Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է տարբերակել բարձրարվեստ երկը խուժանությունից»

Ապրիլ 05,2013 14:47

Արքմենիկ Նիկողոսյանի համոզմամբ, ոսկեղենիկ հայերենով էլ կարելի է գարշելի գաղափար արտահայտել

Գրականագետ, գրաքննադատ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, թե գրող եւ քաղաքացի հարաբերությունների կամ դրանք բարենորոգելու խնդիր չկա. «Բարենորոգումը պետք է լինի նախ մեր ընկալումներում: Հասարակությունը պետք է սովորի մի փոքր այլ աչքերով նայել գրողին եւ նրա գործառույթներին՝ անկախ պետականության պայմաններում»: Արդյոք գրողը պե՞տք է լինի «հասանելի»: Գրականագետի համոզմամբ, տեսակի խնդիր է. «Բազմաթիվ օրինակներ ունենք, երբ որոշ գրողներ, շփման համար «փակ» իրենց վարքագծով ավելի մեծ ազդեցություն ունեն, քան նրանք, ովքեր ավելի «բաց» են: Պատահում է, երբ գրողները փակված մնում են իրենց «քարանձավներում», ստեղծագործական աշխարհում ու լինում են գրողներ, որոնք իրենց բացության շնորհիվ կարողանում են ընթերցողական եւ գրողական ազդեցության դաշտի մեծ շրջանակ ապահովել: Մյուս կողմից էլ՝ այնուամենայնիվ, մի լավ խոսք կա՝ կտավը դիտելուց հետո, մի շփվիր նկարչի հետ: Նույնը կարելի է ասել նաեւ գրողների մասին. գրականությունը որքան էլ իր մեջ կրի անձնական, անհատական ենթաշերտեր, այնուամենայնիվ, մի փոքր հեռու է գրողից: Գրողի հետ հարաբերակցումը հնարավոր է որոշակի հիասթափություն առաջացնի ընթերցողի մոտ»:

Արքմենիկ Նիկողոսյանից կարծիք հարցրինք՝ այսօր կա՞ ընթերցանության ճգնաժամ, խոսքը զուտ տպագիր գիրք կարդալու մասին չէ: Նրա ձեւակերպմամբ, եթե հաշվի առնվի, թե ինչ անհագությամբ են կարդացվում որեւէ աստղի կամ քաղաքական գործչի կյանքի ինտիմ մանրամասների մասին նյութերը, ապա կարելի է ասել, որ ոչ թե ճգնաժամ է, այլ նույնիսկ «բում»:

Ինչ վերաբերում է գրականության ընթերցմանը, որը գրականագետը, Թումանյանի խոսքով ասած՝ Տիեզերքի ընթեցման հետ է համեմատում, ապա, նրա համոզմամբ, անկախությունից հետո ընթերցանության ճգնաժամը գնալով խորացել էր, եւ բարեբախտաբար վերջին 3-4 տարիներին հաղթահարվում է: Մեր զրուցակիցն ասում է, որ ընթերցանության ծավալները չպետք է չափել գրադարան այցելողների թվով կամ գրքերի տպաքանակով. «Այսօր կարդալու համար բազմաթիվ կրիչներ կան, համացանցը, էլեկտրոնային գրքեր եւ այլն: Ընթերցանության ճգնաժամի հաղթահարվելու գլխավոր չափորոշիչը պետք է լինի այն, թե ինչպես է արձագանքում հանրությունը նոր լույս տեսած գրքերին, ինչպիսին է գրական լավ կայքերի հաճախելությունը: Օրինակ՝ granish.org կայքը օրական 2500-3000 այցելու ունի, կամ էլեկտրոնային ամսագրեր կան, որտեղից բազմաթիվ ներբեռնումներ են լինում: Եթե 3-4 տարի առաջ 500 տպաքանակով գիրքը վաճառելը 3-4 տարվա խնդիր էր, մեր օրերում պատկերն այլ է: Օրինակ՝ 2 ժամում սպառվել է Արամ Պաչյանի գրքի 156 օրինակ, Հրաչյա Սարիբեկյանի վեպի 180 օրինակ, Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձից» ընդամենը 3 ժամում սպառվել է 225 օրինակ»:

