Լրահոս
Օրվա լրահոսը

Ոգեւորության վնասները

Ապրիլ 05,2013 14:38

Չնայած ես Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չունեմ, եւ չնայած նրա հետ հնարավոր առնչություն ունեցող «բացահայտումների» մասին նյութը հայտնվել է մեր թերթում, ես առանձնապես ոգեւորվելու առիթ չեմ տեսնում: Ռուսաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ իրենք ունեն ինչ-որ նյութեր հայաստանյան ներկա եւ նախկին պաշտոնյաների չարաշահումների մասին, եւ որ այդ պաշտոնյաների շարքում, իբր, կա Ռոբերտ Քոչարյանի անունը: Նախ՝ շատ կցանկանայի, որ մեր ներկա եւ նախկին պաշտոնյաներով զբաղվեր մեր՝ հայաստանյան արդարադատությունը: Երկրորդ՝ մեղադրանքներն այնքան անորոշ են, որ հեռու գնացող վերլուծություններ, առավել եւս աշխարհաքաղաքական ընդհանրացումներ անելը վաղ է:

Ես միշտ փորձում եմ զգուշացնել մարդկանց, որ պետք չէ ժամանակից շուտ եւ չափից դուրս շուտ ոգեւորվել՝ հետո, երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում (իսկ սովորաբար 100 տոկոսանոց արդյունքն անհասանելի է), մարդիկ ընկնում են հիասթափության գիրկը: Երբ, օրինակ, «նախորդ» ընդդիմադիրներն ասում էին՝ կլինի «թեժ ամառ» կամ «թեժ ձմեռ», կամ երբ կանխատեսում էին, որ հաջորդ հանրահավաքը լինելու է «բեկումնային», նրանք վատություն էին անում թե իրենց շարժմանը եւ թե այն մարդկանց, ովքեր իրենց հավատում էին. երբ ձմեռը կամ ամառը թեժ չէր լինում, կամ՝ երբ հանրահավաքը բեկումնային չէր ստացվում, այդ մարդիկ իրենց զգում էին մոտավորապես այնպես, ինչպես մենք բոլորս՝ Հայաստան-Չեխիա վերջին ֆուտբոլային խաղից հետո: Հակառակը՝ որքան էլ քարոզչական առումով դա «անհետաքրքիր» հնչի, արատավոր համակարգը, որում մենք ապրում ենք, կարող է փոխվել միայն երկարատեւ ջանքերի շնորհիվ, եւ այդ ջանքերը միայն փողոցում չէ, որ պետք է գործադրել:

Հիմա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա կողմնակիցներն ասում են՝ ապրիլի 9-ին այս կլինի, այն կլինի, նրանք հաշվի չեն առնում, որ եթե ոչ մի բան չլինի (ինչի հավանականությունը շատ մեծ է), ապրիլի 10-ին կամ 11-ին մարդիկ նույն ոգեւորությամբ չեն գա, եւ նրանց այլեւս հնարավոր չի լինի «զբաղեցնել» հացադուլի նման ակցիայով:

Երեկ tert.am-ում մի տեղեկատվություն էր հրապարակված, համաձայն որի՝ «Գելափը» նախկին խորհրդային տարածքում սոցիոլոգիական հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե 12 երկրներից (նախկին 15-ը՝ հանած Մերձալթիկան) բնակիչների որ տոկոսն է հակված ընդմիշտ լքելու իր երկիրը: Ամենաբարձր ցուցանիշը հայաստանցիների մոտ է՝ 40 տոկոս: (Եկեք այս անգամ հավատանք «Գելափին»): Պատճառները, իհարկե, հայտնի են. նման տրամադրությունների հիմնական մեղավորը իշխանոթյունն է, որն, ըստ երեւույթին, ադեկվատ պատկերացում չունի երկրի իրական վիճակի մասին եւ անհաղորդ է մարդկանց կարիքներին: Բայց եկեք ընդունենք նաեւ, որ Հայաստանը վերոհիշյալ 12 երկրներից ամենաաղքատը, ամենաավտորիտարը, ամենակոռումպացվածը եւ ամենաանարդարը չէ: Բոլոր տապալված (failed) պետություններից Հայաստանը ամենատապալվածը չէ: Նույնիսկ մթնոլորտը մեզ մոտ ամենագաղջը չէ: Ո՞րն է, ուրեմն, հավանական պատճառներից մեկը: Իհարկե, դա լուրջ հետազոտություն է պահանջում, բայց փորձեմ ենթադրել, որ մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք՝ հայերս, չափից դուրս հեշտ ենք հուսավառվում եւ նույնքան հեշտ հիասթափվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (30)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Հարգելի հեղինակ, այս անգամ թույլ տվեք Ձեր հետ չհամաձայնվել – 20 տարվա ժամամանակահատվածը բոլորովին քիչ չե հիասթափվելու համար,նամանավանդ եթե դա կազմում է իմ ապրած տարիների մոտ մեկ երրորդը:

