Լրահոս
Օրվա լրահոսը

Փախիր, թե կարող ես

Ապրիլ 05,2013 11:04

ՀՀԿ-ն երեկ Գործադիր մարմնի նիստ է անցկացրել: Նիստը ուշագրավ է նրանով, որ տեղի է ունեցել այն օրը, երբ անակնկալ հայտարարություններով հանդես եկավ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գուլյաչենկոն: Նա հայտարարել էր, որ ունեն Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական չարաշահումների մասին փաստեր, որոնք ներկայացնելու են ՌԴ իշխանություններին, և որոնցում տվյալներ կան, թե ինչպես են անօրինական գումարները Հայաստանից տեղափոխվել Ռուսաստան: 

Դժվար է պատկերացնել, թե Հայաստանի իշխանությունները անկախության ողջ շրջանում երբ էին նման լրջագույն մեղադրանքի կամ սպառնալիքի արժանացել: Եվ այս ամենից հետ միանգամայն բնական է, որ ՀՀԿ գործկոմը պետք է հավաքվեր՝ իրավիճակը քննարկելու: Թեև պաշտոնապես նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված հարցեր, այնուամենայնիվ՝ որևէ կասկած լինել չի կարող, որ նիստի ընթացքում ինչ-որ կերպ անպայմանորեն շոշափվել է Ռուսաստանից արված հայտարարությունը:

ՀՀԿ-ականներն, իհարկե, ունեն խուճապի մատնվելու բոլոր պատճառները, ընդ որում՝ ոչ միայն ՀՀԿ-ականները, այլև հայաստանյան իշխանական շրջանակներում ազդեցություն ունեցած բոլոր գործիչները, մասնակցություն ունեցած և բիզնես-քաղաքականությունից դիվիդենդներ քաղած բոլոր ուժերն ու անհատները, քանի որ եթե նման կոմպրոմատի մասին նման կերպով հայտարարում է Ռուսաստանը, ուրեմն իրավիճակը իսկապես լուրջ է:

ՀՀԿ-ականները երևի թե ներկայումս սրտի դողով սպասում են, թե ում անունն է առաջինը դուրս հանելու ռուսական ռուլետկան: Ի դեպ, շատ հետաքրքրական է նաև, որ նախօրեին՝ այդ աղմկոտ հայտարարության օրը, Հայաստան էր ժամանել Իգոր Սեչինը: Սեչինը ՌԴ նախկին փոխվարչապետն էր, ներկայումս՝ «Ռեսնևտի» նախագահը: Սեչինը Պուտինի ամենավստահելի մարդկանցից մեկն է, և այն, որ նա Հայաստան է գալիս Ռուսաստանից եկած այդ հայտարարությանը զուգահեռ, կարելի է դիտարկել որպես բավականաչափ խոսուն փաստ:

Ի դեպ, այս ամենին զուգահեռ երեկ «Գելափը» հրապարակեց սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքներ, ըստ որի՝ հայաստանցիների 40 տոկոսը ցանկանում է արտագաղթել: Երեկվանից հետո, իհարկե, այդ ցուցանիշները կարող են զգալիորեն ավելացած լինել, որովհետև արտագաղթելու ցանկություն երևի թե առաջացած կլինի բազմաթիվ իշխանավորների մոտ, որոնք կփորձեն փախչել Հայաստանից, որպեսզի չընկնեն հնարավոր պատասխանատվության տակ:

Այս դեպքում, իհարկե, արտագաղթել ցանկացողների թիվը կարող է նաև էապես նվազել, որովհետև եթե հասարակությունը տեղեկանա, որ նախկին ու ներկա իշխանավորները ուզում են արտագաղթել, ապա ինքն արդեն ոչ միայն կմնա Հայաստանում, այլև նույնիսկ միանգամայն անվճար կերպով կկապի նրանց ճամպրուկներն ու գլխի վրա դրած կուղեկցի օդանավակայան:

Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930