Gallup ընկերությունը (ենթադրաբար՝ իսկականը, եւ ոչ թե ընտրությունից ընտրության Հայաստանում փող աշխատող կոոպերատիվը) նախկին ԽՍՀՄ 12 հանրապետություններում հարցումներ է անցկացրել՝ պարզելու համար, թե որ երկրի բնակչությունը որքանով է հակված արտագաղթի։ Բացահայտ առաջատարը Հայաստանն է. մեր բնակչության 40 տոկոսը, պարզվում է, հնարավորության դեպքում կարտագաղթեր երկրից։ Համեմատության համար նշենք, օրինակ, որ Վրաստանում եւ Ադրբեջանում այդ ցուցանիշը 14 տոկոս է։
Որքան էլ Սերժ Սարգսյանր պնդի, որ արտագաղթի հիմնական պատճառը գաղջ մթնոլորտն է (տեսնես ո՞ւմ պատճառով է մթնոլորտն այդքան գաղջ), այնուամենայնիվ հասկանալի է, որ մարդիկ արտագաղթում են հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով։ Պարզապես չեն կարողանում ապրել Հայաստանում։ Նորմալ աշխատանք գտնելու հնարավորություն չկա, բիզնեսով զբաղվելու հնարավորություն չկա, վիճակն էլ օրեցօր վատանում է։ Բերենք մի քանի օրինակ։ Ապրիլի 1-ից Երեւանի շատ խանութներում թանկացումների նոր ալիք է սկսվել՝ թանկացել է հացը, ծխախոտը, ձավարեղենը, խմիչքը, ձեթը եւ այլն։ Պատճառները հայտնի չեն. թանկացել է, եւ վերջ։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային մուտքերն ավելացել են միանգամից 35-40 տոկոսով։ Եթե տնտեսությունն աճում է ընդամենը 7 տոկոսով, իսկ հարկերն ավելանում են 35-40 տոկոսով, նշանակում է՝ հարկային բեռը կտրուկ ավելացել է։ Այլ բացատրություն լինել չի կարող։ Թե ինչ հնարքներով ու ձեւակերպումներով է կառավարությունն ավելացրել հարկային բեռը՝ էական չէ, կարեւորը վերջնական արդյունքն է։ Իսկ Հայաստանում, հիշեցնենք, միջին աշխատավարձը 120-130 հազար դրամ է։ Դրանով գուցեեւ հնարավոր է ֆիզիկապես գոյատեւել, բայց համաձայնվեք՝ նման եկամուտով ապագայի ծրագրեր կազմել (ասենք՝ նորմալ կրթություն ստանալ, բնակարան ձեռք բերել, ընտանիք կազմել) հնարավոր չէ։ Հետեւաբար՝ բոլոր նրանք, ովքեր այդպիսի «հավակնոտ» ծրագրեր ունեն, պիտի հնարավորինս արագ հեռանան Հայաստանից, ինչը եւ անում են։
Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից։ Հասկանո՞ւմ է արդյոք այս ամենը Սերժ Սարգսյանը։ Դատելով վերջին ասուլիսից՝ չի հասկանում։ Նա, օրինակ, պնդում էր, որ մարդիկ ամենեւին էլ արդարության պակասի պատճառով չեն հեռանում Հայաստանից, որովհետև արտագաղթողները հիմնականում Ռուսաստան են գնում, իսկ այնտեղ արդարության առումով վիճակն ավելի լավ չէ (համենայն դեպս՝ հայերի համար): Այո, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում «արդարության» հասնել կարելի է միայն փողով՝ լինի դա ոստիկանության, դատարանների թե իշխանության տարբեր օղակների հետ հարաբերություններում։ Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Ռուսաստանում այդ փողը վաստակել հնարավոր է, իսկ Հայաստանում հնարավոր չէ։ Պարզ ասած՝ փող ունեցող հայը Ռուսաստանում ավելի պաշտպանված է, քան փող չունեցողը՝ Հայաստանում։ Դրա համար էլ մարդիկ գնում են այնտեղ, որտեղ պաշտպանված լինելու ավելի մեծ շանսեր կունենան։
Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Չորրորդ ինքնիշխանություն»