Հայաստանի ներքաղաքական կյանքում շարունակաբար կրկնվող և հիմա էլ շարունակվող իրադարձությունները մեզ ու մանավանդ քաղաքական ուժերին ստիպում են արմատապես վերանայել ՀՀ ընտրական օրենսգիրքն ու արմատական փոփոխությունների ենթարկել այն: Սա ամենահրատապ խնդիրն է, որովհետև արդեն Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ընտրության արդյունք կասկածի տակ է առնվում ոչ միայն քաղաքական ուժերի, այլև ընտրողների ու քաղաքացիների կողմից:
Այս ընթացքում շատ է խոսվել ընտրակաշառքի և ընտրակեղծիքների մասին, և նույնիսկ ընտրություններում «հաղթածները» չեն ժխտում ընտրակաշառքի ու ընտրակեղծիքների գոյությունն ու առկայությունը, և գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ինչքան էլ էդ թեմայով գեղեցիկ ու կրակոտ ճառեր ասենք, դրանից ոչ ընտրակաշառքն է պակասելու և ոչ էլ` ընտրակեղծիքները, և, ըստ այդմ, հետայսու տեղի ունենալիք ընտրությունների արդյունքներին էլ որևէ մեկը չի հավատալու, մանավանդ` «պարտվածները», և «պարտվածներ» ասելով` առաջին հերթին ընտրողներին նկատի ունեմ, որովհետև, թեկուզև կեղծված ու անազատ ընտրությունների արդյունքում, «հաղթածներ», այնուամենայնիվ, լինում են: Եվ ինչքան էլ էս «հաղթողները» չակերտների մեջ առնենք, կեղծված ու անազատ ընտրություններում հաղթողներն ակնհայտորեն են շահում` նախագահ, քաղաքապետ, պատգամավոր և ավագանի դառնալով: Եվ կեղծված ու անկատար ընտրություններում երբեմն նաև որոշ ընդդիմադիրներ են շահում` պատգամավոր ու ավագանի դառնալով և հաջողության դեպքում էլ իշխանական կոալիցիա սողոսկելով կամ ինքզինքն իշխանության այլընտրանք հայտարարելով:
Այնպես որ, կեղծված ու անազատ ընտրություններում պարտվողը հիմնականում ժողովուրդն է, ավելի ճիշտ` ժողովրդի հիմնական մասը, ինչպես նաև` ընդդիմադիր գործիչներից նրանք, ովքեր կեղծված ու անազատ ընտրություններից ոչինչ չեն ստանում և իշխանության հետ էլ բազարների մեջ չեն մտնում (կամ` իշխանության հետ բազարների մեջ մտնելու հնարավորություն չեն ունենում):
Այսուհանդերձ, ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխման հիմնական պահանջատերը պիտի հանդիսանան պատգամավոր ու մանդատավոր արմատական ընդդիմադիրները` ոչ միայն այն պատճառով, որ իրենք ԱԺ-ում այս ուղղությամբ լուրջ քննարկումներ կազմակերպելու և ելույթներ ունենալու լայն հնարավորություններ ունեն, այլև այն պատճառով, որ ՀՀ ընտրական ներկայիս օրենսգիրքն արմատապես չբարեփոխելու դեպքում իրենք, ամենայն հավանականությամբ, այլևս խորհրդարանում չեն հայտնվի և մանդատի տեր չեն դառնա:
Կարդացեք նաև
Մեր ունեցած ընտրական օրենսգրքի լավագույնս բարեփոխման համար հիմա լավագույն պահն է, եթե, իհարկե, բոլոր կողմերը լրջագույնս հասկանան պահի լրջությունը:
Կյանքը ցույց տվեց և շարունակում է ցույց տալ, որ Հայաստանի իշխանություններն իշխանությունը կորցնելով` շատ արագ դառնում են ընդդիմություն և ընդդիմություն դառնալով` անմիջապես ընկալում են Ընտրական օրենսգրքի անկատարությունը: ՀՀ առաջին նախագահը վաղուց ընդդիմություն է, իսկ երկրորդը` արդեն գրեթե այլընտրանք: Վաղ թե ուշ նույն ճակատագրին կարժանանա նաև երրորդը: Սա, իմ կարծիքով, ոչ թե պարզունակ իշխանատենչության արտահայտություն է, այլ նաև` ժամանակին թույլ տրված սխալներն ուղղելու միանգամայն մարդկային ձգտում: Ի տարբերություն առաջին երկուսի, երրորդ նախագահն Ընտրական օրենսգրքը բարեփոխելու լայն հնարավորություններ ունի, որպեսզի հետագայում ինքը ևս չհայտնվի գործող օրենսգրքի անհարմարությունների առաջ:
