«Սարդարապատ» նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը «սարդարապատային» է:
«Ընդդիմության ոչ արդյունավետ քայլերի արդյունքում իրավիճակը հայտնվել է միշտ փակուղում: Ամեն 5տարին մեկ ժողովուրդը մոբիլիզացվում է նախագահական ընտրությունից ընտրություն` գիտակցելով, որ ամեն ինչ կախյալ է մի մարդուց: Մինչ օրս բոլոր ընդդիմադիր ուժերը գործել են միանման, ընտրություններից հետո հույսեր փայփայելով ՍԴ- ից եւ բացասական պատասխան ստանալուց հետո փորձել են ժողովրդի ընդվզումը փողոցում արտահայտել առանց նախօրոք կազմակերպվելու եւ վերջում էլ չեն կարողացել խուսափել բախումներից»,- այսօր «Վարկած» ակումբում ասաց պարոն Սեֆիլյանը:
Նրա գնահատմամբ, հերթական փակուղուց դուրս գալու համար պետք է արհամարհել իշխանությունների կողմից պարտադրված խաղի կանոնները եւ օր առաջ զուգահեռ իշխանություն ձեւավորել. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մեր առաջարկը փորձի եկող օրերին կյանքի կոչել, ապա շատ շուտ արդյունքի հասնելու հնարավորություն ունենք»:
Պարոն Սեֆիլյանը ապրիլի 9-ի հետ մեծ հույսեր է կապում. «Մեր պատկերացմամբ, այդ օրը պետք է լինի զուգահեռ իշխանություններ ձեւավորելու, ինքնակազմակերպման սկիզբը…ես համոզված եմ, որ այս պայքարի ավարտը լինելու է հաղթանակ»:
Կարդացեք նաև
Հարցին, թե Սերժ Սարգսյան- Րաֆֆի Հովհաննիսյան բանակցությունները էլ չե՞ն ստացվի ու արդյոք ապրիլի 9-ը կդառնա՞ ջրբաժան, պարոն Սեֆիլյանն ասաց. «Պարոն Հովհաննիսյանի առաջարկությունների գլխավոր նպատակը երկրի ներսում իշխանափոխության ընդունումն ու հանձնումը հնարավորինս փափուկ ձեւով ապահովելն էր…հույսեր փայփայել այդ երկխոսությունից, չեմ տեսնում: Իմաստ չունի՝ հայտնի գցող Սերժ Սարգսյանի հետ որեւէ բանակցության մեջ մտնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