Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Ինձ նույնիսկ ներս չեն թողնում «Երեւան» կինոստուդիա»

Ապրիլ 05,2013 11:12
xzmalyan

«Երեւան» կինոստուդիայի մասին օրեր առաջ ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ ֆեյսբուքյան էջում հայտնված աղմկահարույց գրառման հետ կապված՝ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռեժիսորի հետ եւ պարզել հետաքրքիր մանրամասներ։ Նախ ներկայացնենք գրառումը, այնուհետեւ զրույցը։

«Ես 1997–2005թթ. գլխավորում էի հեռուստաֆիլմերի «Երեւան» կինոստուդիան, Տեղեկատվության ու գրահրատարակչության վարչության համակարգում, եւ պաշտոնապես հաստատում եմ, որ ապօրինի դրամական փոխանցումների պահանջներ մեզ ներկայացվել են մշտապես, եւ ամեն ամիս աշխատավարձ ստանալու նախապայման էր հանդիսանում կինոստուդիա փոխանցվող գումարից 3– 5% կաշառք թողնելը՝ Հանրային հեռուստատեսության հաշվապահության միջնորդությամբ։ Մերժելու դեպքում «Երեւան» կինոստուդիայի աշխատավարձը ուշացվում էր շաբաթներով նվաստացնելով մարդկանց ու տապալելով ֆիլմերի նկարահանման ընթացքը։ Դրան հետեւեցին «տարածքային պահանջներ» Հանրայինի կողմից, գույքի ու սարքերի զավթում, մեր ստուդիան «լոտո» նկարելու սրահի վերածելու փորձեր։ Իմ դիմադրությունն առաջացրեց պատժամիջոցներ, որոնք 2000թ. սկսած բերեցին Հանրային հեռուստատեսության ու «Երեւան» կինոստուդիայի միջեւ կոշտ հակադրությանը, լույսի ու ջեռուցման անջատումով, մուտքը ոստիկաններով փակելով, նախագահականի, հարկայինի, վերստուգիչ պալատի անվերջ ստուգումներով, որոնք մի դեպքում տեւեցին 15 ամիս անընդմեջ։ Մենք շարունակում էինք աշխատել եւ միջազգային մրցանակներ ստանալ ֆիլմերի համար։ 2005թ. մարտի 1-ին ինձ ազատեցին գործից, իսկ «Երեւան» կինոստուդիան լուծարվեց։ Իսկ հեռուստամաֆիան դեռեւս մնում է անպատիժ»։

 

Պարոն Խզմալյան, էլ ի՞նչ փաստեր կան, որ տեղ չեն գտել Ձեր գրառման մեջ։

– Ես չեմ ասել միայն այն մասին, որ մենք չնչին, ծիծաղելի գումարներով նկարել ենք ֆիլմեր, որոնք ստանում էին մրցանակներ։ Այն, ինչ արեց Քոչարյանը «Հայֆիլմ»-ի ու «Երեւան» կինոստուդիայի հետ, ոճրագործություն է, մշակութային ցեղասպանություն։

Մենք ունեինք կինոարտադրություն Խորհրդային միության ժամանակ, եւ մորթել, սպանել դա… ես խոսքեր չեմ գտնում։ Մեղմ ասած՝ դա սպիտակ ցեղասպանություն էր։

Ինչո՞ւ եք այսքան տարի լռել եւ միայն հիմա որոշել բարճրաձայնել։

– Դուք երեւի տեղյակ չէիք այն պայքարի մասին, որ ընթանում էր այդ տարիներին, շատ երիտասարդ եք։ Այն ժամանակ լուսաբանվել է, թե մենք ինչպես էինք աշխատում, երբ ոստիկանությունը մեզ ներս չէր թողնում, թե ինչպես Հանրային հեռուստատեսության քմահաճույքով հոսանքազրկում էին եւ այլև, եւ այլն…

Մինչեւ հիմա իմ նկարած «Սեպտեմբեր» ֆիլմը գտնվում է Հանրային հեռուստատեսության նկուղներում։ Թույլ չեն տալիս այն երեւակել, մոնտաժել, ցուցադրել։ Ես բազմաթիվ անգամ դիմել եմ, բայց ինձ նույնիսկ ներս չեն թողնում։ Ես գնում եմ, ոստիկաններն ինձ ասում են՝ պարոն Խզմալյան, կներեք, չեք կարող ներս մտնել:

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930