Կոմիտասի այգուն կից հատվածում գտնվում է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, իսկ դատարանից աջ, քիչ այն կողմ անցյալ տարվա սեպտեմբերից ընթանում են շինարարարական աշխատանքներ:
Խորեն Հակոբյանի նախագծած կուլտուրայի պալատի շենքի ետնամասում կառուցվում է Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտը:
Կապալառուն «Ագաթ 777» ՍՊ ընկերությունն է:
Աշխղեկ Կառլեն Սարգսյանն ասում է, որ մինչեւ այս տարվա օգոստոս մտադիր են ավարտել շենքի կառուցումը: Հայտնի է, որ շենքը լինելու է երկհարկանի, ընդհանուր մակերեսը 3000 քմ է:
Կարդացեք նաև
Նախագծի հեղինակը Արթուր Մեսչյանն է, որին շինարարները տեսնում են ամեն օր, շինհրապարակում: Թանգարան-ինստիտուտում կլինի երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն, դահլիճ, գիտագործնական կենտրոն:
Շինարարները մի քանի օր առաջ այգում՝ դատարանի դիմաց ջրագծի աշխատանքներ կատարելիս հայտնաբերել են մարդկային գանգ: Մեր նկարահանման ժամանակ մարդկային ոսկոր գտնվեց:
Հայտնի է, որ անցյալ դարի սկզբին տարածքը եղել է գերեզմանատուն, եւ հաճախակի են գտնվում գանգեր, ոսկորներ: Դրանք փշրվում են, բաժանվում մասերի, ինչպես օրեր առաջ գտնված գանգը: