Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանցիներն ամենաշատն են ուզում արտագաղթել

Ապրիլ 05,2013 11:27

«Պատասխանատվությունը բառիս բուն իմաստով ընկած է և՛ իշխանության, և՛ քաղաքական ընդդիմության վրա, որն անընդհատ հուսադրելով՝ չի մոբիլիզացվում  այնպես, որ կարողանա  ինչ-որ խնդիր լուծել»,-ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Aravot.am-ի հետ զրույցում հայաստանցիների շրջանում արտագաղթի ցանկության  մեծ տոկոսի պատճառները վերլուծելով այսպիսի կարծիք հայտնեց:

Նշենք, որ ըստ Gallup կազմակերպության անցկացրած հարցումների`հետխորհրդային 12 երկրներից Հայաստանի բնակչությունը ամենաշատն է հակված արտագաղթելուն: Հարցված հայաստանցիների 40 տոկոսն ասել է, որ կարտագաղթեր:

Տիկին Խառատյանը կարծում է, որ 40 տոկոսը դեռ մի բան էլ նվազեցված  ցուցանիշ է: Մեր հարցին` արդյոք իրենց ուսումնասիրություններն է՞լ են ցույց տալիս, որ արտագաղթի հիմնական պատճառները սոցիալ-տնտեսական խնդիրներն են ու երեխաների ապագան, ինչպես հարցման արդյունքում է պարզվել, տիկին Խառատյանն այսպես պատասխանեց. «Երեխայի ապագա բառն ամեն ինչ է պարունակում, երեխայի կրթություն, սոցիալիզացիա, երեխայի կարիերա, և այլն: Սրանք բոլորը տարբեր պատճառներ են: Դա պարունակում է սոցիալական և քաղաքական խնդրներ, որոնք մեր երկրում չեն լուծվում: Այդպիսին է արդարության խնդիրը. տեսնում են՝ անարդար վիճակում է երեխան, ուստի արտագաղթում են երկրներ, որտեղ ավելի լավ արդարություն չկա, բայց միևնույն է՝ հակված են ընդունել ուրիշի, քան իր միջավայրի անարդարությունը: Մեր արտագաղթը հաճախ հղում են ազգային խառնվածքին, բայց իրականում պատմությունից էլ գիտենք, որ արտագաղթի պիկերը համապատասխանում են օտարների նվաճումներից հետո մեր երկրում հաստատված նոր բռնություններին. հարկային բեռը, ֆիզիկական գոյության տագնապները: Իսկ այդ բոլորն այսօր մեր երկրում կա: «Հարսնաքար» գնաս`կտան մարդու գլուխը կջարդեն, քաղաքական պատճառներով կտան, կսպանեն: Մեր երկրում պատմությունից հայտնի զավթված երկրի իրավիճակն է. ընդերքը, երկիրը տակից, վրայից զավթված է, մարդկային ռեսուրսը  գերշահագործվում է: Իսկ այս պայմաններում  մարդիկ միշտ են արտագաղթում: Եվ սա անվանել ավանդույթ կամ ազգային խառնվածք, մեծագույն ամոթալի երևույթն է: Մենք մեր երկիրը գաղութացրել ենք և դրանից ազատվելու ձգտումն անվանում ենք ավանդույթ»:

«Այ Փի Էս Սի»-ի տնօրեն, սոցիոլոգ, Հովհաննես Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նույն հարցի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրությունները արձանագրել են մոտավորապես նույն` 42 տոկոսը ու մանրամասնեց. «Նմանատիպ հարցով նույն պատասխանն ենք ստանում: Չգիտեմ` իրենք ինչ մեթոդաբանություն են օգտագործել, ինչպես են հարցը ձևակերպել, այնուամենայնիվ հիմքեր չունեմ արդյունքների վրա կասկածելու: Մի տասը օրից կհրապարակենք մեր ուսումնասիրության արդյունքները, մեզ մոտ էլ տնտեսական և սոցիալական պատճառները գերակայող են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930