  2. Զավեն says:

    Պարոն Աբրահամյան, հայը մեծ մշակույթ ունեցող ազգ է: Միշտ ընտրում է լուսավորը: Մենք ընդունեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որովհետև քրիստոնեությունը, որը քարոզում էր նա, շատ գրավիչ էր մեզ համար: Այն, որ Աստծու առջև բոլորս հավասար ենք, բոլորս Աստծո որդիներն ենք, իրար քույր և եղբայր ենք:Մեր ազգի մեծամասնությունը գերադասում է արդարությունն ու ազնվությունը բարեկեցիկ կյանքին: տաիներին,Հայաստանում կար որոշակի արդարություն, շատ բարձրաստիճան պաշտոնյաների թոռներ, ինձ հետ միասին ծառի ճյուղեր էին հատում,իրենց տունը տաքացնելու համար, բազմահազարանոց հացի հերթերի էին մասնակցում:Ճիշտ է բոլորս էլ փորձում էինք առանց հերթ մագլցել հացի փուռ և ձեռք բերել հաց կամ այլ սննդամթերք, բայց դա զուտ մեր ճարպկությաք շնորհիվ այլ ոչ թե պաշտոնի չարաշահմամբ:Ես երեխա էի և հիշում եմ, որ մի ոստիկանի հետ սղոցը իրար փոխանցելով ծառի ճյուղեր էինք կտրում:Ես հիշում եմ քաղաքապետարանը, հոսանքազրկված, սառը սենյակներով, դուրս եկած պառկետներով, խեղճացած, բայց մարդկային դեմք ունեցող աշխատակիցներով:Իսկ այսօր երբ նայում ես այդ, քաղքենի – ճոխ կահավորված սենյակներում նստած դատարկ, մեծամիտ,վայրենի,որոնց միակ նպատակը հարստանալու գործում, իրենց կոլեգաներից հետ չմնալն է և որքան հնարավոր է վերադասին հաճոյանալը:Ինչու է հայը գնում ուրիշ երկում մատուցող աշխատում, այլ ոչ իր երկրում, ոչ միայն որ ուրիշ երկրում ,աշխատավարձը նարձր :, Նա չի ուզում մատուցել, իր կյանքը, մատուցողի կյանք դարձնողին:Մի օր մենք կպատժենք մեր երկիրը ծնկի բերողներին:
    Պարոն Աբրահամյան,մենք շատ ենք դեգրադացվել,բայց պետք չէ մեզ համեմատել տաջիկների հետ:Դրա ժամանակը դեռ չի եկել և պետք է ամեն ինչ անել, որ չգա:

  3. Մարգար Մախսուդյան says:

