Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է իշխանությունը պայքարելու արտագաղթի դեմ

Ապրիլ 05,2013 10:52

Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչպես են պայքարելու արտագաղթի դեմ, ինչպես են որոշելու թիրախային խմբերին, կոնկրետ արտագաղթողներին։ «Դրա համար մեթոդաբանություն կա մշակված, որով ծրագրի շրջանակներում նախ ռիսկի ենթակա, կյանքի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքների կարիքներն են գնահատվելու, որից հետո, ըստ գնահատված կարիքների, կնախանշվեն վերականգնողական անհատական ծրագրերը, որ պետք է իրականացվեն տվյալ ընտանիքի մասով։ Յուրաքանչյուր ընտանիքի մասով դա անհատական է լինելու եւ սոցիալական ծառայությունների այն փաթեթը, որ պետք է տրամադրվի այդ ընտանիքին»,-ասաց պարոն Ասատրյանը։

Իսկ արդյոք այս ամենը պարզապես գումարների լվացում կամ գումարների անիմաստ վատնում չէ. «Ժողովուրդ»-ի հարցին պարոն Ասատրյանը բացասական պատասխան տվեց. «Որպեսզի գնահատական տանք, պետք է նախ հասկանանք ծրագրի բովանդակությունը, թիրախները եւ ակնկալվող արդյունքը։ Այդ ամենը պետք է ամբողջականության մեջ նայել։ Միջազգային մեր գործընկերների կողմից սա նաեւ կարողությունների զարգացում է դիտարկվում։ Չէ՞ որ մենք նաեւ այդ խնդիրների մասին խոսում ենք։ Հիմա այս ծրագրի շրջանակներում քայլ է կատարվում, որպեսզի առնվազն այն խնդիրները, որոնց մասին տեղյակ ենք, փորձենք լուծումներ տալ»։

Ըստ Արտեմ Ասատրյանի՝ միայն ծրագրի մեկնարկից հետո է հնարավոր խոսել դրա արդյունավետության մասին։

Այս ամենը, այնուամենայնիվ, շատ անհամոզիչ է հնչում։ Մանավանդ, երբ իշխանությունների՝ որեւէ խնդրի լուծմանն ուղղված քայլերը սկսվում եւ ավարտվում են դասախոսություններով, հետազոտություններով եւ այսպես շարունակ։ Էլ չենք ասում այն մասին, որ միակ ոլորտը, որտեղ մասնագիտացել են այս իշխանությունները, գումարներ լվանալը, «ատկատներն» ու յուրացնելն է։

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930