Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը տեւական պատանդ է ռեժիմի ձեռքին

Ապրիլ 05,2013 14:49

 Այլ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, ով պայքարում է արդարության համար

Ռեժիմի պարագլուխները Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում են ժողովրդին պատանդ վերցնելու եւ քաղաքական դիվերսիա կատարելու մեջ: Իրավական տեսակետից դիվերսիան պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ եւ այլն կատարելն է, որն ուղղված է մարդկանց զանգվածաբար ոչնչացնելուն, գույքի ավերմանը կամ, հակիրճ ասած՝ ոտնձգումն է տնտեսության անվտանգությանը եւ պետության պաշտպանունակությանը: Պատանդ վերցնելը կամ մարդուն առեւանգելը ոտնձգում է անձի ֆիզիկական ազատությունները ապահովող հասարակական հարաբերություններին, այսինքն՝ իր հայեցողությամբ եւ կամքի թելադրանքով ամեն տեղ գտնվելու եւ տարածությունում ֆիզիկապես տեղաշարժվելու սեփական իրավունքին:

Բոլորս գիտենք, որ Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները այնտեղ գտնվում են իրենց սեփական հայեցողությամբ եւ բողոքում են ռեժիմի կողմից փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության արդյունքները կամ, որ նույնն է՝ իրենց կամքի արտահայտությունը անբարո կեղծելու դեմ: Նկատենք, որ քաղաքական բողոքը եզակի չէ, այլ նույն հենքով ժողովուրդը ապստամբել է նաեւ 2003 եւ 2008թթ. նախագահական ընտրությունների առնչությամբ, ինչը ռեժիմը ճնշել է բռնարարքների գործադրմամբ եւ արյունալի կոտորածով:

Ըստ այդմ, ժողովուրդը տեւական պատանդ է ռեժիմի ձեռքին, այլ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, ով պայքարում է արդարության համար: Իսկ եթե տնտեսությունը ավերման եւ կողոպուտի պատճառով նույն ռեժիմը ազգաբնակչության 36 տոկոսը կամ ավելի քան 1 միլիոն քաղաքացիների հասցրել է աղքատության եւ գործազրկության, ովքեր հարկադրված լքում են հայրենիքը կամ ինքնասպան լինում, այդ գործողությունները եւ տարրերը համընկնում են դիվերսիային, եւ երկիրը բնաջնջողը ռեժիմն է:

Հիմա անդրադառնանք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի առաջարկներին կամ պահանջներին, ինչը վիճարկում է իշխանության վերնախավը: Նկատենք, որ տարբեր առիթներով հայտարարած՝ նոր նախագահական ընտրություններ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ եւ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու առաջարկները սահմանադրական բնույթ ունեն: Ըստ այդմ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ նշանակելը անընդունելի է, որովհետեւ դա նշանակվում է, եթե քվեարկվել են երկուսից ավելի թեկնածու եւ նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ (Սահմանադրության 31 հոդված): Անկախ ԿԸՀ-ի հայտարարությունից, թե գործող նախագահի օգտին քվեարկել են անհրաժեշտ թվով ընտրողներ, երբ ասվում է ընտրությունների արդյունքները կեղծվել են, ապա անհրաժեշտ թվով ընտրողների հարաբերակցությունը ինքնին խախտված է եւ պարզ չէ՝ անհրաժեշտ թիվը ստացել է Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կազմակերպի՞չը, թե՞ գործող նախագահը:

Նոր նախագահական ընտրություններ նշանակելու առաջարկը նույնպես անընդունելի է, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել հանրապետության նախագահի ընտրվելու մասին, իսկ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանը գործ է ընդունել քննության եւ որոշում ընդունել, որ գործող նախագահը վերընտրվել է:

Արտահերթ նախագահական ընտրություններ նշանակվում է նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57 հոդվածով սահմանված կարգով՝ նրան պաշտոնանկ անելու պարագայում (երբ կատարել է պետական դավաճանություն կամ ծանր հանցագործություն, Սահմանադրության 53 հոդված): Ներկայումս այս հիմքերը նույնպես չկան: Սակայն տարբերակը կառուցողական է՝ իշխանությունը յուրացվել է ընտրությունների արդյունքները կեղծելու միջոցով, ինչը ծանր հանցագործություն է (Քրեական օրենսգրքի 300 հոդված):

Իմ կարծիքով, քաղաքական խորհրդակցությունները, որը ավելի քան ամիսուկես շարունակվում են Ազատության հրապարակում, ինքնին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու հիմք չի կարող հանդիսանալ եւ, դրանից երկյուղելով, ոչ նախագահն է հրաժարական տալու, ոչ էլ նրան պաշտոնանկ անելու միջոց է:

Ստեղծված իրադրությունում նախագահին պաշտոնանկ անելու մոդելը պետք է տեսնել հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը զավթելու ծանր հանցագործությունը բացահայտելու եւ փաստը հաստատելու մեջ: Դրա համար օրինական ճանապարհով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես ֆիզիկական անձ, կամ նրան սատարող քաղաքական ուժը՝ որպես իրավաբանական անձ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177, 178 հոդվածների կարգով, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու մասին   կարող է փաստարկված հաղորդում ներկայացնել պատկան մարմիններին եւ պահանջել օրինական հետաքննություն:

Քրեական գործ հարուցելու առիթները ու հիմքերը բավարար են եւ հաղորդմանը ընթացք է տրվելու անհապաղ կամ 10-օրյա ժամկետում: Ի տարբերություն Սահմանադրական դատարանի, որը եզրակացություններ եւ որոշումներ կայացնում է ներկայացված ապացույցների հիման վրա, նախաքննությամբ ձեռք են բերվում ապացույցները: Փետրվարի 18-ին կատարված հանցագործությունը բացահայտելու նախադրյալները հուսալի են եւ քրեական գործի պարագայում պարտավոր են բացել քվեաթերթիկների պարկերը եւ կատարել վերահաշվարկ, ինչպես նաեւ զննել քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակները:

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մյուս խումբը կամ համալիր ծրագիրը եւ իշխանությունը կիսելը (իր առաջադրումով գլխավոր դատախազ, ազգային անվտանգության ծառայության պետ եւ այլ պաշտոններում նշանակելը) ոչ սահմանադրական են եւ օրենքից չեն բխում: Քաղաքականության մեջ նման պրակտիկան նշանակում է կոմպրոմիս, փոխզիջում: Իմ պատկերացմամբ՝ իշխանությունները հանգուցային համակարգերը չեն զիջելու, իսկ եթե հրաշքով համաձայնությունը կայանա (չնայած նրան, որ Րաֆֆին պահանջում է պաշտոնները եւ արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը), ապա ընդունվում է նախագահական ընտրությունների արդյունքները եւ վերանում է արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու անհրաժեշտությունը: Իմիջիայլոց, քաղաքական ճգնաժամի առնչությանը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու ՀՀԿ խմբակցության առաջարկին, ՀԱԿ-ը պատասխանել է հստակ՝ օրակարգում լինելու են միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նշանակման հարցերը: Քաղաքականության մեջ սա էլ կոչվում է կոմպրեսսիա, սեղմել: Իշխանությունը յուրացրել են, առիթը կա, չպետք է նահանջել:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930