ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենց տրամադրության տակ փաստաթղթեր կան, որոնց համաձայն՝ Հայաստանի նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաները մեծ յուրացումներ են արել եւ այդ գումարները տեղափոխել Ռուսաստան։ Ըստ հայտարարության՝ Ռուսաստանը շահագրգռված է այդ բացահայտումների եւ գողացված փողերը Հայաստան վերադարձնելու հարցում։
«ՉԻ» – Հեչ սիրուն բան չստացվեց։ Ճիշտ է, լրատվամիջոցները հիմա կարծիքներ են հայտնում, թե սա շատ ծանր հարված է հատկապես Ռոբերտ Քոչարյանի համար, բայց մեզ «նախկին եւ ներկա» բառակապակցության մեջ ավելի շատ «ներկա» բառն է հետաքրքրում։ Իսկ ովքե՞ր են ներկա բարձրաստիճան պաշտոնյաները։ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը։ Թարսի պես էլ՝ Եվրասիական միությանն անդամակցելու հարց կա օրակարգում։ Չէ, ոչինչ չենք ակնարկում։ Պարզապես ասում ենք, որ այս երկուսը «պա լյուբոմու» ե՛ւ ներկա իշխանություն են, ե՛ւ նախկին։ Այնպես որ՝ Ռուսաստանը կարող է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հեշտությամբ միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Եվ նույնիսկ վճարել դրա համար՝ Հայաստանից գողացված գումարներով։
«Չորրորդ ինքնիշխանություն»