Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇՏՈՅԱՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Ապրիլ 05,2013 12:46

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ երեսունմեկերորդ

ԻՇՏՈՅԱՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Եթե հիշում եք, նախկինում էլ կյանքի ու մանավանդ մահվան մասին մտածելով՝ մշտապես ափսոսանք եմ հայտնել, որ ինձնից հետո անցկացվելիք  ֆուտբոլի աշխարհի մրցամարտերը չեմ վայելելու, բայց վերջին տարիներին էդ միանգամայն մարդկային ու միանգամայն ֆուտբոլային տագնապներս մեղմվել էին, որովհետեւ ֆուտբոլի աշխարհի վերջին առաջնությունները բավական բովանդակազուրկ ու բավական անհետաքրքիր էին, եւ վերջին երկու առաջնությունների ամենահետաքրքիր դրվագը Զիդանի գլխի հարվածն էր Մատերացիի փորին, ու էդ առաջնությանը հաջորդած խոսակցություններն էլ էին էդ դրվագի շուրջ պտտվում ու էդ դրվագով սահմանափակվում, եւ չնայած շատերն էին էն կարծիքին, որ Զիդանը Մատերացիին գլխով հարվածելով՝ միանգամայն ճիշտ ու միանգամայն տղամարդավարի վարվեց, այդուհանդերձ, չեք կարող չհամաձայնվել, որ Զիդանի գլխի էդ չափազանց դիպուկ հարվածը ֆուտբոլի հետ որեւէ առնչություն չուներ, եւ առավել եւս Մատերացիի հայհոյանքը ֆուտբոլի հետ որեւէ առնչություն չուներ, եւ չնայած էդ միջադեպի վերաբերյալ վերջնական կարծիք չունեմ, ինքս էլ եմ մտածում, որ Զիդանի գլխի էդ միանգամայն դիպուկ հարվածն իսկական ու մեծ ֆուտբոլի հետ որեւէ առնչություն չուներ, իսկ ինչ վերաբերում է երկու հազար տասնմեկի սեպտեմբերի վեցի՝ լույս յոթի գիշերը Հայաստանի հավաքականի տղերքի ցուցադրածին, էդ ցուցադրությունն ավելի քան ֆուտբոլ էր, եւ հիմա, երբ մերոնց էդ ցուցադրությունից հետո բավական խորը  քնել ու բավական հաջող էլ զարթնել եմ, կարծես էլի երազում գտնվելիս լինեմ, ու էս պահի երազս առանձնապես չի զիջում քնած վիճակում տեսած ֆուտբոլախառը երազիս, մինչդեռ երկուսն էլ էապես են զիջում առաջինին, որը երկու հազար տասնմեկ թվականի սեպտեմբերի վեցի՝ լույս յոթի գիշերը Հրապարակի «Վիվարոյի» ամենամեծ  էկանին տեսա, ու առ էս պահն էդ առաջին ու ամենաիսկական երազիս տպավորության տակ եմ, ու էդ երազիս վայրը նախապես ու գիտակցաբար էի ընտրել, որովհետեւ Հրապարակի «Վիվարոն» բուքմեյքերական մյուս բաժանմունքներից էականորեն է տարբերվում, քանի որ էստեղ, ի տարբերություն բուքմեյքերական այլ հաստատությունների ու բաժանմունքների, Հայաստանի հավաքականի մասնակցությամբ  խաղերն ամենամեծ ուշադրությանն են արժանանում՝ ոչ միայն էն իմաստով, որ դրանք, որպես օրենք, ցուցադրվում են տվյալ բաժանմունքի գլխավոր ու ամենամեծ էկրանին, այլեւ էն իմաստով, որ տվյալ բաժանմունքի աշխատողներն ու մանավանդ Արտակն ու Էդոն հայկական