Լրահոս
Օրվա լրահոսը

Ասթմայով հիվանդների համար եռակի, քառակի թանկ դեղեր են ներկրել

Ապրիլ 05,2013 14:54

Մատչելի դեղերն էլ արանքից հանել են, որ հիվանդները ստիպված թանկ դեղը գնեն

Արդեն մի քանի ամիս է՝ հայաստանյան դեղատներից բացակայում են ասթմայով հիվանդների համար նախատեսված «Բեկլաֆորտե» եւ «Դիտեկ» դեղերը: Փոխարենը դեղատներում հայտնվել են վերոնշյալ երկու դեղերին իրենց արժեքով մոտ 2-4 անգամ գերազանցող այլ դեղեր, որոնք ասթմայով հիվանդ քաղաքացիների վստահեցմամբ՝ ոչ միայն շատ թանկ են, այլեւ ցածր արդյունավետություն ունեն, քանի որ չեն պարունակում այն հիմնական նյութը, ինչ նախկին դեղերը:

«Բեկլաֆորտե»-ն արժեր 5 հազար դրամ, «Դիտեկ»-ը՝ 11 հազար: Դրանց փոխարեն դեղատներում վաճառվում է «Սերետաիտ» դեղը, որն արժե 24 հազար դրամ: «Առավոտ»-ին ահազանգած քաղաքացիները, որոնց խոսքերով՝ 10-15 տարուց ավելի օգտագործում էին «Բեկլաֆորտե» եւ «Դիտեկ», բժիշկները, որպես մատչելի տարբերակ, ասթմայով հիվանդներին այժմ նշանակում են «Ատրովենտ», որն արժե 7 հազար դրամ: Բայց ըստ բողոքի հեղինակների՝ այն նույնպես չի պարունակում «բեկլամետազոն» նյութը, ինչը որ առկա էր նախկին դեղերում:

Ասթմայով հիվանդ մարդն իր ողջ կյանքի ընթացքում պետք է պարբերաբար օգտագործի այդ դեղերը: Ինչպես մեզ հետ զրույցում դժգոհեցին ասթմայով հիվանդ քաղաքացիները, միջին աշխատավարձի կամ թոշակի հույսին մարդն ի վիճակի չէ ամեն անգամ 24 հազար դրամով դեղ գնել. «Ով մտքին ինչ դնում՝ անում է: Դեղատներից իսպառ վերացել են մեր դեղերը: Ինչ-որ մեկը որոշել է մեր հաշվին իր թանկարժեք դեղերն իրացնել: Եվ առանց հաշվի առնելու մեր երկրի սոցիալական վիճակը՝ այնպիսի դեղեր է ներկրել, որ մեջը եռակի օգուտ ունենա՝ հատկապես, որ սա այն դեղն է, որ ասթմայով հիվանդ մարդը ստիպված գնելու է, քանի որ չի կարող ապրել առանց այդ դեղերի: Հինգ հազար դրամանոց աէրոզոլ դեղերը եւ մատչելի էին, եւ էֆեկտիվ: Տարիներ ի վեր դրանք էինք օգտագործում: Նույնիսկ 5 հազար դրամը ամեն մարդու գրպանին հարմար չէր»:

Ո՞վ է վերահսկում, որպեսզի դեղերի շուկայում այսպիսի արհեստական դեֆիցիտ չստեղծվի՝ «Առավոտի» հարցին «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ից պատասխանեցին, որ իրենք ոչ մի առնչություն չունեն վերահսկողության հետ, եւ իրենց հիմնական գործը դեղերի գրանցման գործընթացն է, դրան հետեւելը: Առողջապահության նախարարությունից մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ առայժմ որեւէ մարմին չկա, որը կվերահսկի եւ կուսումնասիրի այս կամ այն դեղի դեֆիցիտի պատճառը, եւ որ վերահսկող մարմինը՝ առողջապահության տեսչությունը, նոր-նոր միայն ձեւավորվում է:

Բժիշկ մասնագետների վստահեցմամբ՝ մթնոլորտի աղտոտվածությամբ պայմանավորված՝ մեր երկրում տարեցտարի ավելանում է ասթմայով հիվանդ մարդկանց թիվը: Առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանի՝ «Առավոտ»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2011 թվականի տվյալներով՝ մեր երկրում 17 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում 4858 դեպք է գրանցվել: 0-14 տարեկանների շրջանում՝ 514 դեպք: Սակայն, ըստ պարոն Բազարչյանի, հիվանդացությունը 100 հազար բնակչի հաշվով 17 տարեկանից բարձր անձանց շրջանում 191,7 մարդ է հիվանդ ասթմայով, 0-14 տարիքային խմբում 100 հազար բնակչի հաշվով 87 մարդ այդպիսի խնդիր ունի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930