    <>:
    Կարծում եմ, որ եթե միայն դա լիներ պատճառը, մենք ընդհանրապես արտագաղթ չէինք ունենա, քանի որ հերթական հուսահատությունից մինչև հաջորդ հուսավառությունն ընկած ժամանակահատվածը շատ ավելի կարճ է լինում, քան արտագաղթելու նախապատրաստական փուլը՝ 1- 2 տարի: Մինչև մարդը հասցնի արտագաղթել, կգա ՛՛հուսավառության՛՛ հերթական փուլը՝ և այսպես՝ շարունակ:
    Կարծում եմ դրդապատճառը շատ ավելի տրամաբանական հենք ունի. Մարդիկ այլևս չեն հանդուրժում ճորտի կարգավիճակն ու անպաշտպանվածությունը օրենքի առաջ: Որպեսզի ասածներս չափազանցություն չթվան՝ պատմեմ.
    Պատահականորեն իմ ծանոթ վարորդներից մեկի վարած ավտոբուսը բարձրացա և ողջունելուց հետո որպիսությունը հարցրի.
    – Ոնց պիտի լինենք՝ ճորտի պես, առավոտվա իննից մինչև իրիկվա տասներկուսն աշխատում ենք՝ առանց հանգստյան օրվա: Ամառը Էլիստա եմ մեկնում՝ մշտապես: Իմ ժամով կաշխատեմ, կուզի պասաժիր ըլնի, կուզի չէ:
    Իհարկե, սրտնեղեցի իր փոխարեն, սակայն չուզեցի ասել, որ ճորտերն անգամ ազատված էին կիրակի օրը աշխատելու պարտականությունից, իսկ Դուք ասում եք հուսավառությո՜ւն, ռոմա՜նտիկա, ի դեպ՝ մեկն էլ՝ նախորդ հոդվածը մեկնաբանելիս, ավելի էր առաջադիմել, արդեն բացատրում էր երազախափության առանձնահատկությունները:

  4. Gibindus says:

    “Նախ՝ շատ կցանկանայի, որ մեր ներկա եւ նախկին պաշտոնյաներով զբաղվեր մեր՝ հայաստանյան արդարադատությունը:”
    Շատ ճիշտ ա գրում Արամ ախպերս: Ես էլ կուզենայի: Օրինակ, ի՞նչ վատ կլիներ, եթե արդարադատության նախարարը բռներ Լիսկայի ախպեր Աղալարին ու ասեր`” Երիտասարդ, ինչու եք աշխատանքի ժամանակ խանութի սրահում բռնաբարում աշխատակցուհուն: Չէ որ դուք խափանում եք կոլեկտիվի կանոնավոր աշխատանքը:” Կամ գլխավոր միլիցեն (անունը չգիտեմ) բռներ Սերժի ախպեր Սաշիկին ու ասեր` “Ալեքսանդր, չէ՞ որ դուք ԱԺ անցել էիք Կապանից, հավաքելով 95%-ը ամողջ ձայների: Ինչու՞ տառերը չգիտեք:”Կամ… Մի խոսքով, ո՞րն ասեմ: Իսկ որ Արամ ախպերս գրում ա, որ “Նույնիսկ մթնոլորտը մեզ մոտ ամենագաղջը չէ”`լավ ա անում: Ինքը չափել ա: Պրիբոր կա`Գաղջոմետր ա անունը: Ղարաբաղցիքն ըն սարքալ: Ինքն ալ միացրալ ու չափալ ա: Բա…
    Իսկ հիմա անմիջապես հեռացրեք իմ գրած մեկնաբանությունը`այն վրավորանք և այլ վատ բաներ է պարունակում:

  5. Հրանտ Պապիկյան says:

    Դիմում եմ բոլոր “ծնկի իջած”, “նվաստացած”, հուսալքված և արտագաղթի համար ճամպրուկմերը հավաքած համաքաղաքացիներիս` մեկ անգամ էլ մտածեք, կարող է շտապում եք, և ամեն ինչ այնքան վատ չի, ինչպես Ձեզ ներշնչում եք: Մի հին կատակ կա, ” վերջին գնացողին խնդրվում է օդանավակայանի լույսերը անջատել”: ՈՒզում եմ զգուշացնեմ, որ պետք չի անհանգստանալ, և ոչ մի բան պետք չի անջատել: ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ…

    • Կարեն says:

      Մտածելու բան չկա․ Դրսում /Եւրոպա օրինակ/ կյանքը ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ավելի լավն է․ Առորյա, հասարակ հաշվապահի, վաճառողի, ինժիների կյանքը։ Էստեղ հարցը միայն ամեն մեկի բարոյական դիքորոշումների հակակշռի առկայությունը և չափն է․ Ընդհանրապես մտածելու բան չկա․ Իսկ էտ բարոյականը միայն նվազում է ժամանակի հետ քո հայրենիքում քո դերը չտեսնելով, ու քո ներդրումը անել չկարողանալով։

      • Հրանտ Պապիկյան says:

        Իմ հայրենիքում հա՞… մտածելու բան էլ չունե՞ս… տո դու աչքիս առօրյա հասարակ փողոց մաքրող էլ կաշխատես ՔՈ եվրոպայում, ինչ ասեմ, գաղթականի հոգի ունես, մեծ կորուստ չի ԻՄ հայրենիքի համար… давай, до свидания!

        • Կարեն says:

          Իմիջիայլոց, Ձեզ պես անտակտ եւ թույլ դաստիարակված մարդկանց ահռելի քանակն էլ է ԲՈԼՈՐԻՍ հայրենիքի ապաքայի վրա քար գցում: Ցավում եմ, որ ԲՈԼՈՐԻՍ հայրենիքի շենացման գործին հավատարիմ մնալուս պատճառով պիտի ժամանակ վատնեմ Ձեզ, Ձեզ նմանների հետ խոսակցություներին:

          • Հրանտ Պապիկյան says:

            Լավ ձև եք գտել` հայրենիքից հեռանում եք, բայց նրա “շենացման գործին հավատարիմ” մնում… հեռվից հայրենասեր չեն լինում: Ձևեր են դրանք:

  6. gago says:

    Հեղինակը մոռացավ նշել, թե ըստ Գելափի էդ 40%-ի քանի տոկոսն էր քաղաքական դրդապատճառով լքում երկիրը (եթե ճիշտ եմ հիշում 3%) և քանիսը հանուն երեխաների ապագայի “բարօրության”:

  7. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Եթե ես նախօրոք գիտեմ, որ տվյալ անվան կամ կեղծանվան տակ թաքնված ընթերցողի նպատակը ոչ թե նյութը քննարկելն է, այլ ինձ վիրավորելը, ես կարող եմ, չէ?, այդ անունը կամ կեղծանունը տեսնելիս գրառումը չկարդալ:

  8. Հայկ says:

    Իմ ուսանողական տարիներին (դրանք 80-ականների սկիզբն են եղել) Երևանում ցուցադրվում էր «Պրոֆեսիոնալ» գեղարվեստական ֆիլմը, որը մենք դասընկերներով մի 5-6 անգամ դիտել էինք: Այդ պարագայում իմ ընկերներից մեկը, որը նույնպես նույնքան անգամ դիտել էր ֆիլմը, մեզ համոզում էր էլի գնալ և դիտել: Մենք նրան ասացինք՝ հերիք է, արդեն շատ ենք նայել, ի՞նչ կա այնտեղ հետաքրքիր և նա պատասխանեց. «Հնարավոր է այս անգամ ֆիլմի վերջում Բելմոնդոյի հերոսին չկարողանան գնդակոծել և նա գուցե հասցնի նստել ուղղաթիռ»: Իմ կյանքի այս դրվագը ինձ սովորեցրեց մշտապես հուսալ և ոգևորվել: Մեր ընտրությունների պարագայում էլ արդեն 20 տարի է նույն սցենարն է՝ վերջում հերոսը հաստատ իրականում հավաքում է 50 տոկոսից ավելի ձայն և հակառակ դրան, միշտ հաղթող է հռչակվում մի այլ հերոս: Բայց չնայած այն բանին, որ սցենարները գրված են, ժապավեններն էլ նկարահանված և մոնտաժված, արժե գնալ ֆիլմը ևս մեկ անգամ դիտելու՝ գուցե մեր հերոսը հաղթի… (Իհարկե, ես իլյուզիաներ չեմ փայփայում, բայց ժողովրդական խոսքն ասում է՝ հույսը մեռնում է ամենավերջում): Կարծում եմ՝ մեր ժողովուրդը երբեք չի հուսահատվելու և չի հիասթափվելու: Եթե շատերը հեռանում են Հայաստանից, ապա հաստատ վերադառնալու հույսով: Ես հավատում եմ, որ մենք շուտով կունենանք իրապես ազատ և միացյալ Հայրենիք: Կեցցե համայն Հայությունը…

    • Մարգար Մախսուդյան says:

      Շնորհակալություն, Հայկ, թող լինի՝ ինչպես ասացիր…

    • Հրանտ Պապիկյան says:

      Դա շատ հին անեկդոտ է Հայկ ջան, և Չապաևի մասին է այլ ոչ թե Ժոսլեն Բոմոնի, որի դերը խաղում էր Բելմոնդոն: Թյուրիմացություն է եղել ուղղակի: Նույնպիսի թյուրիմացությամբ էլ միգուցե գլուխգովան հերոսներ են Ձեզ պատահել, Դուք էլ նրանց ազնվորեն հավատացել եք: Դուք Ձեր ընկերոջն կատակին էլ եք հավատացել: Հավատալ, որ կինոյի սցենարը այլ կերպ կընթանա, դա հույս չի, դա միայն կատակ կարող է լինել: Իսկ իրական կյանքում փոփոխություններ անպայման կլինեն, այ դրան սպասել և հուսալ անհրաժեշտ է…

  9. Արմ says:

    Իհարկե, ոգևորության վնասակար կողմը իրեն զգացնել է տալիս, երբ խոստացված հաղթանակի հաջողության սպասողի մոտ առաջացած հերթական հուսախաբությունը՝ հետևաբար և անկարողության զգացումը առաջացնում է տրամաբանական ռեակցիա՝ թքե՛լ ամեն ինչի վրա ու հեռանալ: Կարելի՞ է արդյոք մեղադրել այն ընդդիմադիր գործչին, որը բացառում է որևէ այլ վերջաբան՝ հաղթանակից բացի, նկատի ունենալով, որ ճառերում ու կոչերում կասկածանքով վերաբերվել սեփական հաղթանակին արդեն իսկ պարտություն է: Կամ կարելի՞ է մեղադրել այն բոլոր մարդկանց, ովքեր արդարության հաղթանակի հավատով հետևում են իրենց ընտրած առաջնորդին և անկեղծորեն հավատում դրա իրականացմանը, հաշվի առնելով, որ առանց այդ լիակատար հավատի որևէ արդյունք ուղղակի անիրական է: Դժվար է պատասխանել:

    • Արմ says:

      Բայց կա մի հանգամանք, որի վրա կուզենաի ուշադրություն հրավիրել: Ինչու՞ են ժողովրդի միասնության և արդարության կոչեր հնչում միայն նախագահական ընտրություններին: Ինչու՞ են այդ միասնության փորձերը բացակայում մնացած ժամանակահատվածում, երբ կարելի է ժողովրդին արդարության պահանջի կոչ անել պակաս նշանակալի, քան ընտրակեղծություններն են , բայց ակնհայտորեն շատ կարևոր այլ բացասական երևույթներին վերաբերվող հարցերի շուրջ: Ինչու՞ չի կարելի սկսել հաղթանակները ավելի փոքր մասշտաբներից, որոնք ավելի իրատեսական են, որոնց հիման վրա կարելի է կառուցել վստահություն և մեծ հաղթանակ տանող ճանապարհը ավելի իրականանալի դարձնել: Չէ որ փոքր հաղթանակները ենթադրում են ավելի մեծը և ցանկացած մեծ հաղթանակի հիմքում ընկած են ավելի փոքր, բայց նշանակալի ուրիշ հաղթանակներ: Չգիտես ինչու, բոլոր արդարություն պահանջող ընդդիմադիր առաջնորդները ուզում են չարիքի ՛՛՛ծառը կտրեն կացնի մի հարվածով՛՛՛ Միգուցե սա՞ է նրանց ՛՛՛ Աքիլեսյան գարշապարը՛՛՛

  10. Կարեն says:

    Ճիշտ եք պարոն Աբրահամյան: Հազար անգամ ճիշտ:

