Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Ֆեյսբուքում և ի՞նչ ունի ապացուցելու Րաֆֆի Հովհաննիսյանը

Ապրիլ 05,2013 13:23

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը, մեկնաբանելով ավագանու ընտրություններից քաղաքական ուժերի սպասելիքները, նշեց, որ ավագանու ընտրությունները ընդդիմադիր դաշտի համար ընկալվում են՝ որպես իշխանափոխության հանգրվան, իսկ իշխանությունն ասում է, որ այդ ընտրությունները քաղաքական չեն:

Էդ. Վարդանյանը մանրամասնեց. «Ինչպե՞ս կարող է քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ մի միջոցառում չլինել քաղաքական»: Կանխատեսումներ անելով՝ նա նշեց. «Իշխանական քաղաքական ուժը, կոնկրետ ՀՀԿ-ն, փորձելու է ամեն ինչ անել, որ ընդդիմադիր քաղաքական միավորներն ավելի քիչ ձայներ ստանան, քան ստացել են համապետական ընտրությունների ժամանակ, որ ցույց տան, թե Բարևի շարժումը մարում է, ընդդիմությունը թույլ է, որ իշխանության դիրքերն ամուր են և դրանով փորձելու են կանխել նաև հետագա ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող ակտիվ գործընթացները»:

Տեղափոխվելով ֆեյսբուքյան միջավայր՝ բլոգեր Տիգրան Քոչարյանը նշեց. «Մեզ մոտ դեռ քարոզչություն չի սկսվել, դեռ շարունակվում է խորհրդարանական ընտրությունների քարոզչությունը: Ֆեյսբուքում դեռ չի սկսվել սպիտակ փիառը, որևէ կուսակցություն որևէ ծրագիր չի ներկայացնում: Սկսվել է սև փիառը, չափերն անցնող, գռեհիկ, անկիրթ ու անդաստիարակ: Սա երկկողմանի է: Օրինակ՝ ԲՀԿ-ն հարձակվում է իշխանության ինտելեկտուալ մասի վրա, եթե սկզբում վարչապետն էր, հիմա ԿԳ նախարարը: ԲՀԿ-ն ունի նպատակ ապացուցելու, թե Րաֆֆիի հավաքած ձայները իրենը չեն, այլ ընդդիմադիր էլեկտորատի ձայներն են: ՀԱԿ-ն էլ ունի «Ժառանգությանը» ապացուցելու բան, այդ տեսանկյունից ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը դարձել են գործընկերներ: ՀՀԿ-ն բացի ՀՀԿ-ԲՀԿ լեզվակռվից, դեռ չի սկսել իր նախընտրական քարոզչությունը, նա փորձելու է դա անել սպիտակ փիառով: Րաֆֆին էլ պետք է ապացուցի, որ Երևանի 40 տոկոսն իր ձայներն են և պետք է պահել հրապարակը: Չեմ կարծում, թե ապրիլի 9-ով կվերջանա պրոցեսը: Վտանգավոր ընտրություններ են լինելու, քանի որ ֆեյսբուքյան բառապաշարից էլ է հայտնի, արդեն անցել են ընտանիքի անդամներին: Ֆեյսբուքում գաղջ մթնոլորտ է: Ֆեյքաբուծությունն է տիրում, չգիտես՝ որ մարդն է քեզ հետ խոսում: Ֆեյսբուքում որևէ մեկին որևէ բան համոզելը անիմաստ է: «Ժառանգության» դաշտը «Ժառանգությանն» է ընտրելու, ՀԱԿ-ը ՀԱԿ-ին, ԲՀԿ-ինը ԲՀԿ-ին: ՀՀԿ- ԲՀԿ բիլակների պայքար է գնում, խնդիր է դրված դուրսն ենք ակտիվ, թե ներսը»:

Aravot.am-ը Էդ. Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյոք, ինչպես Տ. Քոչարյանը նկատեց, Ր. Հովհաննիսյանն ավագանու ընտրություններում ապացուցելու բան ունի՞: Պարոն Վարդանյանը պատասխանեց. «Ր. Հովհաննիսյանն այսօր ընդդիմության առաջնորդն է, ընդվզող հանրության ներկայացուցիչն է: Ապրիլի 9-ը լինելու է նոր գործընթացի սկիզբ և համակարգափոխության հարց է դրվում: Իհարկե, այս շարժումը կարող է հաջողել այն դեպքում, երբ հնարավորինս լայն շերտեր միանան այդ շարժմանը և այստեղ կուսակցական դրոշները պիտի իջեցնել: Դա նշանակում է, որ ավագանու ընտրություններով պետք չէ չափել Րաֆֆիի գործունեությունը: Ինչ պարտադիր է, որ նման խնդիր դրվի, նա եղել է անձնավորություն, որին քվեարկել են ընդդիմադիր տարբեր խմբերի համակիրները: Բարև Երևան դաշինքը խնդիր չունի այնքան ձայն հավաքել, ինչքան Րաֆֆին է հավաքել: Այդպիսի խնդիր դրված չէ: Դրված է ավագանու ընտրություններում հաղթելու խնդիր, բայց դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Բարևի շարժումն ու հեղափոխությունը մեկ ամսվա ընթացքում լուրջ հաղթանակներ ու հաջողություններ գրանցի: Նույնիսկ, եթե Բարև Երևան դաշինքը չստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, բայց, եթե բարևահեղափոխությունը ընդհանուր առմամբ արձանագրի լրջագույն հաջողություններ, ՀԱԿ-ը, Դաշնակցությունն իմ կարծիքով կհամագործակցեն Բարև Երևանի հետ»:

Տ. Քոչարյանը հակադարձեց, թե ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ է համագործակցելու: Այնուհետև հավելեց, թե Ր. Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների ժամանակ եղել է «հակասերժ», ու նրա տոկոսներին միացել է ԲՀԿ-ինն ու Դաշնակցությանը, ուստի Ր. Հովհաննիսյանը՝ որպես «Ժառանգության» առաջնորդ, առնվազն ԲՀԿ-ից շատ ձայներ պիտի հավաքի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930