Այսօր «Դեբատ» ակումբում Ապրիլի 7-ին նվիրված քննարկման ժամանակ պատգամավորները մեծարեցին հայ կանանց, նշեցին նրանց առավելությունները, թերությունները:
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ հայ կնոջ վրա շատ մեծ բեռ կա. «Նա տարբերվում է իմ տեսած բոլոր կանանցից: Չեմ տեսել հայ կին, որն առաջինն իր ընտանիքը չգնահատի: Ես Շվեդիայում էի, այնտեղ քննադատել են, որ մեր խորհրդարանում կանայք քիչ են եւ դա կապում էին մեր հետամնացության հետ»:
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ յուրաքանչյուր օր էլ կարելի է կնոջը մեծարել: Դրանից իրենք ավելի լավն են դառնում:
Նա ցանկություն հայտնեց, որ խորհրդարանում ավելի շատ լինեն կանայք, որովհետեւ միջավայրն ավելի դրական է դառնում: Խոսելով ԲՀԿ խմբակցության պատգամավորների՝ Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի մասին, պարոն Էնֆիաջյանը նշեց, որ նրանց դերը խմբակցությունում շատ կարեւոր է: «Կնոջը կառավարելու 2 ձեւ կա, բայց ոչ ոք դրանց մասին չգիտի»,- կատակեց ԲՀԿ պատգամավորը:
Կարդացեք նաև
4-րդ գումարման ԱԺ պատգամավոր, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ «Մենք տարբեր ենք տղամարդկանցից, այդպես է մեզ ստեղծել Աստված, որովհետեւ այդպես ենք մենք ստեղծում ներդաշնակություն: Երբեք տղամարդը չպետք է մտածի, որ կինը գալիս է խլելու իրենից: Կինը գալիս է լրացնելու իրեն»:
Լարիսա Ալավերդյանը մի քիչ շուտ դուրս եկավ քննարկումից, ինչից դժգոհեց Լեռնիկ Ալեքսանյանը՝ ասելով, որ չհասցրեց լավ խոսքեր ասել իր անձի մասին: «Դեռ ժամանակ ունեք»,- վստահեցրեց տիկին Ալավերդյանը՝ ասելով, որ ապրիլի 7-ից մինչեւ մյուս մարտի 8-ը կանանցն է:
Նկարչուհի Լուսիկ Ագուլեսցին էլ վստահեցրեց, որ աջ ձեռքը տղամարդն է, ձախը՝ կինը: Կինը պտղաբերության ծառն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