  11. Հայկ says:

    Հարգելի Պապիկյան, իհարկե, Չապաևի՝ կինոնկարում Ուրալ գետը չանցնելու հետ կապված երկու ընկերոջ իրական պատմության,այլ ոչ թե անեկդոտի մասին էլ գիտեմ, որը 70-ական թվականների սկզբին մեզ մեր դասղեկն էր պատմում: Բայց խնդիրն այն է, որ, եթե մարդը տրամադրված է որևէ խոսք հասկանալ «յուրովի», ապա այդպես էլ հասկանում է: Որևէ թյուրիմացության մասին խոսք լինել չի կարող: Նույն կերպ ես էլ իմ պատանեկության տարիներին չէի ցանկանում, որ ասենք օրինակ՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմում Գևորգ Սարոյանը գնդակահարվի կամ «12 աթոռ» ֆիլմում մեծ կոմբինատոր Օստապ Բենդերը զոհվի: Ինչ վերաբերում է պարծենկոտ հերոսներին, ապա կարծում եմ բոլորիս կյանքում այդպիսի հերոսներ հանդիպում են յուրաքանչյուր քայլափոխի և այնքան ենք իմաստուն, որ ամեն մի «հերոսի» ասածը «հալած յուղի» տեղ չենք ընդունում: Իսկ լավագույն սցենար գրողները (նամանավանդ մեր օրերում) հաճախ ավարտված կինոնկարների շարունակություններ են գրում, որոնք լավ են վերջանում (օրինակ՝ «Բաղնիքդ անուշ» գեղարվեստական ֆիլմի շարունակությունը): Այնպես որ՝ հաղթանակը դեռ առջևում է և այն Ձեզ հետ միասին ենք տոնելու…

    • Հրանտ Պապիկյան says:

      Սրտանց ցանկանում եմ, որ այսուհետ Ձեր սիրած բոլոր հերոսները ողջ մնան, մաղթում եմ Ձեզ բազում happy end-եր ֆիլմերում, կյանքում, երազում և արթմնի….

  12. Նունե says:

    Կարծում եմ պատճառնեից մեկը այն է, որ հայերը թասիբ չունեն, վախկոտ են, մտածում են միայն միօրվա կուշտ լինելու մասին, հանկարծ աշխատանքը չկորցնեն… Ու թքած, թե նրա ձայնը ընտրություններին կեղծում են, թքած թե նրան ամեն օր խաբում են, նրա իրավունքները խախտում են… ու ամենահեշտը երկիր լքելն է հնարավորության դեպքում… հա դժգոհում են տանը նստած, բայց վախից չեն գնա ապրիլի 9 ին Ազատության հրապարակ ի նշան, որ դեմ են կեղծ ընտրություններին, դեմ են կեղծ ընտրված նախագահին… ու այսպես անվերջ կշարունակվի… ցավալի է…

  13. alfred says:

    Իմ կարծիքով արտագաղթը խորհրդային միության ժամանակից է սկսած , վաթսունականներից սկսած մարդիկ սկսել են արտագաղթել ով կարողացել է, եթե սահմանները բաց լինեին այն ժամանակ էլ նույն թափով կմեկնեին, իսկ այն ժամանակվա գնացողները բնավ էլ սոված չէին

  14. Հայկ says:

