Կամ արտիստի ու մի հանդիսականի համակրանքի պատմությունը
Թատերարվեստում կամ երաժշտարվեստում մեծ ճանաչում ու սեր վայելող արվեստագետը դահլիճ է բերում երկրպագուների որոշակի զանգված: Բացառիկ են այն դեպքերը, երբ նվագախմբի արտիստը հանկարծ «պարտադրում» է սեւեռվել իր վրա, ավելին՝ մշտապես դահլիճ բերելով մեկին, որը գալիս է ոչ միայն «բազմության» մեջ տեսնելու նրան, այլեւ մատուցելու նամակ՝ սիրային բանաստեղծությունների տեսքով: «Առավոտը» նման փաստ է արձանագրել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ, ջութակահարուհի Արեւ Ավանեսյանի (նկարում) դեպքում:
Երաժիշտը Ֆիլհարմոնիկում աշխատում է 1990-ականների սկզբից, նվագախմբի հետ շրջագայել է տարբեր երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, Թուրքիա, Հունաստան, Գերմանիա, Չեխիա եւ այլն: Մեզ հետ զրույցում ջութակահարուհին ասաց, որ ժամանակին ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի դասարանը, ստանալով մենակատարի որակավորում, երազել է սոլո կարիերայի մասին, սակայն դա չի ստացվել, քանի որ վաղ է ընտանիք կազմել եւ մեկը մյուսի հետեւից ծնվել են այսօր արդեն ապագա մարկետոլոգ Դավիթ որդին ու դուստրը՝ Աննան, ով աշխատում է Հանրային հեռուստատեսությունում իբրեւ հաղորդավարուհի: Արեւը փաստելով նվագախմբի արտիստի բարդ աշխատանքը, ասում է, որ լինում են օրեր, երբ փորձում են իր նախընտրելի ստեղծագործությունները, իսկ ինքը պարզապես չի ուզում, որ աշխատանքային ժամերն ավարտվեն: Շուրջ 20 տարվա փորձն էլ սովորական չի դարձրել իր սիրելի աշխատանքը, հակառակը՝ հուզմունքն է ավելացել եւ Ֆիլհարմոնիկի ամենուրբաթյա համերգների օրերին մոր պարտականությունները դնում է մի կողմ: Այս հարցում իրեն աջակցում են երեխաներն ու ամուսինը՝ ԵՊՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը:
Անդրադառնալով շուրջ մեկ տարի, յուրաքանչյուր համերգից առաջ իր աթոռի վրա դրված, նույն ձեռագրով, հետեւաբար՝ միեւնույն հանդիսականի նամակին, Արեւ Ավանեսյանն ասաց. «Արդեն մի քանի համերգ է, ինչ դադարել եմ բանաստեղծություններ ստանալ: Այդ մասին չէի բարձրաձայնում, որովհետեւ շատերը կամ չէին հասկանա, կամ ճիշտ չէին հասկանա: Գործընկերներիս, իհարկե, հայտնել եմ X հանդիսականից ստացած բանաստեղծությունների մասին: Տանն էլ եմ ասել, բարձրաձայն ընթերցել դրանք…»: Հարցին, թե այդ առիթով ի՞նչ կարծիք են հայտնել ամուսինն ու երեխաները, ջութակահարուհին պատասխանեց. «Մեր ընտանիքում հարգանք կա յուրաքանչյուրի ընտրած մասնագիտության հանդեպ: Իմ դեպքում՝ զգում եմ, որ դա մի տեսակ ընդգծված է: Ամուսինս ու երեխաներս ամեն ինչ անում են, որ հոգեկան աշխարհս խաղաղ լինի»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ շուրջ մեկ տարի, թեկուզ հետաքրքրությունից ելնելով, մտքով չի՞ անցել գոնե կուլիսներից մինչ համերգի սկսվելը տեսներ «միստր X»-ին: Մեր զրուցակիցը չթաքցնելով, որ բանաստեղծություն նվեր ստանալը իր համար հաճելի է, ասաց. «Թեեւ սեր է հորդում բանաստեղծություններից, այդուհանդերձ, երկարամյա այս «միջադեպը» զուտ սիրո հետ չեմ կապում: Գուցե այս ամենի մեղավորը նորին գերազանցություն երաժշտությո՞ւնն է կամ՝ դրա ազդեցությունը: Իսկ Ֆիլհարմոնիկի երկացանկը ընդգրկում է համաշխարհային դասական երաժշտության գոհարներից մինչեւ ժամանակակից հայ եւ այլազգի կոմպոզիտորների բարձր արվեստը»:
Ջութակահարուհուց խնդրեցինք՝ եթե հնարավոր է, ընթերցել «միստր X»-ից իրեն հղած բանաստեղծություններից մեկը: Արվեստագետը անգիր ընթերցեց մեկ բանաստեղծություն (դրանք գրված են ռուսերեն), որից մենք մտապահեցինք չորս քառյակում կրկնվող հետեւյալ տողերը. «…Բոլորին զարդարում է ջութակը, բայց ոչ ձեզ, դուք գեղեցիկ եք եւ առանց ջութակի… Բոլորին վեհացնում է ջութակը, բայց ոչ ձեզ, դուք վեհ եք ջութակից…»:
Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ով հայտնի է նաեւ իբրեւ կնամեծար, Էդուարդ Թոփչյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիքի է այս առիթով: «Ես միայն ողջունում եմ: Արեւը իսկապես արեւներից մեկն է մեր նվագախմբում,- պատասխանեց դիրիժորը, հավելելով, թե ինչ ասել է կանանց միամսյակ,- վեհը, գեղեցիկը, կիրքը՝ որ անբաժանելի են արվեստից, ասոցացվում են միմիայն կնոջ հետ: Եվ դեռ հարցական է՝ իրոք հանճարեղ կամ տաղանդավոր արվեստագե՞տն է այդպիսին, թե՞ այն նուրբ էակը, ով պատճառ է հանդիսացել գուխգործոց համարվող այս կամ այն ստեղծագործության»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