ֆուտբոլի իսկական ֆանատներ են եւ մերոնց խաղերի ժամանակ ավելի շատ մերոնց խաղի ու մերոնց հաղթանակի մասին են մտածում, քան՝ իրենց բուքմեյքերական եկամուտների, եւ Հայաստանի հավաքականի խաղերի ընթացքում խաղադրույքներ գրեթե չեն ընդունում, եւ եթե ընդունում էլ են, միմիայն Հայաստանի հավաքականի օգտին գրված խաղադրույքներ են ընդունում, ու նշածս էս հանգամանքներն են պատճառը, որ ես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերը Հրապարակի «Վիվարոյում» եմ նայում, ու երեկ՝ երկու հազար տասնմեկի սեպտեմբերի վեցին էլ Հրապարակի «Վիվարոյում» նայեցի, բայց երեկվա տեսածս  միանգամայն ու էականորեն էր տարբերվում  նախորդ տեսածներիցս, եւ երբ Սլովակիայի հետ մերոնց էդ դաժան խաղն ավարտվեց, եւ երբ կամաց-կամաց սկսեցինք մեր աչքերի տեսածին հավատալ, անմիջապես դուրս թռանք Հրապարակ, ուր արդեն  լիքը ժողովուրդ կար, եւ կենտրոնում մի քանիսն արդեն քոչարի էին բռնել, եւ ճիշտ էդպիսի ցնծություն մեկ էլ սրանից երեսունութ տարի առաջ եմ տեսել, ընդ որում՝ նույն էդ Հրապարակում, որն էն ժամանակ Լենինի անունն էր կրում, ընդ որում՝ երեսունութ տարի առաջվա էդ ցնծությունն էլ էր ֆուտբոլի առիթով, եւ  դա անցյալ դարի յոթանասուներեք թվականի աշնանային էն օրն էր, երբ «Արարատը» հրաշքով նվաճեց ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթը, ու էդ խաղն էլ  էինք Հրապարակի մոտերքում նայում, ավելի ճիշտ՝ լսում, իսկ ավելի ստույգ՝ էդ խաղի հիմնական ժամանակում տեղի ունեցած իրադարձությունները մեր կուրսի Մաքսիմի սեւուսպիտակ ու չափազանց խավար հեռուստացույցով տեսանք, ավելի ճիշտ՝ լսեցինք, եւ Մաքսիմի սեւուսպիտակ եւ խավար հեռուստացույցն Իշտոյանի առաջին գոլը կարգին ցույց չտվեց էլ, բայց հաղորդավարի աղաղակն ու ցնծությունն ավելի քան հստակ էին, եւ դրանք, բնականաբար, մեր՝ հայկական ռադիոյի հայ հաղորդավարի աղաղակն ու ցնծությունն էին, որովհետեւ, չնայած Մաքսիմի հեռուստացույցի ձայնը միանգամայն նորմալ էր, մենք Մաքսիմի հեռուստացույցի ձայնը դիտմամբ անջատել եւ ռուս հաղորդավարին լսելու փոխարեն՝ Մաքսիմի ռադիոյով մեր հայ հաղորդավարի  հոգոցներն ու աղաղակներն էինք լսում, եւ Իշտոյանի առաջին գոլի մասին մեր հայ հաղորդավարի աղաղակից ու ցնծությունից գլխի ընկանք, որովհետեւ, էլի եմ ասում, Մաքսիմի սեւուսպիտակ հեռուստացույցով  համարյա բան չէր նշմարվում, եւ մեզ ավելին պետք էլ չէր, եւ եթե մեզ ավելին պետք լիներ, կնստեինք մեր տներում ու մեր տների նորմալ հեռուստացույցներով ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ էդ խաղն ու Իշտոյանի էդ առաջին գոլը կտեսնեինք, բայց եթե մեր տներում նստեինք ու մեր տների նորմալ հեռուստացույցներով էդ խաղը նայեինք, միեւնույն է, Իշտոյանի երկրորդ՝ հաղթական գոլը չէինք տեսնելու, որովհետեւ, երբ էդ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց, մի քանի րոպե անց սկսվեց էդ երկրի     հեռուստատեսային հիմնական հաղորդումը՝ «Վրեմյան», ու մենք Մաքսիմի հեռուստացույցի մշուշապատ էկրանին  հայտնված Բրեժնեւին հայհոյելով՝ անջատեցինք Մաքսիմի էդ վիրտուալ ու ձեւական հեռուստացույցը, եւ էդ պահի մեր զայրույթն ու հայհոյանքներն էլ էին ձեւական, որովհետեւ մեզ համար էականն էդ խաղի արդյունքն էր, այլ ոչ թե՝ խաղը, եւ եթե մեզ խաղն ու խաղի բովանդակությունը հետաքրքրեին, կնստեինք մեր տներում ու մեր տների նորմալ հեռուստացույցներով էդ խաղը կնայեինք, ավելի ճիշտ՝ էդ խաղի հիմնական ժամանակի մեջ տեղի ունեցած իրադարձությունները կտեսնեինք, ու էլի լրացուցիչ երեսուն րոպեներին կատարվածն ու տեղի ունեցածը չպիտի տեսնեինք, որովետեւ էդ խաղի հիմնական ժամանակի ավարտից անմիջապես հետո, երբ Իշտոյանն ու մյուսները հանգստանում էին, սկսվեց էդ երկրի գլխավոր ինֆորմացիոն հաղորդումը՝ «Վրեմյան», բայց դա մեզ համար առանձնապես էական չէր՝ ոչ միայն էն պատճառով, որ Մաքսիմի հեռուստացույցով Բրեժնեւին ու Իշտոյանին հնարավոր չէր իրարից տարբերել, այլեւ էն պատճառով, որ նախքան «Վրեմյան» էլ հայկական ռադիոյի հայ հաղորդավարի միջոցով էինք խաղի հիմնական ժամանակի ընթացքում ծավալվող իրադարձություններին հաղորդակցվում, որովհետեւ մեզ համար կարեւորը ոչ թե էդ խաղի ընթացքն էր, այլ՝ էդ խաղի արդյունքը, ու մինչ Իշտոյանն ու մյուսները հանգստանում էին, մեր կուրսի Ժիրոն, մեր կուրսի Հրաչը, մեր կուրսի Մաքսիմն ու ես Մաքսիմի  մանկապարտեզում Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին ու իր ղեկավարած երկիրը քֆրտելով՝ մեր գարեջրերն էինք գերագույն հաճույքով ըմբոշխնում, ու էդ հսկայական մանկապարտեզը, որտեղ մեր կուրսի Մաքսիմը պահակ էր աշխատում, մեզ մեր ցնծությունն ու մեր վրդովմունքը արտահայտելու անսահմանափակ հնարավորություն էր ընձեռում, ու մենք մեր գարեջրերը գերագույն հաճույքով ըմբոշխնելով եւ Բրեժնեւին ու իր ղեկավարած երկիրը հայհոյելով՝ մեր հոգիների խորքերում մեր Աստծուց վերջնական հաղթանակ էինք աղերսում, որովհետեւ մենք արդեն երիտասարդ բանաստեղծներ ու մտավորականներ էինք եւ էդ եզրափակիչ մրցամարտի ամբողջ ընթացքում լավագույնս էինք գիտակցում, որ էդ հաղթանակը միանգամայն պատմական իրադարձություն է հանդիսանալու, եւ նմանապես գիտակցում էինք, որ մենք պատմական էդ բացառիկ իրադարձության անմիջական վկաներն ու կրողներն ենք, եւ մինչ Իշտոյանը հաղթական գոլը կկատարեր, մենք մեր գարեջրերը գերագույն հաճույքով ըմբոշխնելով՝ հընթացս նաեւ  էդ միանգամայն հնարավոր ու միանգամայն պատմական հաղթանակի պտուղներն էինք վաղաժամ վայելում, ու ես էդ հաղթանակին