Արքմենիկ Նիկողոսյանը վստահ է, որ գրականությունն էլ ունի PR-ի կարիք, եւ զարմանում է, որ գրականություն եկած նոր սերնդին գրականագետներից մեկը PR-շչիկներ է անվանել: Նա փաստում է, որ գրական դաշտ մտնելով, իրենց սերունդը, բացի գրական խնդիրներից, նաեւ ժամանակակից եւ դասական գրականությունը հասանելի դարձնելու մասին է հոգ տարել՝ օգտվելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: «Ցավոք, մեր հասարակական գիտակցության մեջ կա մի տաբու, թե գիրքը մի այլ կարգի սրբություն է, ու այդ սրբության արդյունքները ժամանակին տեսել ենք՝ մարդիկ գիրքը գնում էին իբրեւ կահույք կամ զուտ պահելու համար, որ հետո ասեին, թե տանը Նարեկացի կամ Աբովյան ունենք: Պետք է հասարակության եւ գրողի գիտակցության մեջ փոխվի մի բան, որ գիրքը եւս ապրանք է, գրողը չպետք է գրի ու մեծահոգաբար նետի իր ստեղծագործությունը հասարակությանը՝ առանց սպասելու կկարդա՞ն այն, թե՝ ոչ: Գրականության PR-ի արդյունքում է, որ այսօր ճանաչում են ժամանակակից գրողներին, մինչդեռ, եթե մի 3-4 տարի առաջ փողոցում կամ անգամ համալսարաններում հարցնեին ժամանակակից գրողների անուններ, կտային Մաթեւոսյանի, Սեւակի, նույնիսկ Թումանյանի ու Խորենացու անունները: Վստահ եմ, որ այսօր, եթե սոցիոլոգիական հարցումներ անցկացվեն, առնվազը 10-15 ժամանակակից գրողի անուն կտան, օրինակ՝ Արամ Պաչյանի, Լեւոն Խեչոյանի, Գուրգեն Խանջյանի, Հրաչ Սարիբեկյանի ճանաչելության ցուցանիշը բարձր է: Այսօր գրողն իրենից հետաքրքրություն է ներկայացնում: Մենք շատ ենք նկատել՝ երբեմն գրողի հարցազրույցը կամ գրողի մասին նյութը կայքերում 10-20 անգամ ավելի են դիտել, քան, դիցուք, Արամեի, Շուշան Պետրոսյանի, Ռազմիկ Ամյանի մասին նյութերը»,- փաստեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, որն է բառօգտագործման ազատության եւ պոռնոգրաֆիայի սահմանը: Արքմենիկ Նիկողոսյանի ձեւակերպմամբ, աշխարհի բոլոր գրականություններն ունեցել են որոշակի տաբուներ՝ բառընտրության հետ կապված, որոնք ժամանակի ընթացքում հաղթահարվել են. «Խնդիրը բառերը չեն, այլ պատկերը, պատկերի գեղագիտական դիրքը, տեղը՝ ստեղծագործության մեջ»: Գրականագետի ասելով, ոսկեղենիկ բառերով էլ կարելի է գարշելի ինֆորմացիա փոխանցել, եւ հակառակը. «Երբ որ պատկերի գեղագիտական նպատակը ստեղծագործության մեջ արդարացված է, այդ դեպքում բառերը չէ, որ գալիս են օգնելու կամ փրկելու»: Նա օրինակ բերեց Դանիել Վարուժանի «Ով Լալագե» ստեղծագործությունը. այն 1909թ. «Գեղարվեստ» հանդեսում տպագրվելուց հետո արժանացել է Շիրվանզադեի խիստ քննադատությանը, բանաստեղծությունը որակվել է պոռնկագրություն, իսկ հեղինակը հասարակ էրոտոման, որն իր սեռական կրքերն է ի ցույց դրել: Իսկ 1945թ. Պարույր Սեւակը նույն գործը համարել է կնոջական բեղունությանը, ծաղկունքին, զարթոնքին նվիրված ամենաշքեղ բանաստեղծությունը՝ համաշխարհային գրականության մեջ: «Շատ բաներ, որ այսօր ընկալվում են պոռնոգրաֆիկ, վաղը գուցե այդպիսին չընկալվեն, բայց նաեւ կարեւոր է տարբերակել բարձրարվեստ գրված երկը՝ խուժանությունից»,- նշում է Նիկողոսյանը: Նրա խոսքով, արդեն անցել են ժամանակները, երբ «ամեն մի բլոգ մրոտող» կարող է հավակնել գրող լինելու կոչմանը՝ գործի դնել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Համացանցում գրականություն փնտրողներն արդեն այլընտրանք ունեն:

Անդրադառնալով գրականության մեջ «հայրեր եւ որդիներ» խնդրին, գրականագետը նշեց, որ երիտասարդ սերունդը ավագին մերժելու կամ հակադրվելու խնդիր չունի, քանի որ ավելի կարեւոր հարց է ծառացած բոլորի առաջ՝ համախմբումի քաղաքականությունը եւ պետականության կառուցումը:

Խոսելով բազմիցս արծարծվող այն թեմայի մասին, թե գրողը պիտի լինի նաեւ քաղաքացի, Արքմենիկ Նիկողոսյանը նշեց. «Գրողն ուզի-չուզի՝ քաղաքացի է, ուղղակի քաղաքացի կոչվածի ընկալումներն են խախուտ: Մենք ի՞նչ ենք ուզում գրողից, որ ինքն անպայման սովետական ժամանակների մայիսի 9-ի, նոյեմբերի 7-ի ցույցերի պես քայլի ժողովրդի առջեւով եւ ասի՝ կեցցե կոմունիստական կոսակցությո՞ւնը: Ճառելու հարթակները քաղաքական գործիչներինն են: Միեւնույն է՝ իշխանություններն անցողիկ են, պետականությունն է մնայուն, իսկ գրողը ճառելուց, քաղաքականության խմորումների մեջ մտնելուց առաջ ունի ամենակարեւոր խնդիրը՝ պետականությունը կայացնելը: Թող ո՛չ մի իշխանություն հավակնություն չունենա ասելու, թե ի՛նքն է կայացնում պետականությունը: Պետականությունը կայացնում են գրականությունն ու մշակույթը: Եվ հայ գրողը, ինչպես միշտ, այսօր էլ լծված է այդ նվիրական գործին: Իհարկե մեկ-մեկ նրանց տեսնում ենք հրապարակներում, որովհետեւ իրենք գրող լինելուց զատ՝ մարդիկ են, որոնց նյարդերը մեկ-մեկ չեն դիմանում ու գնում են Ազատության հրապարակ: Բայց դա չի նշանակում, թե Ազատության հրապարակ չգնալը հանցանք է, որովհետեւ էսպես թե էնպես գրողն իր գործն անում է, իսկ գրողի քաղաքացիության լավագույն գրավականը իր գրականությունն է»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում. գրականագետը՝ դստեր հետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930