    Հարգելի Նունե, խնդրում եմ Հայերին չվիրավորել: Բոլոր ազգերի մեջ էլ կան լավ և վատ մարդիկ: Հենց այն մտածելակերպն է վնաս տալիս մեր նկարագրին,երբ Ձեր ասած «անթասիբ» մարդկանց պատկերը տարածում եք մի ողջ ժողովրդի վրա: Չի կարելի այդպես անել: Այո, մեր շարքերում կան պատվազուրկ մարդիկ (թասիբը հայերեն չէ, ձգտենք չօգտագործել օտարաբանություններ), բայց դա չի նշանակում, որ մենք վախկոտ ենք և անպատիվ: Խնդրում եմ՝ եթե հայուհի եք, ապա այլևս երբեք նման կերպ չդատեք Ձեր իսկ ազգի մասին: Եթե մի պահ հուսահատվում եք ազգի հետ կապված խնդիրներում, ապա հիշեք, որ եղել են հզոր այրեր՝ Տիգրան Մեծ, Անդրանիկ,Նժդեհ, Գևորգ Չաուշ, Աղբյուր Սերոբ, Մոնթե և այլք և հզոր հայուհի տիկնայք ու աղջիկներ՝ Մամիկոնյան Մեծ Տիկին, Այծեմնիկ, Սոսե մայրիկ և այլ պանծալի հայուհիներ և այսօր կան Արցախյան ազատամարտի հազարավոր հերոսներ, ովքեր այսօր մեզ հետ են… կան արիասիրտ մտավորականներ, արվեստագետներ: Իսկ շատերի մեջ, ովքեր դեռևս Ազատության հրապարակում չեն, բայց սրտով մեզ հետ են, ՀԱՅ էությունը դեռ սպասում է իր ակտիվացմանը… Փառք Հայ ժողովրդին…(եթե գոնե Ձեզ վախկոտ չեք համարում,ապա Ձեր կեցվածքում օրինակ վերցրեք վերոնշյալ վեհանձն հայուհիներից…)

    • Հրանտ Պապիկյան says:

      Հայկ, օրինակ ես դեմ եմ Րաֆֆիին, դա իմ հստակ կարծիքն է, չեմ էլ թաքցնում: Դրանով ես արդեն Ձեր նշած “վատ”-երի ցուցակու՞մ եմ: Ես ազատամարտիկ եմ, այն էլ բազմաթիվ անգամ վիրավորված, պարգևատրված, բայց “Ձեր հետ” չեմ: Դրանով ես արդեն անթասիբ եմ և պատվազու՞րկ…: Ես այդ օրը հրապարակում չեմ լինելու, բայց ոչ թե այն պատճառով, որ ինձ համար մեկ է, կամ ինձ վախեցրել են, այլ որովհետև ես ԴԵՄ ԵՄ այդ միջոցառմանը: Ես վախկոտ եմ կամ ծախվա՞ծ: Իսկ ՀԱՅ էությունը իմ մեջ ակտվացած է շատ վաղուց, երբ Դուք դեռ ծնված էլ չէիք հավանաբար: Դուք, որ Նունեին դաս եք տալիս`ողջ ազգը մեկ պիտակով չորակելու, ինքներդ այն ընդամենը երկու մասի եք դասակարգում` “լավեր և վատե՞ր”…
      Ձեր հայրենասիրական ճառերը կարդալիս, ինձ թվում է մոտավորապես ՈՒիլյամ Վոլոսի կամ Վարդան Մամիկոնյանի` կենաց ևմահու պայքարի տոգորող խոսքերն են, ազատության հրապարակն էլ` Ավարայրը: Միգուցե նորից ինչ որ ֆի՞լմ եք դիտել: Բայց արդյո՞ք Ձեր ոգևորությունը վտանգավոր չէ, և դրանով հենց ինքներդ չե՞ք ապացուցում, որ “Ոգևորության վնասները” թեման այսօր շատ ակտուալ է:

      • Նունե says:

        Հարգելի Հրանտ, առաջին հերթին իմ հարգանքս եմ արտահայտում ՁԵԶ, որպես ազատամարտիկի: Շնորհակամլ եմ ամեն ինչի համար, որ արել եք մեր համար!!!

        Ես զգացել եմ, որ դուք չեք հավանում Րաֆֆիին և նրա գործունեությունը: Ես հարգում եմ ձեր կարծիքը: Ուղղակի մի հարց է ինձ հետաքրքրում. Դուք գոհ եք մեր համակարգից, գոհ եք ուր է հասել մեր երկիրը? Եթե Ոչ, բա ինչ կառաջարկեիք մեզ անել? Հարմարվել բոլոր անօրինականությունների հետ? Լուռումունջ տանել այս ամենը? Ես գնում եմ հրապարակ ի բողոք, որ մեր իրավունքները խախտվում են, ի բողոք շատ անիրավ գործողությունների: Հիմա Րաֆֆիի կամ մյուսի համար պայքարը չի, այլ հանուն արդարության պայքարն է…

        • Հրանտ Պապիկյան says:

          Նունե ջան, ոչ միայն գոհ չեմ, այլև շատ դժգոհ եմ, բայց մեր հայրենիքում տեղ գտած բազում խնդիրների լուծումը չեմ կապում Րաֆֆիի նախագահ լինելու հետ, և իրոք նրան չեմ հավատում: Եթե հրապարակում հարցը դրված լիներ երկրում անարդարությունների դեմ պայքարը, ես անպայման այնտեղ կլինեի: Բայց այնտեղ հարցը այլ կերպ է դրված` Րաֆֆի նախագահ, և ինչ որ ծիծաղելի երդմնակալություն: Բնականաբար ես դեմ եմ այդ ֆորմատին:
          Վերջերս Առավոտի մի հրապարակման տակ բավական թեժ բանավեճ եղավ: Ամալյա անունով մի ընթերցող ճիշտ նույն հարցը տվեց ինձ` իսկ ին՞չ ես կառաջարկեի: Չեմ ուզում նույնը կրկնեմ, բայց եթե հետաքրքիր է, կարդացեք նշված հասցեում`
          https://www.aravot.am/2013/03/21/217769/

          • Նունե says:

            O, sancta simplicitas!… Վայ, Հրանտ ջան, փաստորեն պատճառը այնն է, որ գործող նախագահը խաբար չի երկրի վիճակից…

            Շնորհակալություն, հիմա ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է…

        • Հրանտ Պապիկյան says:

          Որպես հակադարձում մեր նախկին դիալոգներից մեկին` շատ լավն էր, գնահատեցի’: Բայց ես այդքան պրիմիտիվ չէի մեկնաբանել: Նախ ես այդ միտքը սկսել էի “երբեմն ինձ թվում է” բառերով և որոշ չափով անտեղյակ լինելու պարագայում` դրական էի գնահատել հենց Րաֆֆիի դերը, նախագահի “աչքերը բացելու” համար, քանի որ` Potius sero quam nunquam- լավ է ուշ, քան երբեք: Ամեն դեպքում ես լավատես եմ: Հետագա կյանքը իհարկե մեզ ցույց կտա, մեզնից ով էր ավելի ճիշտ, քանի որ ժամանակը կյանքի լավագույն ուսուցիչն է` Tempus est optimus magister vitae.

  15. Նունե says:

    Հարգելի Հայկ, ես խոսում եմ մեծամասնության մասին: Ես շատ կուզենայի,որ շատ մարդ գար այդ օրը… Շատ կուզենայի սխալ լինել… ինչ վերաբերում է ինձ, ես գնալու եմ…

  16. Հայկ says:

    Հարգելի Նունե, Ձեր պատասխանից ես հասկացա, որ Դուք հայրենասեր հայուհի եք, ուղղակի Ձեր խոսքը փոքր ինչ հստակ չեք ձևակերպել: Կարծում եմ՝ համացանցում արտահայտվելիս պետք է զգույշ լինել, որովհետև հնարավոր է՝ այս մեկնաբանությունները կարդում են նաև հայերեն իմացող օտարները և նրանք կարող են ասված խոսքը սխալ հասկանալ: Ինչ վերաբերում է մեծամասնությանը, ապա հավատացե՛ք մեր ազգի մեծամասնությունը լավն է և մենք լավ քանակ ու որակ ունենք: Մենք հաղթելու ենք Նունե: Ուրեմն կեցցեք նաև Դուք, Արիասիրտ Հայուհի…

  17. Նունե says:

    Ուրախ եմ, որ հասկացաք ինձ: Ես անվանեցի այդպես այն մարդկանց, որոնց համար անտարբեր է մեր ապագան: Ես նորից կարդացի, և իրոք, այնքան էլ լավ ձևակերպված չէ: Չէի ուզենա օտարները իրենց ուզած ձևով հասկանային: Կխնդրեմ պրն Աբրահամյանին հեռացնել իմ առաջին գրառումը: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930