ավելի էի հավատում, քան՝ մյուս երեքը, որովհետեւ ես իրենց պես սկսնակ բանաստեղծ լինելով՝  նաեւ ֆուտբոլից էի քաջատեղյակ, ու մինչ մեր մարզական լրագրողներն էդ խաղից հետո մանրակրկիտ կվերլուծեին, ես էդ կարճ ընդմիջման պահերին արդեն հասկացել էի ու գիտեի, որ Սեւիդովը  ժամանակից շուտ իր թիմի հաղթանակն ապահովված համարելով եւ Բուրյակին ու մանավանդ Բլոխինին  ուրիշներով փոխարինելով՝ չարաչար սխալվեց, եւ հիմնական ժամանակի ամենավերջում Իշտոյանի խփած առաջին գոլը դրա առաջին ապացույցն էր, եւ հաջորդը հաջորդն էր լինելու, եւ չնայած էդ նրբությունները Մաքսիմից ու մյուս երկուսից լավ էի հասկանում, այդուհանդերձ, մտքիս մեջ մեր  Աստծուն  աղերսանքներ էի մրմնջում, եւ հիմնականում հույսս Ինքն էր, ինչպես նաեւ՝ Մաքսիմը, որովհետեւ Մաքսիմը էդ տարիքում արդեն ահագին հավատացյալ էր, եւ բնական է, որ իր աղերսն Աստծուն ավելի լսելի ու հասանելի էր լինելու, ու էդպես էլ եղավ, եւ երբ ավելացված երեսուն րոպեներն արդեն ընթացքի մեջ էին, եւ երբ Մաքսիմը մոմերը վառած՝ ինչ-որ բառեր էր մրմնջում, հանկարծ մանկապարտեզով մեկ տարածվեց հայկական ռադիոյի հայ հաղորդավարի աղաղակը, եւ էդ աղաղակն աննախադեպ էր՝ ինչպես որ Իշտոյանի խփած  էդ երկրորդ գոլն էր աննախադեպ, եւ չնայած հաղորդավար Լեւոն Դանիելյանն արդեն չկար, էդ նոր հաղորդավարի ճիչերն ու աղաղակները մեր ջահել ականջներին նույնքան  հաճելի էին, ինչքան՝ Լեւոն Դանիելյանինը, որովհետեւ Իշտոյանի երկրորդ գոլից հետո մենք արդեն որոշակիորեն հասկանում ու գիտակցում էինք, որ պատմական իրադարձության վկաներ ենք, եւ չնայած Մաքսիմի մանկապարտեզի էդ վիրտուալ հեռուստացույցով Իշտոյանի առաջին գոլը կարգին չէինք տեսել, եւ չնայած «Վրեմյայի» ու Բրեժնեւի պատճառով Իշտոյանի երկրորդն ընդհանրապես չտեսանք, Լեւոն Դանիելյանի արժանի փոխարինողի ամենավերջին ու ամենատեւական աղաղակից հետո հստակ հասկացանք, որ պատմական հաղթանակն արդեն իսկ տեղի ունեցած փաստ ու իրողություն է, ընդ որում՝ պատմական էդ հաղթանակը ոչ միայն բարոյական էր, այլեւ՝ միանգամայն իրական ու նյութական, եւ չնայած մենք երիտասարդ բանաստեղծներ էինք եւ ամեն նյութականի ու նյութավորի դեմ արդեն ընդդիմանում էինք, էդ օրվա միանգամայն նյութական ու նյութավոր հաղթանակն ամբողջ հոգով կլանեցինք ու ըմբոշխնեցինք, եւ քանի որ ջահել-ջահել արդեն բանաստեղծ ու մտավորական էինք, մեր հոգու ողջ ցնծությունը հաջողությամբ խոսքի ու տեքստի վերածելով՝ Մաքսիմի հոգապահուստ օղիով սկսեցինք չափազանց լուրջ ու չափազանց վերամբարձ կենացներ խմել:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ա. says:

    Ես չհասկացա, էս հոդվածը Իշտոյանի մասին է, թե Բրեժնևի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930