«Ապրիլի 9-ին ԱԺ արտահերթ նիստ է, ԱԺ պատգամավորները, ովքեր որ իրենց համարում են պատգամավոր եւ համարում են, որ երկրում պատասխանատվություն ունեն, բոլորը մասնակցելու ենք, ովքեր չեն մասնակցի, իրենք թող մտածեն»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ապրիլի 9-ին կայանալիք նախագահ Սարգսյանի երդմնակալության արարողությանն, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Լրագրողներից մեկը տարակուսեց՝ այսինքն, նրանք, ովքեր չեն մասնակցի, իրենք իրենց պատգամավոր չե՞ն համարում: Սուքիաս Ավետիսյանը փոքր-ինչ վրդովված ասաց. «Ցանկացած պատգամավոր, եթե ընտրվել է, ուրեմն պատասխանատու է երկրի բոլոր խնդիրների համար եւ ցանկալի կլինի, որ այո, բոլորը մասնակցեն, որովհետեւ դա կարեւորագույն տոն է մեր երկրի համար: Իսկ ովքեր չեն ուզում մասնակցեն, թող իրենք մտածեն: Պետք է հասկանանք, թե ինչու չեն մասնակցում»:
Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ կարող էին երդմնակալությանը 20-30 հազար մարդ հավաքել, ավելի շատ հնարավորություններ ունեն, «բայց այդ ճոխությանը չեն գնում», դրա համար էլ համալիրի փոքր դահլիճում են կազմակերպում արարողությունը:
Սուքիաս Ավետիսյանը վստահ է, որ Հովհաննիսյանի գլխավորած շարժումը աստիճանաբար մարում է. «Մարել է էլի. Րաֆֆին ցույց տվեց, որ ոչ մի ծրագիր չունի, միայն համբուրելն է մնացել, որ մարդիկ չմոռանան իր ողջույնները»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ ապրիլի 9-ին բախումներ չեն լինի: Քննարկմանը ներկա ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ այս առիթով նկատեց, թե պետք չէ կարծել, թե ԲՀԿ-ն չի մասնակցելու նախագահի երդմնակալության արարողությանը. «Քանի որ իրանց մոտ ամեն ինչ կիսատ-պռատ ա, կիսատ պռատ էլ կմասնակցեն»: Ի դեպ, Հովհաննիսյանը վստահ է, որ իշխանությունը պարզապես չի կարող հաշվի չնստել Ազատության հրապարակում նախագահ օծվելիք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնական սխալն այն է, որ նա պետք է ավելի վճռական գործեր: Մինչդեռ, հիմա Հովհաննիսյանը ստիպված է հաշվի նստել իշխանության հետ. «Որովհետև իշխանությունն ունի ռեսուրս՝ այլընտրանքային ուժի տեսքով՝ ԲՀԿ, և եթե Րաֆֆին հրաժարվի բանակցություններից ՀՀԿ-ի հետ, ապա ԲՀԿ-ին հնարավորություն կընձեռվի իր կողմը գրավել ընտրազանգվածին լայնամասշտաբ բարեգործություններով»:
Նրա կարծիքով, «Ժառանգությունը» ճիշտ կաներ, որ ընդհանրապես չմասնակցեր Երեւանի ավագանու ընտրություններին՝ դաշտը թողնելով նախագահական ընտրություններին չմասնակցած կուսակցություններին.«Կլիներ լուրջ քայլ երևանցիներին ընդառաջ: «Ժառանգությունը» պետք է հայտարարի, որ չի գնում: Չարեց՝ չի փրկվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