն գիշերից հետո, բորբոքված աչքերով թափառական բանաստեղծը, ով ոչ մի կերպ չէր գտնում իր տեղը, քանզի չէր ուզում մեջքով նստել դեպի արքան, միաժամանակ՝ չուզելով մեջքով շրջվել դեպի ջրվեժը: Ուստիեւ թափառական բանաստեղծի խոսքը երբեմն լսելի էր, իսկ հաճախ խառնվում էր ջրվեժի համատարած խշշոցին եւ ձորն ի վար հեռանում դեպի անհայտություն, դեպի բոլոր ջրերի մայր ծովը:

Բանաստեղծը շարունակում էր, իսկ Արքան՝ նայելով ջրվեժին, մտածում էր՝ ահա Աստծո նվերը, Աստված նվիրել է մեզ ու մոռացել, հույս ունենալով, որ մենք կճանաչենք ու կսիրենք իր նվերը: Ընդհանրապես այդպես է՝ նվիրատուն պետք է որ մոռանա իր արածը, առավել եւս՝ եթե Աստված է,- շարունակում էր մտածել Արքան,-Աստված կարող է մոռանալ, բայց մենք պիտի պահենք, չխաթարենք այս շքեղ ներդաշնակությունը: Քանի մահախուճապ սերունդներ են նայել այս ջրվեժին ու անցել, նաեւ արքաներ են նայել ու սխալ հասկանալով Աստծո նվերը՝ իրենց հռչակել են անմահ կուռքեր, բայց միեւնույն է՝ իրենք էլ են անցել, իսկ ջրվեժը մնացել է:

Եվ հիմա, այսօր մեր ամենամեծ քննությունը պետք է այս ջրվեժին հանձնենք, եւ դուրս գալով սովորական դարձած երրորդ չափումից՝ հասնենք չորրորդ չափման սահմանին, այսինքն՝ թիրախի տասնմեկերորդ նիշին, ուր ազգն ու ջրվեժը ներդաշնակ են, մի հոգի ու մի մարմին: Չէ՞ որ նետի մեծությունը չէ, որ որոշում է քո էության հզորությունը, այլ որոշողը նշանի ահագնությունն է,- շարունակում էր մտածել Արքան:

Իսկ Արքայի եւ ջրվեժի արանքում հայտնված թափառական բանաստեղծը դեռ խոսում էր:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930