Այսուհանդերձ, Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցում առաջին հերթին պիտի շահագրգիռ լինի հասարակությունը, այսինքն` ընտրողները, որովհետև, ինչպես արդեն ասացի, կեղծված ընտրությունների արդյունքում ամենախաբվածը ընտրողներն են, այսինքն բոլորը` ներառյալ ընտրվողները, հարուստներն ու աղքատները, մտավորականներն ու լրագրողները, որոնց քվեներն էլ են կորստյան ենթակա:
Իրականությունն այն է, որ, ինչքան էլ ընտրությունները կեղծվեն, կյանքը շարունակվում և նույնիսկ փոխվում է` ընտրողներին ու բոլորին նորանոր իրավիճակներ հրամցնելով, և Ընտրական օրենսգրքի պահանջներն էլ պիտի համապատասխանեցվեն փոփոխված իրավիճակներին` քաղաքական այս կամ այն ուժերի շահերից անկախ:
Ասածս մասնավորապես վերաբերում է ընտրություններին նախորդող լռության օրվան: Ընդամենը մի քանի տարի առաջ ընտրությունների նախորդ օրն իսկապես լռություն էր տիրում, և նմանապես ընտրությունների օրն էր քարոզչական լռություն սփռվում` տպագիր մամուլով և հեռուստաալիքներով:
Հիմա իրավիճակը բավական այլ է, որովհետև լրատվական կայքերն իրենց «տպաքանակով» արդեն ակնհայտորեն են հաղթել տպագիր լրատվամիջոցներին և լրատվության ու հրատապության առումով արդեն նույնիսկ հեռուստատեսությանն են հաղթում:
Վերջին նախագահական ընտրության օրն ու դրան նախորդող օրը տեսանք ու հասկացանք, որ «լռության օրը » լրատվական կայքերին չի հաջողվում լռություն պահպանել: Ճիշտ է, լռության երկու օրերին էլ լրատվական կայքերն օրենքին հավատարիմ մնալով` քարոզչությունից զերծ մնացին, այդուհանդերձ, կայքերում լռություն չպահպանվեց, որովհետև նախորդ օրերի քարոզչական նյութերը լրատվական կայքերի էկրաններից չեն ջնջվում և լռության օրերին էլ նույն ուժգնությամբ շարունակում են աղմկել ու ճչալ` լռության օրվա «լուռ» լրատվությանն ու թողարկումներին մերձ, և միայն բուռն քարոզչական և «լռակյաց» հրապարակումների ամսաթվերն ուշադիր զննելուց հետո ենք համոզվում, որ տվյալ լրատվական կայքը սրբորեն պահպանել է « լռության օրվան» ներկայացվող պահանջները:
Այսինքն, լրատվական կայքերում «լռության օրերը», փաստորեն, ձևական բնույթ են կրում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ կայքերի հաճախորդները «լռության օրերին» նախընտրում են կայքերի էկրաններից չիջած նախորդ օրերի բուռն քարոզչական հրապարակումները նայել ու վերանայել:
Այս առումով դժվարանում եմ որևէ բան առաջարկել: Բայց որ այս և Ընտրական օրենսգրքի այլ բարեփոխումների հարցում լրագրողներն էլ պիտի ակտիվ մասնակցություն հանդես բերեն, կասկածից վեր է:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
Ոսկան Երևանցի, մեծ էշը թողեցիք ախոռում: Էս մեր ամբողջ ընտրական արատավոր գործընթացում նկատեցիք միայն լռության օրվա հարցը: Միթե այնքան միամիտ եք` կարծելով, թե էտ հարցի լուծումից հետո ընտրական մեխանիզմը էականորեն կբարելավի:
Իմ կարծիքով, էսօր Հայաստանի Ընտրական Օրենսգրքում կա մի մեծ կարևոր հրամայական. այն է` ընտրություններից հետո հրապարակել ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակը: Այ եթե սա կարողանանք ապահովել, հավատացած եղեք, որ լռության օրվա հետ կապված խնդիրներն ինքնսնստինյան կլուծվեն: Այդ ժամանակ իշխանության` ընտրակեղծիքներ կատարելու հնարավորությունները կտրուկ կնվազեն ու մեռած հոգիների ու հանրապետությունից բացակայողների փոխարեն ոչ ոք չի կարող քվեարկել: